Ամերիկյան հետազոտական Heritage Foundation կազմակերպությունը հրապարակել է 5 հիմնական առաջնահերթություն, որոնք վերաբերվում են ԱՄՆ֊Վրաստան փոխհարաբերություններին:
ԱՄՆ-ի համար Վրաստանն ունի կարևոր նշանակություն մի շարք պատճառներով, որոնցից բոլորն էլ առնչվում են ՌԴ-ի դեմ ամերիկյան գեոպոլիտիկ քայլերին:
Ամերիկացիների համար կարևոր է ունենալ Հարավային Կովկասում հակառուսական պլացդարմ՝ՌԴ-ի սահմանների մոտ ու այդ դերակատարումը տասնամյակներ շարունակ իրականացնում է Վրաստանը՝հատկապես Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին:
ԱՄՆ-ն ռազմական, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Վրաստանին և նրա զինված ուժերին՝ՆԱՏՕ-ի հետ միասին, որպեսզի Վրաստանին դարձնեն իրենց գեոպոլիտիկ շահերը պաշտպանող ֆորպոստ:
Բացի ռազմական նշանակությունից՝Վրաստանն ունի ելք դեպի Սև ծով, սահմանակցում է ՌԴ-ի Հյուսիսային Կովկասին՝Վրաստանով են անցնում Մոսկվայի ռազմավարական դաշնակից ՀՀ-ի կյանքի ճանապարհները, Վրաստանը մոտ է գտնվում նավթագազային ռեսուրսներով հարուստ Կասպյան տարածաշրջանին, Վրաստանն ԱՄՆ-ի համար ունի նաև կարևոր լոգիստիկ նշանակություն:
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գեոպոլիտիկ շահերից է բխում ՌԴ-ն շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումը՝Արևմուտքը ցանկանում է ելք ունենալ դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, որոնք հարուստ են էներգետիկ ռեսուրսներով: Վրաստանի տարածքն օգտագործվում է այդպիսի էներգետիկ-տրանսպորտային լոգիստիկա կառուցելու համար, որի հիմնական շահառուներն Արևմուտքն է և Թուրքիան, որոնք ցանկանում են բալանսավորել ՌԴ-ից գազային կախվածությունը Հարավային գազային միջանցքի օգնությամբ:
Կասպից ծովի և Սև ծովի միջև ընկած բոլոր հիմնական կարևորագույն լոգիստիկ հզորություններն անցնում են Վրաստանով՝ամերիկյան կողմը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, ինչպես նաև կուրացիա է անում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիայի ամրապնդումը՝էներգետիկ հզորությունների անվտանգությունն ապահովելու համար:
Չնայած Վրաստանի այսօրվա իշխանությունները փորձում են վերականգնել կապերը ՌԴ-ի հետ՝առևտրա-տնտեսական, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում, սակայն Վրաստանի համար ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը շարունակում են մնալ գերակայություններ, ինչն էլ ուղիղ սպառնալիք են ՌԴ-ի ազգային անվտանգությանը:
Վրաստանի գեոպոլիտիկ դիրքը հուշում է, որ Թբիլիսին պետք է զարգացնի հարաբերություններն առաջին հերթին ՌԴ-ի հետ, որը նույնպես ուղղափառ երկիր է, ռուս-վրացական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, ՌԴ-ում բնակվում է մի քանի միլիոնի հասնող վրացական համայնք ու երկրները հարևաններ են և պետք է առաջ շարժվեն իրենց հարաբերություններում՝չնայած առկա բազմաթիվ հարցերի՝Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների հետ կապված:
ՌԴ-ի դեմ պլացդարմ դառնալով Վրաստանը միակողմանի մեծ կախվածության մեջ է ընկնում՝տնտեսական, էներգետիկ, դեմոգրաֆիկ առումներով թուրք-ադրբեջանական տանդեմից, իսկ ԱՄՆ-ն շատ հեռու է գտնվում և ինչպես ցույց տվեց 2008թ.-ի պատերազմն Արևմուտքը չի պատրաստվում Վրաստանի համար ուղիղ ռազմական բախման մեջ մտնել միջուկային գերտերություն ՌԴ-ի հետ:
Վրաստանը պետք է վարի ավելի պրագմատիկ արտաքին քաղաքականություն և չդառնա ԱՄՆ-ի գեոպոլիտիկ ծրագրերի մի մասնակը՝հատկապես չվերածվի հակառուսական պլացդարմի՝Արևմուտք-ՌԴ նոր սառը պատերազմի պարագայում: