VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների վերջին մեկ-մեկուկես ամսվա պասիվությունը բացատրվում է այն հանգամանքով, որ բոլոր ուժերն ու ռեսուրսները ուղղվել են Արցախի Հանրապետություն: Քոչարյանի աջակիցները իրենց ամբողջությամբ նվիրել են նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի քարոզչությանը՝ համարելով, որ սա ևս հանուն Քոչարյանի ազատության մղվող պայքարի մի մասն է: Չնայած արդեն կայուն համոզմունք է ձևավորվում, որ այս մարտը ևս տանուլ է տրված»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին: Երեկ ԱԺ նիստը թեժ էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացի իր վրդովմունքը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները տարատեսակ հարցադրումներով, նույնաբովանդակ խնդիրների մասին խոսեցին, առանց հստակ լուծումների բանալիները մատնանշելու առողջապահության նախարարից պահանջում էին աշխարհում կիրառվող ռապիդ թեսթեր: Իշխանական պատգամավորները լուռ էին, ԱԺ ղեկավարությունը հանդարտեցնող տակտիկա էր բռնել, եւ այս խառնիճաղանջ ու հախուռն «արտակարգ» մթնոլորտում միակ շնորհակալությունը ԱԺ-ում բաժին հասավ Արայիկ Հարությունյանին ընդդիմադիր պատգամավոր Աննա Կոստանյանից՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար: Իսկ, ընդհանուր առմամբ, եթե բնութագրելու լինենք, պետք է նկատել, որ պատգամավորների հարցերը կրկնվում էին. այն, ինչ հարցնում էին արտակարգ դրություն հայտարարելու օրը հրավիրված նիստի ժամանակ, երեկ խմբագրված կամ վերախմբագրված էին հնչում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անգամ իշխանության ներսում երկու տեսակետ կա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կամ այդ ռեժիմը ժամանակից շուտ դադարեցնելու հարցի վերաբերյալ: Պատճառն այն է, որ խոշոր և միջին տնտեսվարողները իշխանությանը հորդորում են ժամկետից շուտ դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը՝ այդ պնդումը հիմնավորելով արտակարգ դրության ռեժիմի պատճառած տնտեսական վնասներով: Կառավարության որոշ անդամներ համարում են, որ չպետք է անտեսել այդ պահանջները, որովհետև տնտեսական և սոցիալական պրոբլեմները կարող են իշխանության համար ծանր բեռ դառնալ»:
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ հերթական քառօրյան, որը, չնայած երկրում ստեղծված դրությանը, այնուամենայնիվ շարունակում է իր աշխատանքները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում անհետաձգելի հարցեր են կուտակվել, եւ իշխանությունները ձեռնամուխ են եղել այն քննարկել արտակարգ ռեժիմի պայմաններում։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ուսումնասիրելով ԱԺ օրակարգը, տեսնում ենք, որ շարքային օրակարգ է ու առանձնապես ոչ շատ մեծ նշանակություն ունեցող հարցերով։ Իհարկե, պետության համար կարեւոր է ցանկացած հարց, սակայն հազիվ թե օրակարգում կային այնպիսի հարցեր, որոնք չէին կարող սպասել գոնե 2 շաբաթ: Ավելին, նաեւ այնպիսի տպավորություն է, որ օրակարգը հագեցվել է արհեստականորեն՝ ընդամենը քառօրյայում քննարկվող հարցեր ունենալու նպատակով։ Հավելենք, որ քննարկումներն անցնում են հիմնականում «իմիջիայլոց»։ Ի դեպ, քննարկումներում փորձում են որոշակի արհեստական ակտիվություն ապահովել իշխանական պատգամավորները, ինչը եւս համապատասխանում է ժանրի կանոններին։ Սակայն, չնայած այդ ամենին, օրակարգը երկու օրում սպառվեց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, հետ են կանգնել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտքից, որը ենթադրում էր արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Գաղտնիք չէ, որ ԶԼՄ-ները այդ կազմակերպությունների գովազդներով են իրենց թափանցիկ ֆինանսական հոսքերն ապահովում: Թե ինչու են իմքայլականները որոշել նման քայլի դիմել, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանից պարզել, սակայն Մանուկյանը կտրականապես հրաժարվում է օրենքի նախագիծը մեկնաբանելուց: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե քննարկումներ են ընթանում, եւ փոփոխություններ կլինեն։ «Հիմա մենք լսում ենք լրատվամիջոցներին եւ հասկանում ենք, որ դա նաեւ էական եկամտի աղբյուր է լրատվամիջոցների համար, եւ այդ մասով եւս մենք պատրաստվում ենք վերանայել նախագիծը: Այսինքն՝ մեզ համար կարեւոր է, որ չխաբեն մարդկանց այդ կազմակերպությունները գովազդի միջոցով, եւ ինչպիսին կլինի սահմանափակումը, ապա սա քննարկումների միջոցով, նաեւ լրատվամիջոցների հետ քննարկումների միջոցով կգանք ընդհանուր եզրակացության», – նշեց Կարապետյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հրաչյա Հակոբյանը և Համազասպ Դանիելյանը խորհրդարան են ներկայացրել «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի և առողջությանը վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին» օրենքի նախագիծ: Այս նախագծի իմաստը ալկոհոլային խմիչքների գովազդի և օգտագործման սահմանափակումներն են: Օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ օրենքի ընդունումը թույլ կտա հասարակությանը ավելի իրազեկված լինել ալկոհոլային խմիչքների վնասակարության մասին, և կրճատել դրանց օգտագործումն ու դրանցից կախվածությունը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետություններն, անկախ իրենց զարգացվածության աստիճանից, այսօր կանգնած են կորոնավիրուսի համավարակի երկու հիմնական մարտահրավերին դիմակայելու խնդիրների առաջ: Խոսքը համավարակի առողջապահական եւ տնտեսական հետեւանքների մասին է: Եթե առողջապահության ճակատում աշխատանքներն ընթանում են երկու համընդհանուր ուղղությամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունների եւ վիրուսի տարածման կանխարգելող միջոցառումների, ապա տնտեսության ճակատում որոշումներն ընդունվում են տվյալ պետության առանձնահատկություններին համապատասխան: Զարգացած երկրները գնում են աննախադեպ քայլերի տնտեսությունները ճգնաժամի հետեւանքներից հնարավորինս զերծ պահելու համար: ԵՄ երկրները պատմության մեջ առաջին անգամ կասեցրեցին Կայունության եւ աճի պակտը: Այս քայլով ԵՄ երկրներին թույլ է տրվում անցնել իրենց բյուջեների դեֆիցիտի սահմանված ՀՆԱ-ի 3 տոկոսի եւ պարտքի 60 տոկոսի շեմը: Հայաստանի կառավարությունն այս փուլի համար նախատեսում է 50 մլրդ դրամի միջոցառումների ծրագիր, որից 25 մլրդը կուղղվի բիզնեսի աջակցությանը, իսկ 25 միլիարդով սոցիալական աջակցության միջոցառումներ կիրականացվեն»:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում 2016 թվականից իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիր, որն սկզբնական փուլում իրականացվում էր որպես պիլոտային ծրագիր, իսկ արդեն հետագայում՝ 2017-ից ավելի լայն կիրառում ստացավ։ Ներկայումս Հայաստանում կա 53 խոշորացված համայնք, սակայն այս գործընթացը դեռեւս վերջնական փուլում չէ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու խոշորացման նոր ալիքի. տվյալ պարագայում խոսքը խոշորացման նախապատրաստվող եւս 20 համայնքի մասին է։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են քաշում նաեւ խորհրդային տարիների վարչական բաժանումների գաղափարը, այն է՝ ունենալ 36 համայնք, որոնք փաստացի կվերացնեն նաեւ մարզպետարանների գոյության անհրաժեշտությունը։ Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ նախկին վարչական բաժանումն իր բաշխվածությամբ ու ընդհանուր կառուցվածքով ավելի էֆեկտիվ էր եւ համապատասխանում էր բնակչության սոցիալիզացվածության չափորոշիչներին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն` մարտի 5-ին հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը ոստիկանների կատարած վայրի, ապօրինի գործողությունների մասով: Բանն այն է, որ Արամ Վարդանյանի պաշտպանները ոստիկանների գործողությունների մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ոստիկանների գործողություններին Գլխավոր դատախազությունը իրավական գնահատական եւ ընթացք տա: Դատախազությունում Արամ Վարդանյանի պաշտպանների դիմումի մասով եղել է քննարկում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է քննարկումը: Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»: Հավելենք, որ մարտի 5-ին՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ հարձակվել էին Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են։ Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի եւ քաղաքացիական եւ վարչական գործերով հակասում են միմյանց: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ մի թիմ են կազմում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը, Մամիկոն Դրմեյանը: Իսկ, ահա, մյուս թիմում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանը, Էդգար Սեդրակյանը, ԲԴԽ անդամի մյուս դատավոր թեկնածու Արտակ Բարսեղյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Եվ, ահա, դատական համակարգում դատավորների՝ թիմի բաժանվելը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս:
Օրաթերթի տեղեկություններով՝ օրինակ, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ է ներկայացվում քաղաքացիական եւ վարչական գործ, եւ Վճռաբեկի վերոնշյալ պալատի անդամները միաձայն պետք է որոշում կայացնեն, թիմի բաժանված լինելու հետեւանքով յուրաքանչյուր թեւ տարբեր կարծիք է հայտնում, այս ներքին տարաձայնություննների հետեւանքով էլ վերջնական որշումը կայացվում է վերջին պահին` կախված ուժեղ թիմի փաստարկներից: Ավելին, դատավորներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ կան գործեր, որ վարույթ են ընդունում, սակայն դատավորների՝ թիմերի բաժանվելու հետեւանքով մեկ տարի է՝ որոշում չեն կայացնում։ Օրինակ՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հարազատներից մեկը բանկի հետ կապված խնդիր ունի, Վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական պալատը գործը վարույթ է ընդունել, սակայն մեկ տարի անցել է, եւ ներքին հակասությունների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Ասել է թե` ՀՀ «վերջին դատարանում» առկա ներքին տարաձայնությունների, ներքին խմորումների պատճառով տուժում է արդարադատությունը կամ, մեղմ ասած, մտնում է փակուղի»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախում գործող տեղեկատվական օպերատիվ շտաբի տվյալներով, Արցախում նոր կորոնավիրուսի տարածման դեպք չկա: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Քաշաթաղի շրջանում իրականացվում են մի շարք համալիր աշխատանքներ: ՀՀ-ից շրջան մտնող երեք հիմնական ճանապարհին գործում են բուժսանիտարական հսկիչ հենակետեր, որտեղ հերթապահում են Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժքույրերը՝ ԱՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների օժանդակությամբ: Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող մնացած ճանապարհները փակ են: Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկացման՝ նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով շրջվարչակազմի ենթակայությամբ գործող բաժինների ու վարչությունների ընդհանուր 110-ից ավելի աշխատակիցներից ընդամենը տասնհինգ տոկոսն է աշխատավայրում /պատասխանատուներ, հավաքարարներ, պահակներ/, մնացածն աշխատում են տնից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի՝ երկրի տնտեսություն հավելյալ 2 տրիլիոն դոլարի ներարկում կատարելու որոշման արդյունքում միջազգային բորսայական գնանշումները կայուն աճ են արձանագրում: Սա վերաբերում է նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող պղնձի միջազգային գներին, որոնք միայն երեկ աճել են 6,5 տոկոսով՝ հասնելով մինչև 4910 դոլարի մեկ տոննայի դիմաց: Հունվարին՝ մինչև կորոնավիրուսային համաճարակի տարածումը, պղնձի գինը Լոնդոնի բորսայում 6 հազար 200 դոլարի սահմաններում էր»:
«Փաստ» թերթը գրում է. «Պանդեմիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունը սկսել է գահավիժել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Եվ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում տնտեսագետներն այս տարի գրանցվող տնտեսական ցուցանիշների հետ կապված ավելի հոռետեսական կանխատեսումներ են անում։ Ըստ տարբեր գնահատականների՝ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատությամբ ներկայիս տնտեսական ճգնաժամը մի քանի անգամ հուժկու ալիք է առաջացնելու։ Ուստի այսպիսի իրավիճակում շատ բարդ է լինելու երկրների համար վերականգնել տնտեսությունը և հասնել հետճգնաժամային իրավիճակին։ Չհաշված այն հանգամանքը, որ դեռևս հարցական է, թե ինչքան կտևի ներկայիս արտակարգ վիճակը և, ըստ այդմ, նաև ինչքան ժամանակ կտևի տնտեսական ճգնաժամը։ Խնդիրն այն է, որ արտակարգ վիճակի ավարտից հետո ևս տնտեսական վիճակը կարող է մնալ ծայրահեղ դրության մեջ, քանի որ ներկայումս կոնսերվացված իրավիճակ է, և պրոբլեմները լիովին տեսանելի ու առարկայական են դառնալու հետո։ Այլ կերպ ասած` տնտեսական ճգնաժամը ավելի երկար է տևելու, քան արտակարգ դրության տևողությունը: Իսկ դրանից հետո երկրների կառավարությունները ստիպված են լինելու առերեսվել բիզնեսին աջակցություն տրամադրելու, տնտեսությունը խթանելու, սոցիալական լարվածության և գործազրկության խնդիրների հետ։
Այսպիսով, իրավիճակը հուշում է, որ շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսության վերականգնման համար։ Եվ այս հանգամանքն ի ցույց է դնում, որ շատ դժվար է լինելու այս տարվա ընթացքում տնտեսությունը լիովին իր հունի մեջ դնել։ Ուստի նաև պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ իր ուղերձում նշեց, որ հնարավոր չի լինելու պահել 2019 թվականի տնտեսական աճի տեմպը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունների կողմից հայտարարված «տնտեսական հեղափոխությունից» գրեթե ոչինչ չի մնալու։ Սկզբունքորեն, ոչինչ չի էլ եղել, բայց նման վիճակում, բնականաբար, ընդհանրապես այդ մասին խոսել հնարավոր չի լինի: Սրանով պայմանավորված՝ իշխանությունները որոշել են նոր հույսեր արթնացնել քաղաքացիների շրջանում տնտեսական ճգնաժամի երևույթի հետ կապված, թե այն շատ մեծ հորիզոններ է բացում Հայաստանի տնտեսության համար, որից պետք է օգտվել, ինչը հնարավորություն կտա նաև շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Եվ այսպես, վարչապետը հայտարարում է. «Աշխարհում համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք այսօրվանից պետք է մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի, և դա պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում»