Թաթոյանն առաջարկում է պետական բուհերը դարձնել անվճար և ներդնել ճկուն վարկեր
Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանն առաջարկել է Հայաստանի քաղաքացիների համար պետական բարձրագույն կրթությունը դարձնել անվճար, իսկ մասնավոր բուհերի ուսանողների համար ներդնել ճկուն վարկավորման համակարգ։
Քաղաքական գործիչն ընդգծել է միջազգային, մասնավորապես՝ ամերիկյան փորձի կիրառման կարևորությունը, որտեղ կրթական վարկերը ծածկում են ոչ միայն ուսման վարձը, այլև կեցության ծախսերը։ Ըստ Թաթոյանի՝ այս մոդելի գլխավոր առավելությունն այն է, որ վարկի մարումը սկսվում է միայն ուսումն ավարտելուց և աշխատանքի անցնելուց հետո, ինչը զգալիորեն թեթևացնում է ծնողների ֆինանսական բեռը։
Նա նաև հավելել է, որ նման մոտեցումը բուհերին կստիպի ավելի ակտիվ համագործակցել աշխատաշուկայի և պետության հետ՝ նպաստելով շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն ու երիտասարդ մասնագետների պահանջարկի ապահովմանը։