Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունը յուրովի են ընկալում ու մեկնաբանում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի մտահագությունները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կոնֆլիկտի մասին:
Իշխանությունը Սահամանդրական դատարանի շուրջ ճգնաժամային իրավիճակի մասին մեղադրում է այդ կառույցի նախագահ Հրայր Թվոմասյանին՝ պնդելով, որ «ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանա»: Ընդդիմությունը զգուշացնում է վտանգավոր հետևանանքների մասին:
Իշխանությունը կիսում է Բուքիքիոյի անհանգստությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պնդում է, որ լարվածությունը ՍԴ-ի շուրջ առաջացել է Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում և այն պետք է օր առաջ վերացնել:
«Կիսում եմ պարոն Բուքիքիոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ: Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող սահմանադրության ոգին պիտի վերականգնվի: Կարևոր եմ համարում պարոն Բուքիքիոյի հիշեցումը՝ կապված կամավոր վաղ կենսաթոշակի համակարգի հետ», - հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը:
Նա կարծում է, որ յուրովի է մեկանբանում նաև ՍԴ անդամների վրա ճնշումներ գործադրելու անթույլատրելիության մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահի զգուշացումները:
«Կարծում եմ, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ, այդ թվում՝ ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից», - ընդգծում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:
Ընդդիմությունը զգուշացնում հետևանքների մասին
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը վստահ է, որ Բուքիքիոյի հայտարարության թիրախն գործադիր և օրենսդիր իշխանության ճյուղերն են:
«Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։
Նախագահը հատուկ շեշտադրում է՝ վերջին հանրային հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում վերոգրյալ չափանիշներին եւ չեն հանգեցնելու լարվածության թուլացմանը», - ։նշում է նա և «hատուկ մանիպուլիացիայի արվեստը բանեցնող իշխանական քարոզիչների համար», հայտարարում, թե իր կարծիքով, ինչ է ցանկացել ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահն Հայաստանի իշխանությանը.
«Դուք չեք ապահովում վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը: Ձեր հայտարարությունները եւ գործողությունները ընդհանրապես չեն բխում կամավորության սկզբունքից: Չի կարող ՍԴ անդամների վրա լինել այնպիսի ազդեցություն, որը որեւէ կերպ կազդի ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա։ Ասեմ, թե ձեզ համար պարզ է, թե՞ խոսքը նաեւ որ քրեական գործի մասին է», - հայտնում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, իշխանությունների գործողությունների արդյունքում Հայաստանի ու միջազգային կառույցների միջև փոխգործակցության հարցում «մոտենում ենք հայտարարությունների այնպիսի կոշտության, որ սովորաբար գործածվել է Ադրբեջանի հանդեպ»։ Նման իրավիճակ, նրա գնահատմամբ կարող է սետղծվել, եթե իշխանությունները կոշտ օրենսդրական փոփոխություններով «չեզոքացնեն ՍԴ-ի» ազդեցությունը:
«ՍԴ լիազորությունների յուրացման նախագիծը հերոսաբար ավարտեք ու կստանաք նաեւ դա», - կարծում է Արփինե Հովհաննիսյանը, որի հետ գրեթե համակարծիք է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այն, ինչ հիմա կատարվում է ՍԴ-ի շուրջ, կարելի է գնահատել հտևյալ կերպ: Իշխանությունը փորձում է կացնային եղանակով խնդիր լուծել, որը ոչ մի լավ տեղ չի տանում», - նշում է Մարուքյանը:
Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը «սահմանադրական հեղաշրջում» է որակում ՍԴ-ի ցերաբերյալ իշխանությունների նախաձեռնությունը:
Ինչ փոփոխություններ է նախաձեռնել իշխանութունը
Խոսքը կառավարող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների մասին է, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։ Այդ փոփոխոթյունները պետք է քննարկվեն ԱԺ-ում արտահերթ եղանակով:
Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։
Նախատեսվում է նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքում նախագիծը ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
Բուքիքիոյի զգուշացումները
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:
Նա հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի համակարգը պիտի լինի իրապես կամավոր և չուղեկցվի քաղաքական կամ անձնական ճնշումներով: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում արձանագրված որոշ հրապարակային հայտարարություններ և գործողություններ չեն մտնում այս տրամաբանության մեջ և չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը:
Բուքիքիոն հայտարարության վերջում բոլոր կողմերին կոչ է արել նպաստել իրավիճակի լիցքաթափմանը՝ երաշխավորելու համար սահմանադրության նորմալ գործունեությունը:
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողների տարածած հայտարարության մեջ ևս նշվում էր Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության մտահիգիչ փաստը։
Նրանք մտահոգված են այն այն երկարաժամկետ վնասով, որ «աննախադեպ մակարդակի հասած այս լարվածությունը կարող է ընդհանուր առմամբ հասցնել դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ շատ ցածր է»: