23.11.2024
Թեհրանն արձագանքում է Էրդողանի հակաիրանական հայտարարություններին
prev Նախորդ նորություն

Միգրացիան Հայաստանից. Ո՞ւր և ինչո՞ւ են մեկնում հայ միգրանտները

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ ներկայացված են Հայաստանից միգրացիայի ֆունդամենտալ պատճառները: Այդ մասին հայտնում է unityxxi.com կայքը: Միքայելյանը նշում է, որ վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանից միգրացիայի հիմնական երկիրը Ռուսաստան է: ՌԴ դերը միգրացիայի ընդհանուր հոսքի մեջ անընդհատ աճում էր՝ 1990-ականներից մինչև 2000-ականը այն հասել էր 2/3-րդից մինչև 85%-ը:

Նրա կարծիքով, ինչպես և նախկինում Հայաստանից դեպի ՌԴ առկա է ինչպես սեզոնային, աշխատանքային միգրացիա, այնպես էլ մշտական բնակություն հաստատելու նպատակ հետապնդող միգրացիա: 2005-2008թթ.-ին տարեկան ՀՀ-ից սեզոնային աշխատանքի էր մեկնում 50.000-60.000 մարդ, ովքեր դրսում էին անցկացնում կես տարի՝ մայիսից մինչև նոյեմբեր: Այդ հոսքերի մեծ մասը` 93-97% մեկնում էր ՌԴ, ավելի քիչ տոկոս էին կազմում ԱՄՆ, Ուկրաինա և Թուրքիա մեկնածները:

2008-2014թթ.-ի ընթացքում Հայաստանից մեկնողների թիվը հասել է մոտ 250.000 մարդ, ինչը բավականին ազդեցիկ թիվ է և խոսում է արտագաղթի նոր շրջանի մասին՝ 2002-2007թթ.-ի բարեկեցիկ շրջանից հետո: Այդ հոսքից 200.000-ը մեկնել է Ռուսաստան, որոնցից 35.000-ը՝ 2014թ.-ին:

Միքայելյանը, անդրադառնալով միգրացիայի պատճառներին, նշել է, որ 2013թ.-ին նկատվում է միգրացիայի որոշակի դանդաղում, սակայն կարճաժամկետ: Ըստ նրա՝ դրա պատճառներից են 2010թ.-ին Վրաստանի և ՌԴ-ի միջև բացված Վերին Լարս անցակետը, ինչն ավելի հեշտացրեց երկրների միջև տրանսպորային հաղորդակցությունը. մինչ այդ կապը պահպանվում էր միայն ավիափոխադրումների միջոցով: Հայաստանից դեպի Ռուսաստան միգրացիան թե սեզոնային, թե մշտական բնակության հեշտ է իրականացվում, քանի որ չկան լեզվի, վիզային և այլ խնդիրներ:

Երկրորդը պատճառը այն է, որ ճգնաժամից հետո ՌԴ-ի տնտեսությունը ՀՀ-ի տնտեսության համեմատ սկսել է ավելի արագ վերականգնվել և ունեցել է աշխատուժի պակաս: Փորձագետը նշել է, որ երրորդ պատճառը կայանում է հայ միգրանտների կողմից ստեղծվող աշխատանքային կոլեկտիվների՝ հաճախ ազգակցական կապերի հիման վրա, ստեղծման մեջ: Այն միգրանտը, որը ՌԴ-ում կարողանում է հաջողությունների հասնել իր մոտ է կանչում հարազատներին:

Ոչ պակաս կարևոր պատճառներից է հայ հասարակության մեջ վերջին տարիներին նկատվող սոցիալական պեսիմիզմը: Միքայելյանը նշում է, որ ԶԼՄ-ներում նույնպես բավականին ակտիվ է միգրացիայի մասին դիսկուրսը, որը հոգեբանական ազդեցություն է թողնում հասարակության վրա:

2015-2016թթ.-ին չի կարելի կանխատեսել Հայաստանից միգրացիայի նվազում, քանի որ չեն վերացել միգրացիայի հիմնական պատճառները: ՀՀ-ի անդամացկությունը ԵՏՄ-ին ՀՀ-ի քաղաքացիների համար հնարավորություններ է ստեղծում աշխատանք գտնել ՌԴ-ի աշխատաշուկայում և դա նույնպես կազդի միգրացիայի բարձր տեմպերի պահպանման վրա: Թե ինչպիսին կլինեն միգրացիոն հոսքերը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, ցույց կտա ժամանակը, հավելել է փորձագետը: