Նարիշկին. ԵՏՄ-ին անդամակցելու Երևանի որոշումը ՀՀ քաղաքացիների ընտրությունն էր
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) ինտեգրվելու ուղենիշը ՀՀ քաղաքացիների ընտրությունն էր: Այդ մասին Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկարման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցությունը կառուցվում է հավասարության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա, իսկ մյուս ինտեգրացիոն միավորումները պահանջում են ճանաչել իրենց գերակայությունը պետությունների ազգային շահերի նկատմամբ: "ԵԱՏՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ուղենիշը ՀՀ քաղաքացիների ընտրությունն էր: Նույն էր մինչ այդ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում: Մեր միության հիմքում ընկած են հավասարության, ինքնիշխանության, կամովին ընտրության և տնտեսական փոշխահավետության սկզբունքները", - նշել է Նարիշկինը:
Նրա խոսքով, ԵՏՄ-ի տարածքը զբաղեցնում է երկրագնդի 1/7-րդ մասը և այս պահին այն ստեղծում է համաշխարհային ՀՆԱ-ի 4%-ը: Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է նաև մշակութային, տնտեսական դարավոր կապերով: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ մասնակից երկրների հնարավորությունները կմեծանան աշխատուժի շուկայում և ապրանքաշրջանառության ոլորտում:
Նա նշել է, որ անելիքները շատ են, հատկապես անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցում, սակայն ակնկալիքները մեծ են, և ապագան՝ խոստումնալից: Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ներդրումը կունենա ԵԱՏՄ կայացման և զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական գնահատման նոր հիմքեր, և Հայաստանը, անդամակցելով այդ կառույցին, կդառնա առավել մրցունակ և գրավիչ տարածաշրջանում: ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ՝ հանդիսանալով տնտեսական աճի որոշակի խթան: Գալուստ Սահակյանը նշել է, որ պետք է նպաստել ինտեգրացիոն գործընթացի արագացմանը և կատարելագործել գործիքակազմը: ԱԺ նախագահը կարևորել է նաեւ հասարակության դերը ինտեգրացիոն գործընթացում: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կզգացվի տարբեր ոլորտներում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսականմիությունը դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և շահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ:
ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Նա ընդգծել է, որ մեր գերխնդիրն է արդարացնել ԵԱՏՄ անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները և նկատելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը: