Հայաստանի տնտեսական ցուցանիշները 2019-ին բավականին տպավորիչ էին ոչ միայն աճի բացարձակ թվերով, այլև կառուցվածքային փոփոխություններով: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա հիշեցրեց, որ 2019 թվականին գրանցվել է 7,6 տոկոս տնտեսական աճ և այդ ցուցանիշով Հայաստանն առաջինն է տարածաշրջանում: «Սա նաև վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է», - ասաց նա՝ ընդունելով, որ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, որի ուղղությամբ կառավարությունը շարժվում է:
«Մենք հստակ տեսնում ենք, որ ամենաշատ տնտեսական աճին նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում` ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը, իսկ կոնկրետ խաղային ոլորտը և այդ մշակույթը, զվարճությունները, հանգիստը՝ տնտեսական աճին նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով»,-ասաց նա:
Տարվա ընթացքում, նրա խոսքով, իրականացվել են որոշակի քայլեր, որոնց արդյունավետությունը տեսանելի կլինի այս տարվա սկզբից: «Մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը», - ասաց նա՝ նշելով, որ սպասումները դրական են:
Իներցիոն բնույթ
Քննարկմանը մասնակից էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը մատնացույց արեց տնտեսության թույլ կողմերը՝ նախ նշելով, որ տնտեսական աճը շարունակում է կրել իներցիոն բնույթ։
«Ցավոք, այս պահին տնտեսության կառուցվածքում՝ քաղաքականության մասով հիմնարար փոփոխություններ ապահովող առաջընթաց չունենք: Չկա հստակ գաղափարախոսություն և ռազմավարություն, թե ուր է շարժվում տնտեսությունը, ինչ խնդիրներ է այն լուծում», - ասաց նա՝ մատնացույց անելով այն, որ կառուցվածքում աճի նպաստմանը զուգահեռ կան ակնումներ, օրինակ գյուղատնտեսության ոլորտում։
«Ցավոք, մենք այստեղ 2018թ. համեմատ ունենք շուրջ 60 մլրդ դրամով պակաս ստեղծված հավելյալ արժեք»,- նշեց նա:
Թեև տոկոսային առումով աճել է շինարարությունը, սակայն բացարձակ թվերով, Մինասյանի խոսքով, շինարարության ծավալները աճ չունեն։ Մոտ 26 մլրդ դրամով ավելացել է զվարճությունների և հանգստի ոլորտի գումարը, որը սակայն տնտեսական աճ համարել չի կարելի, ասաց նա։
«Անշուշտ, ցուցանիշներից մեկը բաց հանքերի շահագործումն է, մոտ 25 մլրդ դրամով ավելի, սա խոսում է այն մասին, որ հայտարարված քաղաքականությունը, թե հանքարդյունաբերությունից պետք է տնտեսությունը վերակողմնորոշվի դեպի տեխնոլոգիատար՝ միտված առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմանը, հակասում է մոտեցմանը և սրա պատճառը ոչ միայն այն է , որ չկա այստեղ հստակ հայեցակարգ, այլ այն, որ չի հաջողվել ձևակերպել անհրաժեշտ նպատակադրումները և գաղափարախոսությունը»,- ասաց Մինասյանը։
Տնտեսագետի խոսքով՝ տնտեսական աճի կարևոր պայմաններից է ներդրումային քաղաքականությունը, որն ըստ նրա՝ Հայաստանում դեռ չի ձևավորվել. «Հայաստանում դեռ չի ձևավորվել այնպիսի համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից և քաղաքական գործչից»։
Հաջողված տարիներից մեկն էր
2019 թվականը, ըստ ԿԲ 1994-98 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանի, Հայաստանի տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է: Անցած տարվա զարգացումների մեջ, կարծում է նա, մեծ նշանակություն ունեին հասարակական սպասումները: «Ունենք 7,6 % տնտեսական աճ և առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որոնցում հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, կամ որտեղ հասարակության սպասումներն ավելի լայն դրսևորումներ են ունենում: Սա իշխանության առաջ ավելի լրջանալու պահանջ դնելու հայտ է»,- ասաց նա:
Բովանդակային առումով, նշում է նա, անցյալ տարվա տնտեսական զարգացումը հիացմունքի առարկա չի կարող լինել: «Արդյունաբերության մեջ առաջնային տեղում է հանքարդյունաբերությունը, իսկ վերամշակող արդյունաբերության աճն ավելի ցածր է եղել», - ասաց նա՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նկատվող բացասական միտումներին:
«Գյուղատնտեսությունը մեզ մոտ մնացորդային բնույթ է կրում, մենք 17-րդ դարից քիչ ենք տարբերվում: Այն տնտեսական շրջանառությունից դուրս է, չի արտահայտվում: Բնամթերային բնույթ է կրում», - ասաց Ասատրյանը:
Նրա կարծիքով, մեծագույն նվաճումներից մեկը մակրոտնտեսական կայունությունն է: «Սակայն մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք: Գնաճը տնտեսական աճի բաղադրիչներից մեկն է, և պետք է ուշադիր, հետևողական լինենք, որ այդ ցուցանիշները համապատասխանեն տնտեսական աճին»,- ասաց նա:
Բագրատ Ասատրյանը համաձայնեց, որ այսօր նախարարները, կառույցների ղեկավարները կաշառք չեն վերցնում, սակայն նշեց, որ կոռուպցիայի խնդիրը համակարգային է: «Կոռուպցիայի դեմ պայքարում համակարգային լուծումներ չեն տրվել ու դեռևս չեն տրվում», - բողոքեց նա:
«Կոռուպցիան մշակութային երևույթ է, այդ մշակույթը չի փոխվել: Ես հավատացնում եմ, որ կոռուպցիան կրթական համակարգում ավելի է խորացել այս երկու տարիների ընթացքում, քանի որ համակարգային փոփոխություններ չկան, պահանջը չկա, այդ կառույցները չեն աշխատում, այսօր ուսանողը գալիս է համալսարան ոչ թե սովորելու, այլ չսովորելու համար, այսօր փող են տալիս չսովորելու համար»,-եզրափակեց Բագրատ Ասատրյանը: