24.11.2024
Մամուլ. Մարտը տանուլ է տված. Բալասանյանի քարոզչությունը՝ հանուն Քոչարյանի ազատության
prev Նախորդ նորություն

Արցախի տնտեսական ինքնաբավությունն՝ ապագա նախագահի գերակայություն

Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո՝անկախ այն հանգամանքից, թե որ թեկնածուն հաղթանակ կտանի, իշխող էլիտան պետք է սկսի Արցախի տնտեսության մոդելի համակարգային փոփոխությունը:


Գեոպոլիտիկ իրավիճակն աշխարհում ու Հարավային Կովկասում կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել՝քաղաքական, տնտեսական, բնական աղետների և այլ պատճառներով, ինչը հանգեցնում է նրան, որ երկրների մինչև սահմանները փակվում են ու կենսական նշանակություն է ստանում երկրների տնտեսական ինքնաբավության մակարդակի բարձրացումը:


Արցախն արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է ՀՀ-ի միջոցով՝առկա երկու ճանապարհներով, սակայն այդ լոգիստիկան կարող է փակվել՝ պատերազմի ժամանակ այդ լոգիստիկային հակառակորդի կողմից հարվածների հետևանքով, ինչպես նաև այլ պատճառներով՝սողանքներ և այլ սպառնալիքներ:


Արցախն ունի գյուղատնտեսական մեծ ներուժ՝հողատարածքներ, որտեղ կարող են մշակվել ցորեն և այլ կուլտուրաներ՝դրանով նպաստելով Արցախում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացմանը: Այսինքն, Արցախը պետք է հնարավորինս շատ ապրանքներ արտադրի տեղում՝դա կլուծի թե աշխատատեղերի, արտագաղթի հարցն ու կուղղի դեմոգրաֆիական առկա բազմաթիվ խնդիրներ:


Արցախի տնտեսության զարգացման հարցում պետք է մեծ լինի ՀՀ-ի կառավարության և բիզնեսի աջակցությունը՝հայկական կապիտալը Հայաստանից, թե սփյուռքահայերից պետք է օգնի բարձրացնել Արցախի տնտեսական մակարդակն ու ինքնաբավության աստիճանն՝ելնելով պատերազմի ամեն պահ վերսկսվելու վտանգից և ՀՀ-ի հետ կյանքի ճանապարհները կտրելու հակառակորդնի ռազմավարությունից:


Տնտեսական կյանքն Արցախում չպետք է կենտրոնանա միայն Ստեփանակերտում՝այն պետք է հավասարաչափ վերաբաշխված լինի բոլոր շրջաններում, տնտեսական ակտիվությունը տեղափոխելով նաև Ստեփանակերտից դուրս:


Տնտեսական ինքնաբավության մակարդակի բարձրացում՝տեղում արդյունաբերական և գյուղատնտեսական հզորություններ ստեղծելու միջոցով կօգնի նաև արտահանման խթանմանը՝ՀՀ-ն պետք է լինի արցախյան արտադրանքի սպառման հիմնական շուկան: ՀՀ-ի տնտեսության մեջ արցախյան արտադրության ապրանքները պետք է գրավեն որոշակի նիշա՝դա անգամ պետք է կարգավորվի տնտեսական և վարչական մեխանիզմներով՝այստեղ մեծ է ՀՀ կառավարության դերակատարումն ու քաղաքական կամքը:


Տնտեսական ինքնաբավությունը չի նշանակում, որ Արցախը փակվում է ամբողջ աշխարհի առջև, սակայն պատերազմական վիճակում գտնվող Արցախը պետք է ունենա ռազմավարական պաշարներ ոչ միայն ռազմական, ռազմա-տեխնիկական, այլ նաև տնտեսական առումով:


Արցախի ապագա նախագահն ու այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կզբաղեցնեն Արցախի խորհրդարանում առաջին հերթին պետք է զբաղվեն տնտեսական և անվտանգային հարցերով՝մի կողմի դնելով ներքաղաքական տարաձայնություններն ու մանր քաղաքական հաշիվներն ու ամբիցիաները:


Վարդան Վարդանյան