Կառավարությունը դեմ է, կերակրող կորցրած ուսանողները թոշակ ստանան մինչև 26 տարի
ԱԺ պատգամավորներն առաջարկում են երկարացնել կերակրող կորցրած ուսանողներին կենսաթոշակ տրամադրելու ժամանակահատվածը՝ ներկայիս 23-ից 26 տարի: Կենսաթոշակի պարտադիր պահանջը ուսումնական հաստատությունում սովորելն է: Համապատասխան փոփոխությունները առաջարկվում են մտցնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում:
Օրինագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Նարեկ Զեյնալյանը:
Հայկ Կոնջորյանի խոսքով, ներկայիս 23 տարին հաստատվել է նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից: Մինչդեռ 2004 թվականին ՀՀ անցում կատարեց երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009-ին՝ 12-ամյա միջնակարգ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում բուհը, այլ ավելի ուշ:
«Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ տեղի ունեցած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից, և տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26-ը»,- ասաց Հայկ Կոնջորյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, թե այս փոփոխությունը հավելյալ բեռ չի հանդիսանա պետալան բյուջեի համար, քանի որ նպաստը 26.5 հազար դրամից ավել չէ:
Մինչդեռ կառավարությունը դեմ է այս փոփոխություններին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ կառավարության համար շատ կարևոր է նույնիսկ մեկ անձի խնդիր լուծելը, բայց դեմ է հատվածական լուծում առաջարկելուն.
«Այս առումով կառավարությունն առաջարկել է խնդիրը քննարկել բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի նախագծի շրջանակում»,-ասաց նա :
Կառավարության մոտավոր գնահատականների համաձայն, փոփոխության ընդունումը կհանգեցնի 60 միլիոն դրամ լրացուցիչ ծախսերի: