26.11.2024
ԲՀԿ-ն դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Նախագահը չի բացառում իր կողմից քննարկումների շարունակումը հանրաքվեի հարցի շուրջ

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող ԶԼՄ-ների հարցերին: 


Ստորևէ ներկայացնում ենք նախագահականի տարածած հաղորդագրությունը.


«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք.


Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:


Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը:


Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական և հասարակական կյանքին առնչվող կարևորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին»:


VERELQ-ը հիշեցնում է, որ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: