VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի տակ գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար)։ Մինչդեռ հանրաքվեի մասին օրենքում գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը։ Հարկ է նկատել, որ որևէ հրապարակում այդպես էլ չեղավ, թե ովքեր են մասնակցել դրամահավաքին: Մեր տեղեկություններով մոտ 20 հազար ամերիկյան դոլար փոխանցել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը իշխանափոխությունից հետո կարծես Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում ամենասիրելի գործարարն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում և վաղեմության ժամկետ չկիրառել 300.1-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ: Այսինքն՝ Պետրոսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Այս պահին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվում է միայն Ռոբերտ Քոչարյանը, և սրանից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ական պատգամավոր Պետրոսյանը ուզում է ամեն ինչ անել, որ Քոչարյանը վաղեմության ժամկետի կիրառման հիմքով չհայտնվի ազատության մեջ»:
«Իրատես» թերթը գրում է. «Երբ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է «Մոնումենտի» տների օրինական եւ ապօրինի լինելու մասին ու հրահանգում զբաղվել այդ հարցով, ակամայից հիշում ես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որը տեւական ժամանակ խորհրդարանում բարձրաձայնում էր ՎՊ-ի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան խնդիրը: «Շուրջ 3 տարի ձգվող խորհրդարանական հրապարակային քննությունից հետո մեզ, ի վերջո, հաջողվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ կապված չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել: Խոսքը ՎՊ նախագահի մի քանի միլիոնանոց դղյակի մասին է, որը կառուցվել է պաշտպանության նախարարության հարեւանությամբ: Այդ դղյակը կառուցելու ժամանակ Իշխան Զաքարյանը չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու, թե իրեն, որ միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, որտեղի՞ց այդքան փող՝ նման դղյակ կառուցելու համար: Սրա համար Զաքարյանը մի մեխանիզմ էր մշակել, որ, այո, այդ տունը կառուցում է ինքը, բայց ոչ իր փողերով՝ այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար՝ վերջինիս փողերով... Սա ի՞նչ հանելուկ է: Լավ, ընկերական հարաբերություններով 5, 10, 20, լավ 30 հազար նվիրել, բայց 1-2 միլիոն փողը ո՞նց են նվիրում»,- տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Բառապաշարի առումով բան չի փոխվել, ընդամենը կարգավիճակի փոփոխություն է եղել: Հնարավոր է` այդ վերափոխման արդյունքում է, որ այսօր նա միայն որոշ նախկինների առանձնատների մասին է խոսում, իսկ իր իսկ միջոցներով դեռ տարիներ առաջ բացահայտած «կոռուպցիոն մեխանիզմներով» կառուցված առանձնատան տիրոջ մասին լռում է: Փաստորեն, սա այն դեպքն է, երբ կան նախկիններ եւ ավելի նախկիններ: Եթե այսօրվա վարչապետը հավես ունենա, մեկիկ-մեկիկ դիտի ընդդիմադիր Փաշինյանի ելույթներն ու դրանց հետքերով գնա, գուցե ավելի շատ գործ կարող է անել, քան այն, ինչ հիմա անում է: Ի վերջո, կստանա նաեւ իրեն այդքան հուզող` Իշխան Զաքարյանի առանձնատան «հանելուկի» պատասխանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմի օպտիմալացման ծրագիրը, ինչպես հայտնի է, ընթացքի մեջ է։ Սակայն, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են։ Ավելին՝ անգամ հակառակ գործընթացն է նկատվում։ Կառավարության կայքից տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշման մասին․ «2018 թ․ հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման հավելվածում «300» թիվը փոխարինել «302» թվով»։ Խոսքն արդարադատության նախարարության մասին է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կառավարությունն ԱԺ է ուղարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որտեղ ամրագրված է նաեւ հետեւյալ դրույթը․ սեռով, ռասայով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ էթնիկական կամ սոցիալական խմբի դեմ հնչող հրապարակային կոչերը, բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` 1 տարի ժամկետով։ Քաղաքական հայացքների մասին շատ է գրվել, մեր աղբյուրն ասում է․ «Ուշադրություն դարձրեք «սոցիալական» խումբ եզրույթին, դրա տակ կարող են տարբեր, այդ թվում եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, տրանսգենդերներ լինել։ Օրինագիծն ընդունելու դեպքում, դիցուք, ասենք, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը երբեմն այդ «առնչությամբ» հայտարարություններով է հանդես գալիս, կարող է դատապարտվել 1 տարով»: Նախագիծը երեկ արագությամբ քննարկվել եւ հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Բանն այն է, որ «այդ պահանջը ԵՄ ճանապարհային քարտեզի բաղկացուցիչներից է, ԵՄ առաջարկած պայմաններից մեկն է»: ԱԺ օրակարգ է մտնելու ոչ միայն այս, այլեւ ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող վիճահարույց նախագիծը, որը ներկայացրել է Ռուստամ Բադասյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» մեր աղբյուրները նշում են, որ Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները դեռ շարունակվում են։ Ճիշտ է՝ գլխավոր դատախազի թեման կարծես արդեն փակ է, բայց կարծես թե ՍԴ ապագա դատավորի ռեալ թեկնածու է։ Ի դեպ, նույն աղբյուրն ասում է, որ ժամանակներ առաջ Ջհանգիրյանի թեկնածությունը բերել էին «Իմ քայլի» վարչություն` քննարկման, որպես ԲԴԽ անդամ՝ «մերժում ստացավ»: Ինչո՞ւ։ «Վարչությունում շատերն էին դեմ, պատճառաբանությունն այն էր, որ ոնց պետք է վեր կենանք, պառլամենտում Ջհանգիրյան գովենք»: Վահե Գրիգորյան կգովեն, Ջհանգիրյան` ո՞չ։ «Դե, համաձայնության չեկան, Ջհանգիրյանի թեկնածության նախաձեռնությունը վարչության ՀԱԿ-ի թեւի ժողովրդինն էր»: ՀԱԿ-ի թե՞ւ էլ ունեք, ովքե՞ր են։ «Դե, հայտնի է` Թորոսյան Արսենն է, Սիմիդը, Արայիկ Հարությունյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Համայնքապետերի մի մասը կարող է աշխատել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ: Խոսքը հիմնականում այն համայնքների մասին է, որոնք առաջիկայում խոշորացման պլանի տակ են, և այդ համայնքապետերը կորցնելու են իրենց աշխատանքը: Նրանք համարում են, որ սահմանադրական հանրաքվեի տապալման դեպքում կառավարությունը կարող է հրաժարվել նաև համայնքների խոշորացման ծրագրից»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ որոշակի լարվածություն կա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Այո»-ի շտաբում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ չի եղել անձամբ հարցերը վարելու, դերաբաշխումներ կատարելու գործին, շտաբում շունը տիրոջը չի ճանաչում: Ոմանք ինքնագործունեությամբ են զբաղված, ոմանց դուր չի գալիս, որ այսպես ասած, հրամաններ են արձակում մարդիկ, որոնք ոչ մի առավելություն չունեն: Մոտիվացիա չկա, հատկապես շարքային իմքայլականների մոտ, որոնք ոչ պաշտոն են ստացել, ոչ էլ պարգեւավճար, այս անգամ՝ ոչ էլ «դուխով» գլխարկ»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. ««Ոչ»-ի քարոզչական կողմը սկսել է որոշ թեզեր շրջանառել քարոզչական դաշտում՝ փորձելով ընդդիմանալ «Այո»-ի քարոզչությանը: Որոշ գործիչներ անգամ սկսել են կանխատեսումներ անել՝ փորձելով ցույց տալ, թե ինչի կարող են հանգեցնել ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների դիրքորոշումն ու սույն հանրաքվեն: Այս համատեքստում առաջին հերթին ընդգծվում է իշխանությունների ձգտումը՝ ունենալու յուրայիններով համալրված կցորդ դատարան: Քարոզչական մանիպուլյացիան այն բանում է, որ իրականում խնդիրը ոչ թե ՍԴ-ի անդամների՝ յուրային կամ ոչ յուրային լինելու մեջ է, այլ ՍԴ-ի բացարձակ ինքնուրույնությունը սահմանափակելու, քանի որ ՍԴ-ն չունի հակակշիռների համակարգ, չի մտնում իշխանության ճյուղերի՝ միմյանց հավասարակշռելու կոնցեպցիայի մեջ: Հանրաքվեի իմաստը հենց այս բարձիթողի վիճակը կարգավորելն է: Ոչ թե ՍԴ-ին ինքնուրույնությունից զրկելը, այլ հավասարակշռման տիրույթ տեղափոխելը: Ի վերջո, Եվրոպան մեզնից լավ չգիտի, թե ինչ է մեզ հարկավոր, եւ որոշումներ կայացնելուց Հայաստանը պետք է առաջին հերթին դիտարկի իր համար նպատակահարմարության հարցը, ոչ թե Եվրոպայի: Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության ու ժողովրդի հանդեպ հարգանք ծնում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը կկայանա երթ՝ «նվիրված 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին»։ Երևույթն ինքնին արտառոց չէ, քանզի նման երթ կամ հանրահավաք կազմակերպվել է ամեն տարի: Սակայն այս տարի երթի հետ կապված մտահոգություններ են հայտնել թե՛ առողջապահության ոլորտի մասնագետները, թե՛ որոշ քաղաքական ուժեր, թե՛ հասարակական տարբեր կազմակերպություններ: Ավելին՝ մեզ հասնող տեղեկություններով, լուրջ անհանգստություններ կան նաև հասարակության մեջ: Բանն այն է, որ մի կողմից՝ սեզոնային գրիպի ակտիվացմամբ, մյուս կողմից՝ կորոնավիրուսի վտանգներով պայմանավորված՝ նման մարդաշատ հավաքի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում: Արդյո՞ք Առողջապահության նախարարությունը այս հարցով իր դիրքորոշումն արտահայտել է, և արդյո՞ք նախարարությունում նման վտանգներ չեն տեսնում: ԱՆ լրատվական ծառայությունից «Փաստի» հարցմանն ի պատասխան նշեցին. «Մեր խորհուրդները տրվում են իրավիճակին համապատասխան։ Բարեբախտաբար, այս պահի դրությամբ մեր երկրում չկա կորոնավիրուս։ Ելնելով մեր երկրի համաճարակաբանական իրավիճակից՝ այս պահին արդիական են այն խորհուրդները, որոնք հրապարակում ենք մեր ամենօրյա հաղորդագրություններում։ Բնականաբար, ցանկացած մարտահրավերի դեպքում փոխվում են խորհուրդները, ուղղությունները և գործողությունները»։ Անհանգստություն արտահայտողները խոսում են նաև այն մասին, որ կորոնավիրուսի գաղտնի շրջանում ախտանշանները նկատելի չեն: Իսկ եթե հավաքի ժամանակ, Աստված մի արասցե, վարակված մարդ լինի, ու ինքն էլ չիմանա այդ մասին, սա պոտենցիալ վտանգ չէ՞, հարցնում ենք: «Եթե-ներով չենք առաջնորդվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ամիսներ շարունակ գործադրված քրեական եւ հոգեբանական ճնշումներին, Սահմանադրական դատարանի 7 անդամները, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, հրաժարվեցին վաղ կենսաթոշակի գնալուց։ Հաջորդ ակտում արդեն սահմանադրական հանրաքվեն է՝ որպես ՍԴ այս կազմից ազատվելու վերջին միջոց։ Հիշեցնենք, որ երեկ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի գործողության վերջին օրն էր, եւ որեւէ դիմում ՍԴ անդամներից չեղավ։ Այդ դատավորներն են՝ Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։ Ի տարբերություն ՍԴ-ի, ԲԴԽ անդամները երեկ մի կիսատ որոշում կայացրին դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ, իսկ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը Հատուկ կարծիք գրեց, որն այնքան քաղաքական է, որ կարող է օրինական հիմք հանդիսանալ նրա ԲԴԽ անդամությունը դադարեցնելու համար»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա քառօրյային քննարկման են դրվելու, այսպես կոչված, վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։ Խորհրդարանի մեր աղբյուրները փոխանցել են, որ իշխանությունները այս նախագծերի մեջ բավականին «նրբորեն» փաթեթավորել եւ ներդրել են եւս մի ռիսկային նախագիծ, որը փաստացի գալու է փոխարինելու բավականին լայն արձագանք ստացած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից եւ ուղարկվել նախագահի ստորագրմանը։ Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը այս նախագիծը չէր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ սահմանադրականության հարցը ուսումնասիրելու։ Նշյալ նախագիծը շրջանառության մեջ դնելուց ի վեր բավական սուր քննադատությունների ու մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել մասնագիտական շրջանակների կողմից, քանի որ իր մեջ բավականին լուրջ ու խորքային ռիսկեր է պարունակում։ Հիմա փորձ է արվում ունենալ պահեստային տարբերակ՝ ՍԴ-ի կողմից նշյալ օրենքը հակասահմանադրական ճանաչելու դեպքում «ձեռքի տակ ունենալու» համար: Մեր տեղեկություններով, այս օրերին նշյալ թեմայով բավականին թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ սենյակներում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արցախյան ընտրություններում հաջողության հասնելու շանսը շարունակում է պահպանել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում եւս մեծ թվով մանդատներ կարող է ունենալ: Լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը, որոնք հատկապես վերջին տասնօրյակում կտրուկ ակտիվացել են, իսկ Վիտալի Բալասանյանն սկսել է խիստ կառուցողական, գրագետ քարոզարշավ վարել: Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել, դառնալ Փաշինյանի սրտի թեկնածուն: Ասում են, սակայն, որ նրա ու Սամվել Բաբայանի ոչ միանշանակ համագործակցությունը վնասել է երկուսին էլ՝ մեխանիկական միակցման այդ տանդեմը բացարձակապես չի արժանացել արցախցիների հավանությանը` ոչ միայն Մասիսի ֆլեգմատիկ, այլեւ Կամանդույուշչիի արկածախնդիր, վերջին շրջանում էլ ցանկացած ձեռնարկ տապալելու պատճառով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի ուշագրավ որոշում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Բանն այն է, որ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան եւ միջնորդել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ հունվարի 23-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով բեկանվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը, որով վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը: Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին եւ ներկա պաշտոնյաների նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո: ՀՔԾ-ն անգամ վերծանել էր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը, եւ նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ հունվարի 23-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:
Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է բողոքարկել այն՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված վճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից: Ընդգծենք՝ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ «ժողովուրդ» օրաթերթի հարցով, սակայն, դատախազն անձամբ է որոշել զբաղվել։ Ուսումնասիրելով իրավիճակը՝ կարող ենք արձանագրել, որ անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նման միջնորդություններ եղել են՝ կապված «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վերաբերյալ քրեական գործի հետ: Ստացվում է՝ Դավթյանն անձամբ է հանձն առել զբաղվել մեր օրաթերթի գլխավոր խմբագրի գործով եւ բեկանելու միջնորդություն ներկայացնել: Առնվազն տարօրինակ է՝ ինչու է Դավթյանն այդքան շահագրգռված: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է գնալ մինչեւ վերջ եւ խոստանում է հաղթել բոլոր ատյաններում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել: Տեղեկացանք, որ վերջին օրերին վիճակը վատ է եղել հատկապես Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Վանաձորում մարդկանց կծելու, հարձակվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում: Անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել: «Քանի որ շների ոչ թե քանակը, այլեւ որակն է փոխվել. իրենք ավելի ագրեսիվ են դարձել: Կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնք որ ստերջացված են», – նշեց նա: Սակայն, բացի մարզերից, թափառող շները պատուհաս են դարձել նաեւ Երեւանի բնակիչների համար: Այս խնդրի շուրջ եւս «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում երեւանցիներից: Երեւանի քաղաքապետարանից, սակայն, փոխանցում են, որ թափառող շների հարցով զբաղվում են: Ավելին, մի քանի շաբաթից շահագործման կհանձնվի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը, որը կահավորված կլինի վիրահատարաններով, նախավիրահատական, հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ վանդակներով: Թե սա ինչքանով կփոխի իրավիճակը, դժվար է ասել։ Կենդանիներին, անշուշտ, պաշտպանել է պետք մարդ-գազաններից, բայց դա չպետք է արվի այնպես, որ հիմա էլ մարդկանց գազազած շներից պաշտպանելու հրամայականի առաջ կանգնենք»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Եվ այս շրջանում, չնայած իշխանությունների հավաստիացումներին, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում վարակների նկատմամբ վերահսկողական աշխատանքի որակը: Ինչպես հայտնի է, Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը թույլ չտալու հարցում վերահսկողություն իրականացնող մարմիններն են Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Եվ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսի կրողը լինել, ու շփումների միջոցով այն կարող է տարածվել: Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են վերահսկողություն իրականացնում: «Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում. եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է, ստուգվում է: Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում», – նշեց Նարեկ Զեյնալյանը: Եվ, վերջինիս խոսքով, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է: Մնում է միայն հասկանալ, թե 14 օր ով ինչ որակով եւ պատասխանատվությամբ է պոտենցիալ վիրուսակիրներին վերահսկում: Հուսանք՝ դա չի արվում միայն խոսքով»։