Փոխվարչապետ. Հայաստանին ձեռնտու է առևտուր անել ՌԴ-ի հետ և լինել ԵԱՏՄ-ում
Տնտեսական առումով ՀՀ-ին ձեռնտու է առևտուր անել Ռուսաստանի հետ և լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում: Այդ մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, նախարար Վաչե Գաբրիելյանը: Գաբրիելյանի խոսքով, սկզբում Երևանում չէին գիտակցում, թե ինչպես Հայաստանը կարող է միանալ ԵԱՏՄ-ին, քանի որ երկիրը ընդհանուր սահման չունի ՌԴ-ի և ինտեգրացիոն միության անդամ այլ երկրների հետ:
<<Սակայն մեր երկրները մոտ են իրար ստանդարտների տեսանկյունից, մեր տնտեսությունները փոխլրացնող են և այլն: Այսինքն, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար շատ օգտակար է՝ մեր համար խնդիրը միայն լոգիստիկան էր>>,- նշել է Գաբրիելյանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ին միանալուց երեք ամիս անց, որոշակի դժվարություններ դեռևս մնում են. ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: <<Շատ հաճախ դրանք տեխնիկական խնդիրներ են՝ ինչ-որ թուղթ ժամանակին տեղ չի հասել և այլն: Սակայն դրանք լուծելու խնդիրներ են: Ամենակարևորը՝ ՀՀ-ին ձեռնտու է առևտուր անել ՌԴ-ի հետ և այդ ինտեգրացիոն միության մաս կազմել>>, - նշել է Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ դեռևս կարելի է խոսել ներուժի առկայության մասին, որը դեռ պետք է օգտագործվի: <<Ես այդպես էլ բացատրում եմ մեր բիզնեսմեններին՝ կան հնարավորություններ, սակայն չկան երաշխիքներ: Պետք է աշխատել մրցակցության պայմաններում՝ դա բարեգործություն չէ: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի շուկաներում տեղ գրավելու համար պետք է պայքարել>>, - նշել է Գաբրիելյանը: Նա նշել է, որ ՌԴ-ի պատասխան պատժամիջողների հետևանքով ռուսական խանութներից անհետացել են եվրոպական գյուղատնտեսական ապրանքները և Հայաստանը կարող է ավելացնել իր գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ռուսական շուկա:
<<Հայաստանը կարող է ռուսական շուկա արտահանել լոլիկ, վարունգ և այլ բանջարեղեն: Այսօր մեր կառավարությունը խրախուսում է արտադրողներին նոր ջերմոցներ կառուցել: Մեր մոտ ավանդաբար փոքր ջերմոցներ են՝ 500 մետրի սահմաններում, իսկ հիմա պետք է կառուցել մի քանի հեկտարի հասնող ջերմոցներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կբարձրացնեն դրանց արդյունավետությունը>>, - նշել է Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ ռուսական կողմից նույնպես նկատվում է հետաքրքրություն և հարցը կայանում է երկու երկրների բիզնեսմեններին միմյանց հանդիպացնելու մեջ: <<Դա կարող է արագացնել տնտեսական ինտեգրացիան: Մենք ունենք ֆերմերներ, որոնք պատրաստ են ՌԴ արտահանել մեծ քանակությամբ արտադրանք: Որպեսզի նրանք դուրս գան ռուսական ռիթեյլերների վրա, պետք է կազմակերպենք նրանց հանդիպումը: Ռուսական բիզնեսմենները կարող են գալ Հայաստան և տեղում տեսնեն, թե հայկական արտադրանքից որն է իրենց համար հետաքրքիր>>,-նշել է Գաբրիելյանը:
Փոխվարչապետը ասել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը իր մեջ նաև խնդիրներ է պարունակում: <<Օրինակ, խնդիր է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը թույլ չի տալիս նրան միանգամից դառնալ այդ տարածքի մի մասը: Մեզ անհրաժեշտ են հաղորդակցության ուղիներ միության մյուս անդամների հետ: Գոյություն ունի Վերին Լարսի անցակետ, սակայն բազմաթիվ պատճառներով դրա հնարավորությունները սահմանափակ են: Սակայն դա լուծելի խնդիր է և մեր բոլոր խնդիրները հենց այդպիսի բնույթ ունեն, լուծելի խնդիրներ են>>, - նշել է Գաբրիելյանը, հավելելով, որ Վերին Լարսի հզորությունները կարելի է ավելացնել՝ապահովելով <<կանաչ միջանցք>> հայկական արտադրանքի համար:
<<Այդ հարցով դրական որոշումը արդեն իսկ կայացվել է: Բացի այդ, Վերին Լարսում ստեղծվել է մաքսային կետ՝ ակցիզային արտադրանքի համար: Դա կարևոր է, քան որ ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվում գինի և կոնյակ: Իհարկե, Վերին Լարսի հնարավորությունները կմեծանային, եթե ճանապարհը լիներ ավելի լայն: Սակայն դա կիրճ է և ձմռանը ճանապարհը դառնում է ավելի դժվարանցանելի: Հասկանալի է, որ այդպիսի խնդիրների մի քանի ամսվա ընթացքում չի լուծվում, սակայն եթե հետևողականորեն և լրջորեն այդ հարցերով զբաղվել, ապա պայմանները, իհարկե, կբարելավվեն>>, - հավելել է փոխվարչապետը: