23.11.2024
Անկարան հետխորհրդային տարածքում կառուցում է թյուրքական աշխարհ
prev Նախորդ նորություն

Արցախում ստատուս-քվոյի փոփոխությունը բացելու է «պանդորայի արկղը»

Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը:


Ղարաբաղյան բանակցային գործընթացն ակտիվանում է և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն վաղուց սահմանել է իր կարմիր գիծը բանակցություններում՝Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի սահմաններից դուրս և նրանք չեն պատրաստվում ճանաչել Ղարաբաղի սուբյեկտայնությունն ու անկախությունը, դա նշանակում է, որ Մինսկի խումբը ցավոտ զիջումների է պատրաստում հենց հայկական կողմին՝տխրահռչակ մադրիդյան սկզբունքների հիման վրա:


Մինսկի խմբի հայտարարության մեջ նշվում է կոնֆիդենցիալության սկզբունքի պահպանումը, այսինքն, Բաքուն և Երևանը չպետք է բացահայտեն այն փաստաթուղթը, որի շուրջ բանակցվում է: Հարց է առաջանում ինչու: Իհարկե ցանկացած բանակցություն փակ դռների հետևում ունենում է գաղտնիության ռեժիմ, սակայն այս պարագայում հավանաբար ղարաբաղյան հարցում կողմերին՝հայկական կողմերին, պարտադրվելու են ցավոտ զիջումներ՝ադրբեջանցի փախստականների վերադարձ, 7 շրջանների զիջում և այլն:


Այդ պատճառով այդ փաստաթղթի բացահայտումը կարող է ՀՀ-ում և Արցախում առաջացնել համահայկական մեծ շարժում, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության, ինչից հետո ՀՀ-ում իշխանության կգան բազեները՝այնպիսի ուժեր, որոնք չեն գնալու Ադրբեջանին ցավոտ զիջումների:


Դա կհանգեցնի պատերազմի հավանականության մեծացմանը, ինչը ձեռնտու չէ Մինսկի խմբին, ովքեր տարածաշրջանում ունեն բազմաթիվ գեոպոլիտիկ շահեր՝էներգետիկ, ռազմա-քաղաքական և այլն:


Մինսկի խումբը չի գիտակցում մեկ հանգամանք՝ինչքան բանակցությունները մոտենան հանգուցալուծման, այնքան հասարակությունները ՀՀ-ում ու Արցախում դառնալու են անզիջում՝զգալով, որ ղարաբաղյան հարցում նախապատրաստվում են ցավոտ լուծումներ: ՀՀ-ի ու Արցախի հասարակությունների մեծամասնությունը չի գնալու ոչ մի զիջման՝հողային և այլն, քանի որ Արցախում անգամ մեկ շրջանի վերադարձն Ադրբեջանին հանգեցնելու է ամբողջ պաշտպանական համակարգի կազմաքանդմանն ու դեմոգրաֆիկ այնպիսի փոփոխությունների, որոնք փոխելու են առկա ստատուս-քվոն ու տանելու են Արցախի հայաթափման:


Եթե Արցախում հասարակությունը զգաց, որ շրջաններ են հանձնվում Ադրբեջանին, ապա նրանք չեն ցանկանա բնակվել ադրբեջանական գյուղերով շրջափակված կիսանկլավ մի շրջանում, որի գլխին միշտ կախված է լինելու էթնիկ զտումների վտանգը:


Եթե ՀՀ-ի դիվանագիտությունը ցանկանում է ժամանակ շահել՝հանդիպելով ադրբեջանական կողմի հետ և մի քանի ամիս կամ անգամ տարի անց փորձի խաթարի բանակցային գործընթացը, ապա Բաքուն դրան պատասխանատելու է լայնածավալ պատերազմով՝Մինսկի խումբն էլ բանակցություններում դեստրուկտիվ կողմ է ընկալելու Երևանին:


Ժամանակ ձգելու մարտավարությունը՝չզիջելու պայմանով, իհարկե լավ է, սակայն դրան զուգահեռ պետք է ուժեղացնել տնտեսությունը, բանակը, Արցախը ու հասարակության մեջ չփնտրել ներքին թշնամիներ: Արցախում հնարավոր եղավ հաղթանակ տանել համազգային միասնականության շնորհիվ:


Ադրբեջանը նույնպես գիտակցում է, որ հայկական կողմն ի վերջո չի գնալու 7 շրջանների հանձնմանը՝հենց Արցախն է մերժելու զիջել անգամ մեկ մետր հող, դրա համար Բաքուն նույնպես երկրի ներսում ամրապնդում է Մեհրիբան Ալիևի իշխանությունը՝այն դարձնում է ավելի կուռ, իսկ ռազմական ծախսերն աճում են և Ադրբեջանը շարունակում է իր ժողովրդին պատրաստել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի՝ամեն օր հայերից արտաքին թշնամու կերպար է կերտվում՝շարունակվում են ինտենսիվ ռազմական գնումները, զորավարժություններն ու ռազմատենչ հայտարարությունները:


Այսպիսով, Արցախում ստատուս-քվոյի փոփոխությունը հանգեցնելու է ՀՀ-ում իշխանափոխության, իսկ Բաքվին ցանկացած անգամ փոքր զիջում բացելու է «պանդորայի արկղն» ու մոտեցնելու է լայնածավալ պատերազմի վտանգը՝հայկական կողմերի համար ստարտային ոչ ձեռնտու պայմաններով, եթե 7 շրջաններից անգամ մեկը զիջվի Ադրբեջանին: