23.11.2024
Վալովայա. Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական ազդեցությունը կզգա 2016թ.
prev Նախորդ նորություն

Թեհրանն արձագանքում է Էրդողանի հակաիրանական հայտարարություններին

Իրանը իր բողոքն է արտահայտել Թուրքիային` կապված Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրանական տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հնչեցրած գնահատականների: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիա Աֆհամը Իրանում Թուրքիայի ԱԳՆ-ի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջել է բացատրություններ ներկայացնել Թուրքիայի նախագահի հայտարարության հետ կապված:

Ւրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանի ռազմավարական դիրքորոշումը հարևան տարածաշրջանային երկրների նկատմամբ հիմնված է համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անթույլատրելի է համարել Իրանի՝ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու փորձերը: «Իրանը ցանկանում է հասնել գերիշխանության տարածաշրջանում: Դա սկսել է գրգռել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա իրոք անտանելի է և Իրանը պետք է դա տեսնի»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Եմենում հակամարտությունը սկսել է կրել «աղանդավորական» բնույթ և կոչ է արել Իրանին դադարեցնել աջակցել շիա ապստամբ հուսիտները: «Իրանը պետք է փոխի իր կարծիքը: Իրանը պետք է դուրս բերի իր ուժերը Եմենից, Սիրիայից, Իրաքից և հարգի այդ երկրների տարածքային ամբողջականությունը», - հավելել է Էրդողանը:

Մինչ այդ, Verelq.am-ը հայտնել էր, Թուրքիան հռչակել է նոր օսմանականությունը իր արտաքին քաղաքականության ուղենիշներից մեկը և ցանկանում է վերականգնել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը նախկին գաղութների նկատմամբ, այդ թվում Եմենի: Եմենն ունի ռազմավարական մեծ նշանակություն՝ այն Բաբ էլ-Մանդեբիի նեղուցի բանալին է, որտեղից օրեկան Պարսից ծոցի և առաջին հերթին Սաուդյան Արաբիայի նավթային տանկերներ են Սուեցի նեղուցով նավթ արտահանում ԵՄ:

Թուրք-իրանական մրցակցությունը Մերձավոր Արևելքում ձգվում է Լիբանանից և Սիրիայից, Իրաքից և Անդրկովկասից մինչև Կենտրոնական Ասիա, Եմեն ու Արաբական թերակղզի: Անկարան Մերձավոր Արևելքում հենվում է սունիների և սուննի միապետությունների վրա, իսկ Իրանը Սիրիայում՝ Բաշար Ասադի, Լիբանանում՝ Հզբոլահի, Իրաքում՝ տեղի շիաների, իսկ Եմենում՝ հուսիտների վրա:

«Թուրքիան և Իրանը որքան էլ իրենց հարաբերությունները արտաքուստ ներկայացնում են բարեկամական և եղբայրական, այդուհանդերձ դրանք գտնվում են մրցակցության ու հակասությունների շրջանակում: Մրցակցությունը դերսևորվում է տարածաշրջանային ռազմաքաղաքական, տնտեսական, իսկ հակասությունները արտաքին քաղաքական ու գաղափարական դաշտում, որոնք հատկապես վերջին տարիներին բավական ցայտուն են դրսևորվում: Պատահական չէ, որ Իրանի նախագահ Ռուհանին Էրդողանի հետ ասուլիսում կրկին շեշտեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ուղղված շնորհավորանքը՝ ցույց տալով արտաքին քաղաքականության ոլորտում սուր հակադրությունները»,-ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը, հայտնում է panorama.am-ը:

Ըստ նրա՝ կողմերը, սակայն, նախընտրում են որքան հնարավոր է պահպանել տնտեսական ոլորտում գործակցությունը՝ հաճախ աչք փակելով այլ ոլորտներում առկա հակասություններից: Սա մեծամասամբ պայմանավորված է Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային տնտեսական պատժամիջոցներով, որտեղ Թուրքիան «սողանցք» է թողել Իրանին՝ որոշակիորեն դուրս գալու դրանցից: Ներկայում թուրք-իրանական հարաբերությունների առանցքային ոլորտը մնում է էներգետիկան և տնտեսությունը: Երկու կողմերն էլ այդ առումով կախվածության մեջ են միմյանցից և փորձում են այդ ոլորտում չվնասել մեկը մյուսի շահերը: