26.11.2024
Արցախում 19-ամյա զինծառայող է հանկարծամահ եղել
prev Նախորդ նորություն

Նախագահի աշխատակազմը պարզաբանել է՝ երբ կարող է անցկացվել սահմանադրական հանրաքվեն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ «Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով»։


Պարզաբանման մեջ նշվում է, որ հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:


«Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:


Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:


Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», - ասված է պարզաբանման մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում, խոսելով սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իր մոտեցման մասին, ասել էր. «Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:


Հունվարի 6-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: