24.11.2024
ՌԴ-Իրան-Հայաստան. Պանթուրքիզմը «զսպող» կոալիցիա
prev Նախորդ նորություն

Մամուլ. Լսումներ հանուն ՀՀ «թիվ մեկ քավորի». իշխանությունն ամեն ինչ անում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի թիվ մեկ քավորի՝ Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի` քաղաքապետ դառնալու գործընթացը «ժողովրդավարության» քողով պատվի։ Մարտի 12-ին ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում» թեմայով: Խոսքն Իջեւանի խոշորացման՝ շուրջ 19 համայնք միավորելու նախագծի մասին է, որն իշխանությունը մշակել էր դեռեւս անցած տարեվերջին։ Մեր տեղեկություններով՝ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, տեւական ժամանակ ակտիվ աշխատում է, որպեսզի Տավուշի մարզից այդ լսումներին ներկա գտնվողները դրական արտահայտվեն, ու չստացվի այնպես, որ այս խոշորացումն արվում է, որպեսզի հեշտացվի եղբոր՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու գործը։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա հոկտեմբերից Ղալումյանը ԺՊ է, իշխանությունը պարբերաբար հետաձգում է ընտրությունները, քանզի թեկնածուի վարկանիշը ոչ մի կերպ չի բարձրանում, եւ իր հայրենի Իջեւան քաղաքում նա չէր կարողանա ընտրություններում հաղթել, իսկ խոշորացման արդյունքում շուրջ 20 համայնք՝ դրանց համայնքապետերով, կաշխատեն հանուն քավորի»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս պատրաստվում է մեկնել Բրյուսել: Մեր աղբյուրի փոխանցմամբ` տերպետրոսյանական թեւից փոխանցում են, որ առաջին նախագահի այցը Բրյուսել որեւէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի այցի հետ: Այստեղից շատ անպատասխան հարցեր են առաջ գալիս: Արդյո՞ք այսպիսի զուգադիպություններ կարող են լինել մերօրյա քաղաքական դաշտում: Անխոս մտահոգիչ է, թե ինչ են ծրագրում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը: Մեր աղբյուրը ենթադրում է, որ Լեւոնը փորձելու է արդյունքի հասնել եվրոպական այն օղակներում, ուր Նիկոլին բանի տեղ չեն դնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ էր ակնարկում Սյունիքում մերժված փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Նիկոլ Փաշինյանի մարզ այցելությունից առաջ ArmDaily.am-ի հետ զրույցում ասելով՝ այն համայնքապետերը, ովքեր կցանկանան աջակցել «Այո»-ին, իրենց լիազորությունների շրջանակներում, կարող են աջակցել: Ակնհայտ է, որ մարզում «Այո» քարոզող ֆիգուրները հասկացել են, որ սա իրենց վերջին հնարավորությունն է եւ բազմաթիվ ձախողումներից հետո եւս մեկ անգամ ձախողելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Սյունիքի փոխմարզպետն արդեն մեկ անգամ առիթ ունեցել է մերժվել Կապանում՝ քաղաքապետի ընտրություններին պարտվելով գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանին: Թեեւ ընտրություններից հետո Նարեկ Բաբայանը փորձում էր ցույց տալ, որ ամեն ինչ իր բնական հունով է ընթանում, սակայն վերջինս այդպես էլ չկարողանալով ներել կապանցիներին, պարբերաբար օգտվելով իշխանական լծակներից, ակնհայտ անջրպետ է ստեղծել, որի արդյունքում շարունակում է մնալ անընդունելի կերպար՝ ստվերելով գործող իշխանության հեղինակությունը: Մյուս կողմից էլ իմ քայլական պատգամավորները եւս իրենց ռեյտինգով աչքի չեն ընկնում մարզում:


Նրանք փափուկ տեղ են գտել մայրաքաղաքում, չեն ապրում մարզի խնդիրներով, բացի նրանից, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են սակավամարդ նեղ շրջանակներում, ձեւական սելֆիներ անում՝ վարչապետին հաշվետվություն տալու համար: Այնուամենայնիվ, նրանք խորին համոզմունք ունեն, որ իրենց՝ օրեցօր գահավիժող ռեյտինգը առավել շատ խոչընդոտելու է գործին, քան օգնելու: Պատահական չէ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հենց Սյունիքից է մեկնարկել քարոզարշավը, քանի որ քաջ գիտակցում է, որ սյունեցին կամք ունի, իսկ իր ձախողված կադրերի վրա հույս դնելն առնվազն միամտություն է: Սակայն ամենհետաքրքիրն այն է, որ իշխանությունն այնպիսի ցայտնոտի մեջ է հայտնվել, որ եթե նախկիններն առանց ավելորդ աղմուկի էին ներքին հրաման տալիս եւ ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործում՝ ընտրություններին թիվ խփելու համար, գործող իշխանությունը լրատվամիջոցնով է հայտարարություն տարածում՝ համայնքների ղեկավարներին ակնարկելով կազմ պատրաստ լինելու անհրաժեշտության մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի քարոզչական կամպանիան թեւակոխեց ակտիվ փուլ։ Տպավորություն է՝ կարծես դրսում ոչ թե 2020 թիվը լինի, այլ 2018 -ը։ Իրականությունը քարացել է, իսկ մենք՝ ժամանակի եւ տարածության միջեւ խցանվել։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու հեղափոխությունն այսպիսի անճոռնի ընթացք ունեցավ՝ հայտնվելով տեղապտույտի մեջ։ Չէ որ 2020-ի քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի հեղափոխության տեքստերից՝ նույն տոնայնությունը, նույն բառերն ու նախադասությունները, նույն հերոսներն ու հակահերոսները, ոչինչ չի փոխվել եւ, վստահաբար, չի էլ փոխվելու։ Նիկոլ Փաշինյանը ռոբասերժական իշխանության դեմ պայքարելու է նաեւ 2021-ին, 2022-ին, 2023-ին եւ այսպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ժողովրդին կերակրել այդ ժամկետանց սննդով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը համատեղ հանդես են եկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Նախագծով, ըստ էության, առաջարկ է արվում սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները: Առաջարկվում է, որպեսզի նախաքննությունը՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների հետ կապված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 1549, 310.1, 314.2, 314.3 հոդվածներով, իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները: Այսպիսով, հստակ ամրագրվելու է, թե որ գործերով է նախաքննություն իրականացնելու ՀՔԾ-ն: Բանն այն է, որ օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր: Եվ, օրինակ, 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությամբ ՀՔԾ է ուղարկվել շուրջ 400 քրեական գործ, որը կազմում է նշված ժամանակահատվածում քննված գործերի շուրջ 20%-ը: Այսինքն՝ ըստ էության, գլխավոր դատախազի որոշումների հետեւանքով բարդանում էր քննիչների աշխատանքը: Եվ, ահա, այսպես փորձ է արվում թեթեւացնել եւ հստակեցնել ՀՔԾ-ի գործառույթները, իսկ դատախազն էլ միայն սահմանափակ դեպքերում կարող է որոշ գործեր ՀՔԾ վարույթ ուղարկելու որոշումներ կայացնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերջին շրջանում աջ ու ձախ կոչումներ է շնորհում կասկածելի նախադրյալներ ունեցող տարբեր աշխատողների։ Մենք գրել էինք, որ Անանյանն արտահերթ կապիտանի կոչման էր արժանացրել ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի 26-ամյա որդուն՝ Նարեկ Զաքարյանին։ Վերջերս էլ գնդապետ է հռչակվել հարկայինում տոտալ կաշառքի դարաշրջանի ներկայացուցիչ, ՊԵԿ օպերվարչության տեսուչ, ապա պետ Գուրգեն Դավթյանը։ Նրա միակ հիշարժան արարքը հանուն պետության եղել է այն, որ կարողացել է հետ գցել և այժմ տղայի անունով ձևակերպել միլիոն դոլար արժողությամբ «Վիեննա» հանրային սննդի կառույցները Սարյան և Հյուսիսային պողոտաներում։ Ուշագրավ է, որ Գուրգեն Դավթյանը թոշակի գնալու փոխարեն, նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում տեղակալի պաշտոնում»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռազմիկ Աբրահամյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել են երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առքուվաճառքի նոր դեպքեր, ինչի առիթով հարուցվել է 2 նոր քրեական գործ: ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան Դատախազությունից տեղեկացրին` մեկը հարուցվել է երեխային ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու, մյուսը` պաշտոնեական դիրքն օգտագործելով երեխայի առքուվաճառքի հատկանիշներով: 2 գործերը միացվել են ՔԿ-ում քննվող մայր գործին:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների ու օժանդակողների մասով գործի վերաբացումից անցել է մի քանի ամիս, սակայն լռություն է: Մեզ հայտնի դարձավ, որ Հոկտեմբերի 27-ի գործի կողմ հանդիսացող, տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն ու իր փաստաբան Զարուհի Մեջլումյանը ակտիվ հանդիպումներ են ունենում տարբեր մարդկանց հետ, այդ թվում` Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հետ` առաջարկելով աջակցել իրենց: «Ինքն ասում էր այն, ինչ դատարանում հարցաքննության ժամանակ, թե ինչպես է եկել այն եզրակացության, որը բերեց դատարանում ներկայացրեց, վայրկյան-վայրկյան ցույց տվեց, որ դահլիճում գտնվողները չեն, որ սպանել են Արմենակյանին»,-ասաց Բախշյանը: Նրա խոսքով` գործում ամենակարևոր դրվագն Արմենակ Արմենակյանի սպանության բացահայտումն է: Բախշյանն ասում է` դա ուղիղ ապացույց է, որ դրսում եղել են հանցակիցներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի «այո»-ի շտաբում կենաց-մահու պայքար է՝ տոն տվողը «նախկինների» ընտրությունների փորձված տասովշչիկներն են։ Գլխավոր դերում Շիրակի համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանն է, որի նկատմամբ քրեական գործեր կան, ու ինքը, «կյանքը չխնայելով», ծառայում է իշխանություններին, եւ այդ գործերն էլ ընթացք չեն ստանում»,- ասաց մեր աղբյուրը: Փաստորեն, իշխանություններն ընդունում են «արջի ծառայությունները»։ «Հըբը ի՞նչըխ, ըսել են` ամեն գնով պետք է «այո»-ն անցնի։ Մենակ Սահակը չէ, Կոշտոն էլ է` իր աջ ձեռքը` Հրաչ Մելքոնյանը, մարզպետի հետ «այո»-ի քարոզարշավ է անում սաղ օրը, Ղուկասյան Վարդանիկի փեսեն` Գյումրու ավագանու անդամ, շատ ակտիվ կմասնակցե, էլ չենք ասում եկեղեցին քանդող` «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման պարագլուխ Ղարիբ Հարությունյանի մասին»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Անկախ այն բանից, թե թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերջին հաշվով ինչ արդյունքներ կունենա և ինչ փոփոխություններ կբերի, արդեն իսկ որոշ տեղաշարժեր առկա են ու տեսանելի: Բայց ամենակարևորը ոչ այնքան իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարն է, որքան քաղաքական նոր մշակույթի ներմուծումը Հայաստան: Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների ու հատկապես երկրի առաջին դեմքի՝ վարչապետի, հանրության հետ ակտիվ ու պարզ շփումների մասին է: Սա մի բան է, որը նախկինում բացակայել է: Բացակայել է Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում: Բանը հենց կառավարման մշակույթի ու քաղաքական մշակույթի մեջ է: Որովհետև Նիկոլ Փաշինյանը բաց է ու անկեղծ քաղաքացիների հետ: Իր քայլերի մասին տեղեկացնում է անձամբ, ուղիղ եթերների միջոցով կամ դուրս է գալիս քաղաքի փողոցներ ու իր ունեցած տեսակետներն է փորձում ներկայացնել քաղաքացիներին: Ինչպես օրերս մենք դա տեսանք մետրոյում: Հանդուրժողաբար է մոտենում իր տեսակետները չկիսող ու նույնիսկ ամբարտավան վարք ցուցաբերող քաղաքացիներին (դրան ևս ականատես եղանք մետրոյում): Մեխը հենց այստեղ է՝ նա իրեն պահում է խիստ հասանելի ու իր ասելիքը մարդիկ շատ ավելի հեշտությամբ են ընկալում, քան պաշտոնական ճառերը, որոնք միշտ եղել են մինչ այժմ: Ու երբ այդ ամենին էլ ավելանում են կոռուպցիոն բազմաթիվ բացահայտումներ և տարբեր ոլորոտներում իրականացվող բարեփոխումները, արդյունքը լինում է այն, որ ներկայիս իշխանությունների վարկանիշը շարունակում է բարձր մնալ:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակ առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին չխոչընդոտելու համար ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու եւ այլ դեպքերի հետեւում կանգնած էր ԵՊՀ պահակային ծառայության պետ Լեւոն Առուստամյանը, որին ծառայությունների դիմաց պետք է նշանակեին ուսանողական հանրակացարանի տնօրեն: Մեր հարցին ի պատասխան՝ նա կտրուկ ժխտել էր իր նշանակվելու հնարավորությունը։ Երեկ տեղեկացանք, որ նա օրեր առաջ հանրակացարանների տնօրեն է կարգվել, ինչը հաստատեց ԵՊՀ մամլո խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը. «Այո, նա այժմ տնօրեն է»: Այս նշանակման «հմայքն» այն է, որ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն առանձնապես հակված չի եղել նշանակել, հարցը կարգավորել է Ղազարը` Նիկոլ Փաշինյանի հայտնի «ռյուկզակն» իր ուսերին կրող, այժմ անվտանգության աշխատակից Ղազար Ղազարյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած միջազգային բորսաների գնանշումների անկումներին և նավթի համաշխարհային շուկայի շարունակական ճգնաժամին, Հայաստանի ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքը լուրջ տատանումներ չի ունենա: Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում հասցրել է արտարժույթի այնպիսի պաշար կուտակել, որը կբավարարի նույնիսկ երկարատև ճգնաժամը առանց ներքին ցնցումների դիմակայելու համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել՝ իշխանության վերին օղակներում կայացված հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշման մասին: Ըստ այդմ, վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն: Ի՞նչ է նշանակում այս ամենը. մեր զրուցակից իրավաբաններից մեկը նշում է, որ եթե իսկապես նման ներքին որոշում կա, դա պարզապես լուրջ հարված կլինի հատկապես փոքր ու միջին բիզնեսին, ինչպես վարորդներին և այլն, քանի որ վարչական դատարանում հիմնականում բողոքարկվում են հարկային տուգանքները, ճանապարհային ոստիկանության ակտերը և այլն: Իսկ հիմա ստացվում է, որ համապատասխան պետական մարմինները ինչպիսի որոշում էլ կայացնեն, դատարանը թողնելու է անփոփոխ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չի ունեցել, եւ դրա մասին են փաստում նաեւ տվյալները: Բանն այն է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որից բավարարել են 1188-ը, այսինքն՝ 1188 մարդ կալանավորվել է: Ընդ որում, կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով ներկայացվել է 795 գործ, որից 749-ը բավարարվել են: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել։ Իսկ քրեական գործերով բնակարաններում խուզարկություն կատարելու համար ներկայացվել են 3005 միջնորդություններ, որոնցից գերակշիռ մասը բավարարվել է, իսկ նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որից բավարարվել են 671-ը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հեռախոսային կապի կամ այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման եւ ձայնագրառման մասին միջնորդություններ եղել են 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը, հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը: Եվ, ահա, դատական համակարգը, ամփոփելով տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ, որոնցից 9.936-ը բավարարվել են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 27-ին համացանցը վրդովվեց մի միջադեպից՝ «Բրաբուսի» վարորդը տաքսու տարեց վարորդի էր ծեծել, ինչը տեսագրվել էր, տեղադրվել սոցցանցում։ Վրդովմունքի արդյունքում ծեծողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, գործ հարուցվեց։ Նա արարքը բացատրեց նրանով, որ լսել էր որդու ծանր հիվանդության մասին լուրը, մտքերի մեջ ընկած, բախվել տաքսիին, որի վարորդն իրեն հայհոյել է, ինքն էլ չի կարողացել իրեն զսպել։ Համացանցը չէր հավատում որդու հիվանդության լուրին։ Մենք տեղեկացանք, որ նրա 15-ամյա որդին, որի քաղցկեղով հիվանդության լուրը հայրն իմացել էր դեկտեմբերի 27-ին, օրեր առաջ վախճանվել է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կենդանական աշխարհի մասին» օրենքում և օրենքով սահմանել, որ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը մշակութային-հանդիսավոր միջոցառումների, գեղագիտական նպատակներով լինելու է վճարովի, օգտագործողները պետք է պետտուրք վճարեն: Խոսքը թերևս վերաբերում է կրկեսային միջոցառումների ժամանակ վարժեցված կենդանիների օգտագործմանը: Մինչդեռ աշխարհը գնում է բոլորովին այլ ուղղությամբ՝ արգելելով կրկեսներում կենդանիների օգտագործումը: Աշխարհի բազմաթիվ երկրներ և քաղաքներ օրենքներ են ընդունում նման արգելք սահմանելու մասին՝ համարելով, որ կենդանիների վարժեցումը ենթադրում է նրանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառում, շատ դեպքերում խեղման հետևանքներով»: