Երևանը խստացնում է «Աջափնյակ» մետրոյի կառուցման վերահսկողությունը
Լուսանկարը` CivilNet.am
Երևանն արագացնում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման ռազմավարական ծրագրի իրագործումը՝ աշխատանքների վերահսկողությունը տեղափոխելով խիստ ամենշաբաթյա ռեժիմ։
Ապրիլի 20-ին կայացած գործակարգավարական նիստի ընթացքում մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կայարանի կառուցումը հռչակել է որպես քաղաքային իշխանությունների բացարձակ առաջնահերթություն։ Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի առաջընթացի վերաբերյալ զեկուցել յուրաքանչյուր երկուշաբթի՝ ներկայացնելով անգամ ամենափոքր մանրամասները:
Ըստ նրա՝ մշտադիտարկումը կպահպանվի մինչև բուն շինարարական աշխատանքների մեկնարկը: «Ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք լինի զանգահարել, նամակ գրել, հոգնացնել գործընկերներին այս թեմայով, իրականացնելու եմ, որպեսզի ծրագիրը առաջ գնա», - շեշտել է Ավինյանը՝ պահանջելով գործնական քայլեր:
Զուգահեռաբար քաղաքապետարանը նախապատրաստում է կառուցապատման տարածքը։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը տեղեկացրել է, որ օտարման գոտին կընդգրկի շուրջ 42 հազար քառակուսի մետր տարածք՝ ներառելով 33 գույքային միավոր։ Սեփականատերերին փոխհատուցելու նպատակով նախնական հաշվարկով կտրամադրվի 10 միլիարդ դրամ։
Ակնկալվում է, որ ծրագրի տնտեսական շահութաբերությունը կկազմի 15,3 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է կառավարության սահմանած 9 տոկոս նվազագույն շեմը։ Ֆինանսավորումն ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեի միջոցներով. 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 2 միլիարդ դրամ, իսկ հաջորդող երկու տարիներին՝ ևս 22 միլիարդ:
Լայնամասշտաբ աշխատանքներն արդյունավետ համակարգելու նպատակով առաջիկայում կստեղծվի հատուկ միջգերատեսչական կառավարման խորհուրդ։