24.11.2024
Միանվագ սոցիալական աջակցությունը կտրամադրվի հնարավորինս արագ
prev Նախորդ նորություն

Գործադիրն օնլայն տեղեկություն կստանա կորոնավիրուսով անձանց շփման շրջանակի մասին. Ավինյան

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:


«Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ նպատակն արդյունավետ կանխարգելման ու մեկուսացման աշխատանքների իրականացումն է:


Ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 30-ին Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը: Այս քննարկման հիմնական նպատակն է լինելու մեր բոլորի ջանքերը և գործողությունները համակարգել և տանել մեկ ուղղությամբ:


Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք նրանից թե ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում: Մենք էլ կներկայացնենք թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա»,- ասել է Տիգրան Ավինյանը:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկման և կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակի բացահայտման հնարավորությունները:


Ինչ են ենթադրում նոր փոփոխությունները


ԱԺ-ն մարտի 30-ին կքննարկի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։ Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։


Համաձայն նախագծի, օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։


Կարող են տրամադրվել հիվանդացածների ու նրանց շփման շրջանակի մասին, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ։ Դրանք բոլորն ապանձնավորվելու են, իսկ անձնավորված տվյալները՝ ոչնչացվեն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, անձանց գաղտնիությունը խախտելը կամ տվյալները որևէ այլ նպատակով օգտագործելն առաջացնելու է պատասխանատվություն։ Ստացված տվյալների բովանդակության որևէ ձայնագրում, վերծանում, պահպանում կամ այլ տիպի հսկողություն արգելվում է։


Տվյալները կարող են բացահայտվել երրորդ անձանց՝ «տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց, այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով», - նշվում է նախագծում:


Ընդ որում` թողնել սարքը տանն ու գնալ զբոսնելու չի ստացվի․ նրանք, ում նկատմամբ կիրառվել են տեղաշարժի սահմանափակումներ, պարտավոր են լինելու օգտվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից և հետևել դրանց օգտագործման կարգին: