«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առերեւույթ եւ ուղղակի կերպով հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը։ Պատահական չէ, որ նախագծի հիմնավորման մեջ նախագծի հեղինակները որեւէ հղում չեն նախատեսել Սահմանադրության նշված կետին։ Ավելին, կարծես դիտավորյալ կերպով արհամարհել են նշված սահմանադրական նորմի գոյությունը։
Համաձայն նշված դրույթի՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:
Այսինքն, «Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը» ձեւակերպումն ուղղակիորեն ենթադրում է, որ Սահմանադրության փոփոխության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխության վերաբերող հարցերով:
Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան։
Հետեւաբար, սահմանադրական փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարանին դիմելն Ազգային ժողովի օբյեկտիվ պարտականությունն է, ոչ թե հայեցողական լիազորությունը։
Հ.Գ. Առաջիկա օրերին ցանկանում եմ տեսնել նախագծի հեղինակները «հիմնավորումներն» առ այն, թե ինչպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը թույլ տալիս սահմանադրական փոփոխության վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան դիմելը նախատեսել որպես Ազգային ժողովի «հայեցողական» լիազորություն։
Հ.Գ.Գ ՈՒ ոչ մի ձուկ, ու ոչ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները...»։
Խնդրի պատմությունը
Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ՝ մտահոգություններ են հնչում այն մասին, որ երբ փոփոխությունների նախագիծն ուղարկվի Բարձր դատարան՝ դրա սահմանադրականությունը պարզելու նպատակով, այս կազմով ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի Սահմանադրությանը հակասող։ Այս մտավախության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսանում հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է՝ լուծվի Սահմանադրական դատարանի ճգնաժամը, գրել էր ՀԺ-ն։
Այս քննարկումների ֆոնին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել երեք նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։
Հովակիմյանը, մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։
Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։
Նախատեսվում է նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքում նախագիծը ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։