Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում թյուրքական աշխարհի հետ աշխատանքը, որի համար կիրառվում են տարբեր հարթակներ(TIKA) և տրամադրվում ֆինանսներ: Թյուրքական աշխարհի հետ աշխատանքը համակարգվում է այդ երկրի ԱԳՆ-ի ու MIT-ի՝հատուկ ծառայության մակարդակով:
Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել է ակտիվ աշխատել նաև հետխորհրդային տարածքում՝փորձելով իր ազդեցությամբ լրացնել առաջացած վակուումը: Այդպիսի երկրներից մեկը նաև Մոլդովան է, որտեղ առկա է թյուրքական բնակչությամբ Գագաուզիայի Ինքնավարությունը:
Թուրքիան մեծ ֆինանսական, շինարարական և ներդրումային ծրագրեր է իրականացնում Մոլդովայի մաս հանդիսացող Գագաուզիայի Ինքնավարության տարածքում: Գագաուզիայում գործում են համատեղ մոլդովա-թուրքական ձեռնարկություններ, ուսումնարաններ, գագաուզ ուսանողները տարբեր բարեգործական ծրագրերով ուսում են ստանում Թուրքիայի համալսարաններում:
Ի նշան երախտագիտության ինքնավարության մայրաքաղաք Կոմրատում մի քանի տարի առաջ բացվել է թուրքական աշխարհի քաղաքական գործիչների`Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրիները:
Գագաուզները թյուրքական ժողովուրդ են, ովքեր դարեր շարունակ բնակվել են Օսմանյան կայսրության տարածքում:
Չնայած գագաուզների մեծամասնությունն ուղղափառ քրիստոնյաներ են, սակայն դա չի խոչընդոտում Անկարային իր պանթուրքիստական ծրագրերը կյանքի կոչել նաև Մոլդովայում և մասնավորապես Գագաուզիայում:
Թուրքիան հետխորհրդային տարբեր երկրներում փորձում է ակտիվացնել իր արտաքին քաղաքականության պանթուրքիստական տարրն ու ամրապնդել իր գեոպոլիտիկ ներկայությունը նախկին ԽՍՀՄ տարածքում:
Թյուրքական տարրի վրա հենվելով Անկարան ցանկանում է ունենալ իր soft power այդ երկրում և նրանց միջոցով ազդեցության լծակներ ունենալ բազմաթիվ երկրների քաղաքական և տնտեսական կյանքի վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018թ.-ին Մոլդովա այցի ընցաքում մասնակցել է նաև Գագաուզիայի մայրաքաղաք Կոմրատում Մոր և մանկան կենտրոնի, հիվանդանոցի և մանկապարտեզի բացմանը, որոնք կառուցվել են Անկարայի աջակցությամբ:
Չմոռանանք, որ Մոլդովան մտնում է նաև ՎՈւԱՄ-ի կազմի մեջ: Այդ կազմակերպության անդամ-երկրները ցանկանում են նվազեցնել իրենց կախվածությունը ՌԴ-ից և ՎՈւԱՄ-ը համարվում է հակառուսական հարթակ:
ՎՈւԱՄ-ը`Վրաստանը, Ուկրաիանին, Ադրբեջանը և Մոլդովան միավորող կազմակերությունը ստեղծվել է 1997թ.-ին և ըստ կազմակերպության հռչակագրի միտված է զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները և ժողովրդավարական արժեքները անդամ-երկրների միջև:
Թուրքիան, փաստորեն, Արևմուտքի հետ միասին աշխատում է նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում՝ունենալով այդ երկրներում սեփական ազդեցության լծակներն ու իր շահերը սպասարկող խմբեր: