Հաջորդ տարի լրանում է Կարսի պայմանագրի կնքման 100-ամյակը: Բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել է այս պայմանագրի դրույթների խնդրահարության, Հայաստանի շահերին հակասելու մասին և ահա մեկ տարի անց՝ 2021 թվականի մարտին դրա գործողության ժամկետը, ըստ էության, կավարտվի, քանզի այն կնքվել էր 100 տարով: Պատմաբանները բարձրաձայնում են՝ օրակարգ է գալիս սահմանների ճանաչման հարցը և անկախ նրանից, որքանով է դա ցանկանում է Թուրքիան կամ Ռուսաստանը Մոսկվան, Հայաստանը բոլոր իրավունքներն ունի սա դարձնել արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր հարց ու բարձրաձայնել միջազգային ասպարեզում:
Այս հարցի շուրջ VERELQ-ը զրուցեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ:
-Պարոն Մելքոնյան, Հայաստանը ինչ-որ անելիք, ակնկալիքներ կարո՞ղ է ունենալ Կարսի պայմանագրի 100-ամյակի հետ կապված: Ամենը կմնա այնպես, ինչպես կա՞:
-Կարսի պայմանագիրը, ըստ էության, այդ ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակից բխող երևույթ էր, քանի որ մինչ այդ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ էր ձևավորվել, երբ Հայաստան պետության գոյությունը մեծ հարցականի տակ էր և ընդամենը ամիսներ առաջ մեզ պարտադրվել էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը մնում էր 10 հազար քկմ սահմաններում: Իհարկե կարող են լինել խնդրի հետ կապված տարբեր բարձրաձայնումներ, բայց ռեալ քաղաքականության մեջ չեմ կարծում, որ Կարսի պայմանագրի կամ դրա որոշակի կետերի վերանայման հետ կապված խնդիրները գան իրատեսական քաղաքական օրակարգ: Բայց այն, որ մենք այդ հարցը պետք է պահենք մեր քաղաքական հռետորաբանության մեջ, գիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների մեջ նույնիսկ քննարկման ենթակա չէ:
Մեկ զուգահեռ կարող եմ տանել. Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը համարվում է բավական պրագմատիկ քաղաքական գործիչ, այնուամենայնիվ անընդհատ, վերջերս հատկապես, խոսում է Լոզանի պայմանագրի մասին (1923թ.), նշելով, որ այդ պայմանագրով Թուրքիան հրաժարվեց Մոսուլից, արաբական երկրներին տարբեր տարածքներ զիջեց և խոսում է այդ պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին: Բայց Թուրքիայի նախագահի ելույթները զուգորդվում են իրական քայլերով՝ այսօր թուրքական բանակը օկուպացրել է Սիրիայի մի հատվածը և գտնվում է հենց այն տարածքներում, որոնց մասին խոսում է Էրդողանը, հիշելով այդ պայմանագիրը: Այսօր թուրքական բանակը խախտում է Իրաքի սահմանը և այդ տարածքներում որոշակի գործողություններ իրականացնում: Ավելին՝ այդ բանակը այսօր նաև Լիբիայում է: Այսինքն միայն խոսել պայմանագրերից և իրական քաղաքականության մեջ որևէ հենք չունենալ, կարծում եմ, այնքան էլ հաճելի զբաղմունք չէ:
Գարեգին Նժդեհը լավ խոսք ունի. «Պայմանագրերը ապրում են այնքան ժամանակ, ինչքան դրանց կյանք տված պայմանները»: Կարծում եմ, որ այս պահին տարածաշրջանում և կոնկրետ մեր նեղ տարածաշրջանում չկա այն իրատեսական հիմքը, որը կտանի Կարսի և Մոսկվայի պայմանագրերի փոփոխման հարթություն: Բայց այն, որ մենք ունենք այդ պայմանագրերի հետ կապված լրջագույն խնդիրներ՝ ակնհյտ է ու վաղուց փաստարկված:
-Ձեր խոսքում էլ նշեցիք, որ այդուհանդերձ այս հարցը պետք է պահվի քաղաքական օրակարգում, մինչդեռ մենք դա չենք տեսնում: Օրինակ, պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիան Նախիջևանում հնարավոր է ռազմաբազա բացի, որ դե-ֆակտո Նախիջևանում արդեն իսկ թուրքական բանակ է տեղակայված՝ ոչ պաշտոնապես, իհարկե, բայց կասկած դրանում որևէ մեկը կարծես թե չունի: Մինչդեռ դա Կարսի պայմանագրի դրույթներից մեկի խախտում է: Ինչո՞ւ ՀՀ-ն այս հարցը չի բարձրաձայնում ու քաղաքական օրակարգից դուրս է պահում:
-Թեև Կարսի պայմանագիրը շուրջ 100 տարի առաջ է ստորագրվել, բայց մեծ քաղաքականության մեջ այն երբեմն-երբեմն իրեն զգացնել տվել է և հատկապես դա վերաբերում է մատնանշած Նախիջևանին: Ըստ պայմանագրի, Նախիջևանի հանդեպ պատասխանատվություն ունի Թուրքիան և Ռուսաստանը, եթե երրորդ կողմից այդ տարածքին սպառնալիք լինի: Այդ դրույթը ավելի ակտիվացավ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ Թուրքիան անընդհատ զգայուն էր Նախիջևանի սահմանի նկատմամբ՝ փորձելով ներկայացնել, թե Հայաստանը, որպես երրորդ կողմ, սպառնում է Նախիջևանին և այդ հիմքով Անկարան իրավունք ունի մտնել պատերազմի մեջ: ՀՀ-ն անգամ բողոքի նոտա է ստացել 90-ականների սկզբին Անկարայից, Թուրքիան մեզ սպառնում էր պատերազմով՝ թուրքական բանակը բերվել էր մարտական պատրաստվածության առաջին աստիճանի և շատ ռեալ էր հարձակումը Հայաստանի վրա: Եվ այդ ժամանակ Թուրքիան, որպես իրավական հիմք, հղում էր անում Կարսի պայմանագրին՝ ասելով, որ ինքը ոչ թե օրենք է խախտում, այլ կատարում է այդ պայմանագրով իր լիազորությունը, քանի որ Նախիջևանի համար կրում է պատասխանատվություն: Այնպես որ այդ պայմանագիրը իսկապես շատ զգայուն կետեր ունի և Հայաստանը անպայման պետք է լինի ոչ թե պաշտպանվողի դերում, այլև հարձակվողի:
Ինչ վերաբերում է Նախիջևանում Թուրքիայի դե-ֆակտո ներկայությանը, ապա համաձայն եմ, որ այս հարցը հայկական կողմը կարող է տարբեր հարթակներում դարձնել գոնե մեր ելույթների նյութ և գոնե հռետորական հարցի մակարդակով սկսել այդ հարցը տեղափոխել միջազգային հարթակներ, որովհետև Թուրքիան ինքնին սպառնալիք է մեզ համար, իսկ դրա ներկայությունը Նախիջևանում այդ սպառնալիքը կրկնապատկում է:
-Ընդհանուր առմամբ Նախիջևանի գործոնը մերձավորարևելյան զարգացումների ֆոնին, այդ թվում և հաշվի առնելով Թուրքիայի ներկայությունն այնտեղ, ինչպիսի՞ն է:
-Ընդհանրապես Նախիջևանը Մերձավոր Արևելքի և մեր տարածաշրջանային հակամարտությունների ու աշխարհաքաղաքական զարգացումներում ունի առանձնահատուկ կարևոր դեր: Պատահական չէ, որ դեռ 1932 թվականին Թուրքիան Իրանի հետ տարածքների փոխանակման համաձայնության եկավ՝ Իրանին զիջելով բավականին մեծ տարածքներ, որպեսզի ցամաքային ուղիով կապվի Նախիջևանի հետ, քանի որ մինչ այդ չուներ ընդհանուր սահման: Սա ներկայացվեց իբրև Թուրքիայի կարևոր հաղթանակներից մեկը, ձևակերպումն էլ հետևյալն էր՝ Նախիջևանը նեղ պորտալարով կապվեց հայրենիքին: Եվ այս ամենին Անկարան հասավ, օգտվելով այն ժամանակ առկա բարդ տարածաշրջանային իրավիճակից: Եվ այսօր էլ Նախիջևանի կարևորությունը շարունակում է պահպանվել առնվազն երեք պետության համար՝ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի: Ու միամիտ է կարծել, թե Հայաստանի համար այդ տարածքը չունի որևէ նշանակություն՝ գոնե սպառնալիքը չեզոքացնելու կամ պոտենցիալ սպառնալիքը հասկանալու տեսանկյունից:
-Ո՞ր դրույթները առաջնային կփոխեիք Կարսի պայմանագրում:
-Առաջին փոփոխությունը էմոցիոնալ դաշտում է, քննարկվում էր Անի մայրաքաղաքի տարածքը ՀՀ-ին թողնելու հարցը, որը թուրքերը մերժեցին: Ես կարծում եմ, որ այդ կետը պետք է վերանայվի, որովհետև ոչ միայն Անին, այլև դրա հարակից տարածքները պետք է տրամադրվեն Հայաստանին որպես մեր բացառիկ մշակութային ժառանգության օրինակ: Real politik-ում կային Թուրքիայում տարածքներ՝ Սուրմալու, Իգդիր, որոնց փոխանցումը Թուրքիային լիովին անհիմն էր և կարելի էր այդ տարածքների հարցը վերանայել:
Բացի այս, փոփոխության, ըստ իս, պետք է ենթարկվի նաև նույն Նախիջևանի հանդեպ թուրքական պրոտեկտուրատի դրույթը, որը պոտենցիալ սպառնալիք էր, որ դրվեց Կարսի պայմանագրի մեջ և այն, ինչպես մենք տեսանք, իրեն դրսևորեց: Այդ դրույթը, որով Թուրքիան որոշակի իրավունքներ ունի ոչ միայն Նախիջևանի, այլև Բաթումի նկատմամբ, իսկապես վերանայման կարիք ունի՝ դրանում առկա սպառնալիքների պատճառով:
Նույնիսկ մի պհ Թուրքիան գրավել էր Բաթումը, սակայն Կարմիր բանակի սպառնալիքի ներքո լքեց այդ տարածքը, մինչդեռ ցանկանում էր Բաթումը ներառել իր պետության սահմաններ: Բայց այն, ինչ չկարողացավ ներառել իր սահմաններում՝ Նախիջևանն ու Բաթումը, Թուրքիան, այնուամենայնիվ, դրանց նկատմամբ որոշակի վտանգներ ստեղծեց: Սրանք, կարծում եմ, այն դրույթներն են, որոնց վերանայումը իսկապես իրատեսական է:
-Թուրքիան Կարսի պայմանագրով Վրաստանին զիջեց Բաթումը և տարածքը, բայց այսօրվա դրությամբ Աջարիայում, ինչպես հայտնի է, շատ ուժեղ է թուրքական ներկայությունն ու լոբբին: Արդյոք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը հեռանկարում չի բերի նրան, որ նա մի օր փորձ կանի «գրավել» Բաթումը:
-Ուսումնասիրելով Թուրքիայի քաղաքական ոճը կարող եմ ասել հետևյալը. այդ զավթողական ոճն ունի մի կարևոր առանձնհատկություն՝ եթե Թուրքիան կարողանում է գրավել ինչ-որ տարածք, ապա անպայման անում է դա, իսկ եթե չի կարողանում գրավել, ապա դրա քաղաքականությունը մի փոքր փոփոխվում է: Օրինակ, Սիրիայի Ալեքսանդրետի նահանգը, Թուրքիան փորձում էր Սիրիայից «վերցնել» դեռևս 1920-ականներին, բայց չստացվեց: Եվ ի՞նչ արեց Թուրքիան հետագայում. նա փորձեց այդ տարածքներում իր մշակութային ներկայությունն ապահովել, թուրքական դպրոցներ բացեց, թուրքական դասագրքեր տարածում գտան, քարոզ գնաց և 1938-39թթ-ին, իբրև թե հանրաքվե արվեց, և այդ տարածքը Սիրիայից խլվեց ու բռնակցվեց Թուրքիային՝ ռազմական որոշակի սպառնալիքի ներքո:
Նույնը կատարվում է Բաթումում. ոչ միայն թուրքական լոբբին է այնտեղ ակտիվ, այլև թուրքական ներկայությունը՝ բիզնես, կրոնական, ձկնարդյունաբերական ոլորտում թուրքերն ունեն գերակայող դիրք և այլն:
Այսինքն, դե-ֆակտո Աջարիայի կամ Բաթումի մի հատվածը թուրքական էքսպանսիայի ներքո է և եթե իրավիճակը փոխվի, եթե այնպիսի իրավիճակ ձևավորվի, ինչպիսինը Սիրիայում է, ապա ես ավելի քան վստահ եմ, որ թուրքական զորքը հանգիստ կհատի վրացական սահմանը և օկուպացնելու է այն տարածքները, որոնք իրենց հետաքրքրությունների դաշտում են:
Նույն Սիրիայի օրինակով մենք տեսանք, որ թուրք-սիրիական հարաբերությունները շատ ջերմ էին, բայց մի փոքր իրավիճակը լարվեց և Անկարան այսօր օկուպացրել է իր նախկին բարեկամ Սիրիայի տարածքները: Նույն մոտեցումները կան Բաթումի և Նախիջևանի հարցում. այնտեղ կա թուրքական ռազմական ներկայություն, իսկ Բաթումում կա թուրքական տնտեսական, կրոնական և այլ ներկայություն և այս երկու տարածքները, ըստ էության, սպառնալիքի տակ են: Բացի այս, նույն քաղաքականությունը նաև Թուրքիան կիրառեց Կիպրոսում, ինչն վարտվեց Կիպրոսի 40 տոկոսի նվաճմամբ: Սա է այդ պետության արտաքին քաղաքական ոճը:
Լիա Խոջոյան