20.04.2026
Լուսանկարը` Lava Media
prev Նախորդ նորություն

Ծառուկյանն առաջարկում է ներել մինչև 3 մլն դրամի վարկերը գյուղերում

Լուսանկարը` Գագիկ Ծառությանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Գագիկ Ծառությանի ֆեյսբուքյան էջից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում մտահոգություն է հայտնել գյուղաբնակների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ՝ կոչ անելով վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունն ու վարկային համաներում հայտարարել քաղաքացիների համար։


Քաղաքական գործիչն ընդգծել է, որ գյուղական համայնքների բնակիչներն այսօր փաստացի միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ և ստիպված են պայքարել զուտ գոյատևման համար՝ բազային ռեսուրսների, մասնավորապես ջրի, վառելիքի, սերմացուի և պարարտանյութի բացակայության պայմաններում։ Ծառուկյանի դիտարկմամբ՝ ոլորտային գերատեսչության լուծարումն ավելի է խորացրել ճգնաժամը՝ ստիպելով մարդկանց կամ արտագաղթել, կամ տեղափոխվել քաղաքներ։


Նա շեշտել է, որ գյուղատնտեսությունը պետք է դառնա կայուն և արժանապատիվ եկամտի աղբյուր, քանի որ հենց գյուղացին է պետության հենասյունն ու պարենային անվտանգության երաշխավորը։


Անդրադառնալով սոցիալական քաղաքականությանը՝ ԲՀԿ առաջնորդը խուսափել է կենսաթոշակների կտրուկ բարձրացման անիրատեսական խոստումներից՝ արձանագրելով, որ սոցիալական վճարների աճն անհնար է առանց տնտեսության իրական զարգացման և բյուջետային համապատասխան մուտքերի ապահովման։


Որպես ստեղծված իրավիճակում բնակչությանն աջակցելու հրատապ և գործուն միջոց՝ Ծառուկյանն առաջարկել է պետական մակարդակով ներել քաղաքացիների՝ մինչև երեք միլիոն դրամի հասնող վարկային պարտավորությունները։

Գագիկ Ծառուկյանը նաև գրառում է արել.
"Ջերմ ու սրտաբաց ընդունելություն Կոտայքում։

Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։
Գյուղերում խնդիրները շատ են, և հաճախ գյուղացին մնում է միայնակ իր հոգսերի հետ։

Մեր մոտեցումը հստակ է՝ գյուղը պետք է դառնա ոչ թե գոյատևման, այլ արժանապատիվ եկամուտի աղբյուր։ Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը։

Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը":