Իդլիբում ստեղծված լարված գեոպոլիտիկ իրավիճակը Թուրքիայի դեմ է համախմբում Մերձավոր Արևելքի մի շարք խաղացողների, ինչն Անկարայի համար հղի է մի քանի ճակատներով պատերազմելու վտանգով:
Թուրքիան պատերազմական գործողությունների է մասնակցում թե սեփական զինված ուժերով, թե թուրքմենական, սուննիական պրոքսի ուժերով Սիրիայի տարածքում: Թուրք-սիրիական հակամարտության ֆոնին Դամասկոսը կարող է սկսել աջակցել քրդական ուժերին ու ալևիներին Թուրքիայի տարածում՝այդ կերպ Էրդողանի համար բացելով նոր ճակատներ արդեն երկրի ներսում: Դա կօգնի Բաշար Ասադին թուլացնել թուրքական ճնշումները սիրիական ուժերի նկատմամբ ու կշեղի Էրդողանին դեպի ներքին խնդիրներ:
Բացի այդ, Սիրիան ու Լիբիան՝լիբիական ուժերը՝Հալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, վերականգնում են դիվանագիտական կապերն ու ունենալով մեկ ընդհանուր հակառակորդ՝նեոօսմանական ռազմավարությամբ առաջ շարժվող Թուրքիան կփորձեն Անկարայի համար ստեղծել նոր՝սիրիա-լիբիական ճակատ Միջերկրական ծովում:
Սիրիական և լիբիական ճակատներին զուգահեռ, Թուրքիայի դեմ սկսելու է ակտիվ գործել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս գեոպոլիտիկ եռանկյունին: Երկրները վերջերս ստորագրել են ռազմական համագործակցության պայմանագրեր ու խորացնելու են եռակողմ կապերն՝Անկարայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը համատեղ ուժերով դիմագրավելու համար:
ՌԴ-Թուրքիա ուղիղ ռազմական բախում դժվար թե տեղի ունենա՝հաշվի առնելով Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքն ու ՌԴ-ի՝միջուկային տերության կարգավիճակը: Սակայն երկրները շարունակելու են միմյանց դեմ պայքարել տարբեր գեոպոլիտիկ խաղատախտակներում՝լիբիական, սիրիական, Ղրիմում, Կովկասում և այլուր:
Թուրքիան իր սահմանների երկայնքով ու Մեծ Մերձավոր Արևելքում բախվում է մի քանի ճակատներով պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի հետ:
Լիբիա-Սիրիա հակաթուրքական տանդեմի կարող է միանալ նաև արաբական աշխարհի առաջատարներից՝Եգիպտոսը:
Թուրք-եգիպտական հարաբերությունները լարված են՝Մահմեդական եղբայրների իշխանության տապալումից հետո Էրդողանը կոշտ հայտարարություններ է հնչեցրել Եգիպտոսի նոր իշխանությունների հասցեին: Բացի այդ, Եգիպտոսը չի ցանկանում թուրքական դիրքերի ամրապնդում Մերձավոր Արևելքում՝սուննիական աշխարհում, իր հարևան՝Լիբիայում, ինչպես նաև Միջերկրական ծովում:
Իր հերթին, ՌԴ-ն էլ կոշտ է արձագանքում Անկարայի բոլոր փորձերին ակտիվացնել պանթուրքիստական և պանիսլամիստական շարժումները ՌԴ-ի թյուրքախոս, մահմեդական տարածաշրջաններում՝Հյուսիսային Կովկաս, Թաթարստան, Ղրիմ և այլն:
Այսպիսով, Թուրքիայի պանթուրքիստական, նեոօսմանական արտաքին քաղաքականությունը հանգեցրել է հակաթուրքական կոալիցիաների ձևավորմանը Մեծ Մերձավոր Արևելքում ու այժմ Անկարան կանգնած է մի քանի ճակատներով հակառակորդներին դիմագրավելու բարդ խնդրի առջև:
Վարդան Վարդանյան