23.11.2024
Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է 2008-ից. ՀՀ հիշեցումը Թուրքիային և Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Կառավարության նախագծով ջնջխվում է ազատ խոսքն ու բնապահպանական անվտանգությունը. Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատել է կառավարության նախաձեռնած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ նշելով, որ այդ կերպ ջնջխելու են ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը, որի գրառումը ներկայացնում եք ստորև. 


Այնուհետեւ նա հրապարակել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ:


Այն ներկայացնում ենք ստորեւ.


«2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։


Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։


Նախագծի շրջանառման առաջին իսկ օրից քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։


Մասնավորապես,


• Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ դրանից կատարելով մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել։


• Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։


• Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։


• Այս փոփոխությունը խախտում է ՀՀ Կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը։


Ելնելով վերոգրյալից՝ մենք՝ 230-ից ավելի ՔՀԿ-ներ միավորող ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, ՀՀ Կառավարությունից պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը եւ չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության եւ միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։