24.11.2024
Միգրացիան Հայաստանից. Ո՞ւր և ինչո՞ւ են մեկնում հայ միգրանտները
prev Նախորդ նորություն

Աղբյուր. 102-րդ ռազմակայանի հրամանատար է նշանակվել Վլադիմիր Ուստինովը

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Վլադիմիր Ալեքսեյի Ուստինովը: Այդ մասին հայտնում է Արմինֆոն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Մինչ այդ, Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, Գյումրի Ավետիսյանների ընտանիքի սպանության հետաքննությունը անցկացնելու համար ստեղծված խորհրդարանական հանձաժողովի ռուսական կողմի համանախագահ Օլեգ Լեբեդևը հայտարարել էր, որ նոր հրամանատարը արդեն իսկ անցել է իր պարտականությունների կատարմանը: Սակայն նա չի բացահայտել նոր հրամանատարի անունը:

Հիշեցնենք, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանվել էր 6 հոգուց բաղկացած ընտանիքը: Ընտանիքի 7-րդ անդամ մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը մի քանի օրից մահացել է հիվանդանոցում: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Պերմյակովի՝ հայկական կողմին հանձնելու հարցը չի քննարկվում, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, ՌԴ-ի քաղաքացին չի կարող հանձնվել այլ կողմի:

Սակայն 102-րդ ռազմակայանի մոտակայքում բազմահազարանոց ցույցերից և ՀՀ նախագահի նստավայրում կայացած քննարկումներից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ գործի քննությունը այդ դեպքի հետ կապված անցնելու է ՀՀ-ի և ՌԴ-ի օրենսդրության համապատասխան՝ երկու երկրների օրենքների համադրման միջոցով: Նա հատուկ ընդգծել է, որ դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ-ի տարածքում և հասարական ռեզոնանս չառաջացնելու համար լինելու է թափանցիկ:

Նշենք, որ ռուսական ռազմական դատարանի որոշմամբ, 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է երկու և ավելի մարդկանց սպանության, ինչպես նաև զենքով դասալքության մեղադրանքով: Մեծ աղմուկ հանած այդ միջադեպից հետո ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ստիպված եղավ հրաժարական տալ:

Մինչ այդ, Լեբեդևը հայտնել էր նաև, որ հետաքննության ավարտից հետո Պերմյակովի գործով ռազմական դատարանի նիստը տեղի կունենա Հայաստանում: