Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է. փաստաբաններ
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է: Այդ մասին ասվում է նրա փաստաբանական խմբի հայտարարության մեջ:
Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը կկայանա փետրվարի 3-ին:
Ըստ փաստաբանների՝ Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ նա հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում հետևանքներ կարող են անդառնալի լինել։
Հայտարարության մեջ նշվում է, որ կալանավորումից առաջ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայում և քննիչի առաջին իսկ հեռախոսազանգով ժամանել Երևան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։
Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված։ Նա արդեն 7 ամիս է կալանքի տակ է:
Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: