Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը կարևորել է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցումը, ինչպես նաև Թուրքիայից դեպի Նախիջևան գազատարի կառուցման ծրագիրը:
Այս պահին Նախիջևանը գազ է ստանում Իրանից և Թուրքիա-Նախիջևան գազատարի կառուցումը նաև նպատակ ունի նվազեցնել Նախիջևանի էներգետիկ կախվածությունն Իրանից:
Թուրք-ադրբեջանական տանդեմը Նախիջևանում իրականացնելով տրանսպորտային, էներգետիկ նախագծեր Նախիջևանը վերածում են գեոպոլիտիկ և ռազմա-քաղաքական գործոնի:
Բաքուն ցանկանում է Նախիջևանը դարձնել հնարավորինս ինքնաբավ կամ նվազեցնել Նախիջևանի կախվածությունն Իրանից, ինչն իր հերթին հանգեցնում է Նախիջևանի կախվածության մեծացմանը Թուրքիայից:
Թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությանը միանում է Նախիջևանն ու տարածաշրջանում ձևավորվում է նոր գեոպոլիտիկ առանցք՝Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան՝չնայած Նախիջևանը Ադրբեջանի կազմում ունի Ինքնավար Հանրապետության կարգավիճակ:
Նախիջևանի տնտեսական ու ռազմական ներուժն ավելացնելով Բաքու-Անկարա տանդեմը նպատակ ունի այն կիրառել ՀՀ-ի ու Իրանի դեմ:
Թուրքիան պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան՝հասկանալի է, որ դա արվում է թե տնտեսական, թե ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժի՝Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում՝Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա՝Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով՝ղարաբաղյան, Տավուշ՝հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:
ՀՀ-ի դեմ ռազմական բռունցք դառնալուն զուգահեռ Նախիջևանը՝թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքիստական ռազմավարության մեջ պետք է դառնա նաև պլացդարմ Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանների նկատմամբ՝այնտեղից այսպես կոչված Հարավային Ադրբեջանում պանթուրիստական քարոզչություն իրականացնելու և սեպարատիստական տրամադրություններ տարածելու համար:
Վարդան Վարդանյան