24.11.2024
ՀՀ-ի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական տանդեմին միանում է Նախիջևանը
prev Նախորդ նորություն

Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից

Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից: Այս մասին այսօր հայտարարեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:


Սվիրիդենոկոն Երևանում մասնակցում է «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման։


Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկից արդեն իսկ ծախսվել է շուրջ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել, արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից:


2019-ի դեկտեմբերին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ռուսական վարկի ժամկետի երկարաձգման մասով Մոսկվայի հետ բանակցություններն ավարտվել են դրական ելքով: Նախատեսված էր, որ արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեին 2019-ին, սակայն դրանք երկարաձգվելու են մինչև 2021-ի ավարտը:


Այժմ պարզվում է, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիր, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը: Պատճառները հայտնի չեն:


«Այս հարցերը շարունակում են քննարկվել, և դրանք լուծված չեն: Բանակցությունները շարունակվում են»,- ասաց Յուրի Սվիրիդենկոն՝ հավելելով, որ նոր համաձայնագրով Հայկական ատոմակայանի արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեն 2021-ին, սակայն այս հարցում դեռ առաջընթաց չկա, քանի որ միջպետական մակարդակում այն դեռ կարգավորված չէ:


Ատոմակայանի՝ վերազինման գրաֆիկից հետ ընկնելու փաստը մտահոգում է Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանին։ Նրա կարծիքով՝ արդեն այս տարի Հայաստանը կարող է բախվել լուրջ խնդիրների․ «Հնարավոր են խնդիրներ Ատոմոկայանի ենթակայաններում»:


Ազատյանի մտահոգությունները մասամբ կիսում է էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը, որի կարծիքով Ատոմակայանի վերազինման գրաֆիկից հետ ընկնելը բացասական երևույթ է Հայաստանի ընդհանուր էներգահամակարգի համար, «սակայն աղետալի չէ»:


«Կարևոր է, որ մինչև 2021-ը մենք կարողանանք ավարտել Ատոմակայանի ռեակտորի թրծումը, որպեսզի մինչև 2026-ն ունենաք ատոմային էներգետիկա»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի էներգահամակարգի կայունության ապահովման տեսնակյունից ատոմային էներգիան անփոխարինելի է, քանի որ ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին արտադրության շուրջ 40 տոկոսը:


Քննարկման մասնակից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգիայի վարչության պետի պաշտոնակատար Նունե Ալեքյանը նշեց, որ արդիականացման արդյունքում ՀԱԷԿ-ը շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026-ը: «Հետագայում կլինեն նոր գնահատականներ ու քննարկումներ: Եթե կայանի վիճակը բավարարի, դրա շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2036-ը»,- ասաց նա:


Ըստ Ալեքյանի՝ Հայաստանը՝ անկախ ռուսական վարկի երկարաձգման բանակցություններից, հնարավորություններ է փնտրում ՀԱԷԿ-ի ռեակտորի թրծումն իրականացնելու համար: «Օրեր առաջ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում ՀԱԷԿ-ին ցուցում է տրվել սեփական միջոցներով մի քանի օրվա ընթացքում պայմանագիր կնքել մինչև այս տարվա վերջ ռեակտորի թրծումն իրականացնելու համար: Պայմանագիրը կնքվելու է «Ռոսատոմ սերվիսի» հետ», - ասաց Նունե Ալեքյանը:


Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021-ը։ Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 երկարաձգելու հնարավորությունը։