24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 329
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական ապրանքների փոխադրման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:


Ավելի վաղ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով բեռնափոխադրումների հետ կապված խնդիր են առաջացել և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում։ 


Ավինյանն ասել էր, որ նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի «հասկանանք ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոն ապահովել, որովհետև կուտակումները արդեն և՛ Հայաստան-Վրաստան սահմանին են, և՛ Վրաստանի ներսում են հայ բեռնափոխադրողներ այս պահին կուտակված, և՛ Լարսի անցակետում»։


Կարանտինային տարբեր գոտիների պատճառով գործընթացը դանդաղել է․ «Կարծում եմ՝ մենք մոտակա ժամանակներս հստակ կարգավորումներ պետք է մտածենք, պայմանավորվենք, խաղի կանոններ սահմանենք, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն», - ասել էր նա։


Փոխվարչապետը նշել էր, որ բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են խորացնել կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը, և ամենօրյա ռեժիմով կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ։