4.12.2024
Ընդդիմադիր. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան մեծ բլեֆ է
prev Նախորդ նորություն

Սերժ Սագսյանը հրավիրում է ավստրիական բիզնեսը Հայաստան

"Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին", - այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարսգյանը հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը: Քննարկմանը մասնակցել են Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից, խորհրդակցությանը հանգամանալից անդրադարձ է եղել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգին, ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Նկատի առնելով, որ դեսպան Կիրակոսյանը նաև Հայաստանի առաքելության ղեկավարն է Վիեննայում գործող մի շարք միջազգային կազմակերպություններում, անդրադարձ է եղել վերոնշյալ միջազգային կառույցների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է անդրադարձը ոչ միայն երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ձեռքբերումներին, այլև առկա խնդիրներին և այն հարցերին, որոնց լուծման ուղղությամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն ունի Երևանի առավել նպատակաուղղված աջակցության կարիքը։

«Ավստրիան մեզ համար չափազանց կարևոր է զարգացման իր փորձով, որովհետև մեծ հաջողությունների է հասել ժամանակակից տեխնոլոգիաների, ընդհանրապես՝ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար բավականին հետաքրքիր է Ավստրիայի փորձը բժշկագիտության, զբոսաշրջության և առանձնապես՝ ենթակառուցվածքների ու սեզոնային տուրիզմի զարգացման ոլորտներում: Իհարկե, ինձ համար շատ կարևոր է, որ մենք Ավստրիայի հետ համագործակցում ենք գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Մենք մեր երկրում այս ուղղությունները պարտավոր ենք զարգացնել: Կատարված աշխատանքը տեսանելի է, բայց ոչ բավարար: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել ևս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետև Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, և Հայաստանը, թեև լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում», - հայտարարել է նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին: "Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար: Գիտեմ, որ ապրիլ ամսին տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, և դրան հաջորդելու է գործարար համաժողովը: Արդյո՞ք մենք լրջորեն ենք պատրաստվում այս միջոցառումներին, որոնք կարող են իրոք շատ մեծ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման գործում հենց ներդրումների համար: Իսկապես, շատ լավ է, որ մենք ինտենսիվ և արդյունավետ համագործակցում ենք գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Շատ ուրախ եմ, որ հենց ավստրիացիների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել և վերազինել մեր մշակույթի հիմնական օջախները՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, մեր ֆիլհարմոնիկ դահլիճը, հիմա շատ ինտենսիվ փուլում է գտնվում մեր մայր թատրոնի վերանորոգումը: Իհարկե, լավ կլինի, որ այստեղ ևս համագործակցությունը շարունակվի, բայց կուզենայի, որպեսզի օգնության, օժանդակության, ծրագրերից մենք տեղափոխվեինք նաև գործարար դաշտ", - ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտէ առաջ տանել բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել ևս, որ Ավստրիան տիրապետում է և շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտով, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում ՝ նաև ջրի խելացի կառավարման խնդիրներով:

"Եվ սա կարող է լինել գործարարության շատ մեծ դաշտ, որովհետև Հայաստանն իր բնական կլիմայական պայմաններով ուղղակի հարաբերական առավելություն ունի այլ երկրների նկատմամբ, օրինակ` արևային էներգիայի ստացման բնագավառում: Իհարկե, կցանկանայի, որպեսզի խոսեինք ԵԱՀԿ-ում առկա խնդիրների և ՄԱԿ-ում մեր հարաբերությունների մասին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Արման Կիրակոսյանն իր զեկույցում մանրամասն անդրադարձել է Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելության առջև դրված խնդիրներին, ամփոփել վերջին տարիներին իրականացված աշխատանքները, ներկայացրել արդյունքները և դրանց հիման վրա ստեղծված այն նախադրյալները, որոնք ամուր հիմք են դարձել հայ-ավստրիական քաղաքական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա խոսել է նաև առկա խնդիրների մասին, այդ թվում՝ միջազգային վերոնշյալ կառույցների հետ հարաբերություններում:

«Լիարժեք իրավապայմանագրային դաշտ՝ ունենք համագործակցության քսան պայմանագրեր տարբեր ոլորտներում: Դրանց կեսը հիմնականում առևտրատնտեսական բնույթի պայմանագրեր են, ինչը նպաստում է մեր գերատեսչությունների և գործարարների ակտիվ մասնակցությամբ երկկողմ համագործակցությանը: Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես Նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, նաև 2014թ. սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, ով էներգետիկայի ոլորտով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որպեսզի գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան և համագործակցեն: Իհարկե, վերջին տարում գոհացուցիչ չեն առևտրաշրջանառության ծավալները: Այստեղ ուսումնասիրության կարիք կա, սակայն կարծում եմ բոլոր հնարավորություններն ունենք բարելավելու իրավիճակը», - ասել է դեսպանը:

Մյուս կարևոր հանգամանքն ըստ Կիրակոսյանի այն է, որ անցյալ տարի հաջողվեց ստեղծել բարեկամական խումբ Ավստրիայի խորհրդարանում, որն առաջինն է հարաբերությունների պատմության ընթացքում:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին: