VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրեն հեռու է պահում կուսակիցներից։ Նրա Ամանորը շնորհավորելու, կառավարական ամառանոց գնալու իրավունքից օգտվել են «ընտրյալները»` Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը։ «Պառլամենտը ցրելու ցանկությունը, որը տեւական ժամանակ առկա էր Նիկոլի մոտ, վերջին շրջանում ավելի հիմնավոր է դարձել՝ ֆրակցիան անվերջ «պադստավա» է անում նրան, Մակունցն ու Սիմիդյանը ողջ օրը զբաղված են պատգամավոր դաստիարակելու գործով։ Օրերս էլ Կարեն Սարուխանյանին են կանչել «լինչի»։ Եթե առաջ Նիկոլը զգուշացրել էր` ֆրակցիայից դուրս եկողը մանդատը պետք է վայր դնի, այլապես պառլամենտը կցրի, հիմա արդեն սպասում է կուսակցությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Ի դեպ, հակված չէ 88 պատգամավոր ունենալ, փորձելու է ադեկվատ, մոբիլ թիմ ձեւավորել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ իշխանություններն ակնդետ հետեւում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին ու վարած քաղաքականությանը, հընթացս՝ նաեւ նրա ռեյտինգի ամենամսյա հետազոտություններ են կատարում, ինչով հատկապես զբաղվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Մեր աղբյուրը նշում է, որ ամերիկյան կողմը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից եւ հատկապես անհանգիստ է, որ այդ անկման արդյունքում կարող են իրենց համար անկանխատեսելի զարգացումներ գրանցվել Հայաստանում, եւ իշխանության ղեկին կարող է հայտնվել անցանկալի անձ, ուստի քննարկում են ընդունելի տարբերակներ։ Մեր տեղեկություններով, ամերիկյան կողմի համար առավել ընդունելի տարբերակ է համարվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաեւ այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին այդ նիստից հասած որոշ մանրամասներ այլ բանի մասին են հուշում: Գուցե այդպիսի հարցեր էլ են քննարկվել, բայց պայմանավորվել են որեւէ դեպքում դուրս չհանել: Ամեն դեպքում, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս անգամ ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տեւել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տեւել, ապա այս անգամ տեւել է 2.5 ժամից մի քիչ ավել: Տեղեկացանք, որ նիստի ժամանակ պատգամավորներից մեկը առաջարկ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, սակայն նրա ելույթի ժամանակ վարչապետն ընդհատել է եւ ասել, թե նման նախաձեռնություն ներկայացնելիս նախապես այն քննարկել է պետք, եւ թույլ չի տվել շարունակել ելույթը: Տեղեկացանք նաեւ, որ նիստից հետո խոսվել է «Դվին» ռեստորանում այսօր կայանալիք խնջույքի մասին, որի համար յուրաքանչյուր ՔՊ-ական վճարել է 10 հազար դրամ: Խնջույքը հետտոնական է, որը կկայանա «Դվին» ռեստորանում՝ ՀՀ ամենասուրբ քաղաքի՝ Էջմիածնի ճանապարհին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վճարել իր մասնակցության գումարը. տվել է 20 հազար դրամ, 10 հազար դրամ մանրը հետ է ստացել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած քայլի, մինչ ի մահ` պայքարի, անգամ ընդդիմադիրների մի ստվար մասին բանտերը լցնելու, երկրի շահերը ոտնատակ տալու, բոլորին ասֆալտին «փռած» պահելու հաշվին: Նրա այդ հատկանիշին ծանոթ են իր շրջապատի եւ իրեն լավագույնս ճանաչող մարդիկ: Ի դեպ, ընդդիմադիր Փաշինյանն իր մերձակա միջավայրում երբեք չի թաքցրել, որ անպայման իշխանության է հասնելու եւ, հասնելու դեպքում, սրա նկատմամբ «այսպես» է վարվելու, նրա նկատմամբ՝ «այնպես»: Հեղափոխության օրերին էլ, երբ քննարկվել է «թավշյա» կոչվող գունավոր հեղափոխությունը ուժային տարբերակով ճնշելու վարկածը, հարցի պատասխանատուները հասկացել են, որ Նիկոլը կգնա ամեն ինչի` հանուն իշխանության, չխնայելով իր կողքին կանգնած ժողովրդին, պետք եղած դեպքում` զոհերի հաշվին: Ասում են` հենց այդ հանգամանքն է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, երբ ասել է` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» «թեւավոր» խոսքը»:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն էլ ավելի է սրել կառավարության կուլիսներում տիրող իրավիճակը: Մեր տեղեկություններով, բոլորին հրահանգվել է կազմ-պատրաստ լինել ու սոցիալական հարթակում չխնայել ոչ մեկին, լրջորեն զբաղվել վարչապետի օր օրի նվազող վարկանիշի պահպանման հարցով: Այլապես դա կարժենա անգամ աշխատանքից հեռացում: Կեղծ եւ իրական օգտատերերը պետք է սկսեն վարչապետի քայլերը փառաբանել, բայց ամենակարեւորը` բոլոր հնարավոր ձեւերով չեզոքացնել ընդդիմախոսներին, նրանց սեւացնել, հիշեցնել, թե ով էին մինչեւ հեղափոխությունը: Այս ամենը սկսել է կառավարության աշխատակիցներին հունից հանել, քանի որ նրանց պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան» եւ դառնալ վահան Փաշինյանի ու ընդդիմադիրների միջեւ: Ոմանք հակադիր ճամբարներում ունեն ընկերներ, ծանոթներ ու չեն ցանկանում սոցիալական հարթակում դառնալ վարչապետի քարոզչական խամաճիկը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Այժմ գործող օրենքում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչեւ չորս տարի ժամկետով, իսկ Մելքումյանն առաջարկում է այն դարձնել հենց չորս տարի, որը, սակայն, կարող է կա՛մ կրճատվել, կա՛մ երկարաձգվել, բայց 2 տարուց ոչ ավելի ժամկետով: Նաեւ Մելքումյանն առաջարկում է ամրագրել, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի Արտաքին գործերի նախարարության համակարգում, որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում: Հիմնավորման մեջ պատգամավորը նկատում է, որ այդպես հնարավորություն կտրվի՝ ե՛ւ աշխատակազմի, ե՛ւ դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմը պարբերաբար թարմացվի, եւ նույն մարդիկ անընդհատ չնշանակվեն տարբեր երկրներում: Մելքումյանի առաջարկած փոփոխությունն իր մեջ նաեւ օբյեկտիվ դժվարություններ է պարունակում: Բանն այն է, որ հաճախ կան երկրներ, որտեղ մեկ անձի կողմից 4 տարի դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց հետո կարող են դժվարություններ առաջանալ, եւ եւս որոշ ժամանակ անհրաժեշտ լինի՝ կապեր ձեռք բերելու, աշխատանք կատարելու համար: Իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկու տարով հեռանալը եւ նրա փոխարեն ուրիշին նշանակելը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառ դառնալ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գեւորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաեւ Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը: Ըստ Վաղարշակ Գեւորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունես Լեւոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի: Այսինքն՝առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշել, որ նախաքննական մարմինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն հետաքրքիրն այստեղ այն է, որ այս ընթացքում Հայրապետյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին՝ Հայրապետյանը չի հարցաքննվել, չեն կարող ասել՝ երբ են կանչելու հարցաքննության։ Նաեւ փոխանցեցին՝ այս գործով նոր մեղադրյալներ չկան։ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ ենթադրություններ ունեն, թե ինչու Քննչական մարմինը չի հրավիրում հարցաքննության. «Ենթադրություններ ունենք, որոնք չեմ ցանկանա բարձրաձայնել»։ Հարցին՝ գործը կարճվելու ենթադրություն ունե՞ն, պատասխանեց․ «Գործը, որ կարճվելու է, մենք կասկած չունենք, դա ենթադրություն չի, որովհետեւ այն, ինչում առերեւույթ մեղադրվում է պարոն Հայրապետյանը, իրականության հետ աղերս չունի։ Մեր խոր համոզմամբ՝ դա բացառապես ժամանակի հարց է»։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը): Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարեվերջին դատախազին հաղորդում էր ներկայացրել, որ Հայկ Մարությանի արձակուրդը երկարացվել է հետին թվով, կեղծվել են փաստաթղթեր, եւ փոխքաղաքապետը որոշումներ է կայացրել՝ չունենալով դրա իրավունքը։ Երեկ Խաժակյանին պատասխալ են։ Ի՞նչ է գրված ՀՔԾ պատասխանում։ «Մինչեւ այդ ասեմ, որ Ամանորի ընթացքում մի քանի նոր հանգամանքներ եւս ի հայտ եկան. առաջինը` լիազորությունների անցում, որն ուղեկցվել է պաշտոնական կեղծիքով, մյուսը` ինքնիրավչություն։ Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք, որ քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանը լիազորություններ է վերապահել Հայկ Սարգսյանին, պարզվում է, որ նա որեւէ թուղթ չի ստորագրել, եւ այն ամենը, ինչ արել է Սարգսյանը, դրա տակ փաստաթուղթ չկա, ինքնակոչ քաղաքապետ է եղել՝ դա Քրեական օրենսգրքով որակվում է` «լիազորությունների յուրացում»: Ի դեպ, երբ հաղորդման «հետքերով» ՀՔԾ քննիչը գնացել է քաղաքապետարան, հասկանալու` ինչպես անեն, որ գործը «ջրեն», պահանջել է թղթերը, նայել-տեսել են, որ նման որոշում իսկապես չկա, խորհուրդ են տվել Հրաչյա Սարգսյանին` հետին թվով սարքել այդ փաստաթուղթը, նա չի համաձայնել։ Ինքս էլ Հրաչին զգուշացրել եմ՝ եթե ինքը գնա նման քայլի, ապա ես դրա հակափաստարկներն ու փաստաթղթերն ունեմ: Բայց սա դեռ բոլորը չէ. երբ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին ուղարկում են չկեղծված փաստաթուղթ` քաղաքապետի 3-րդ տեղակալի վրա դրվող լիազորությունների մասով, նա այդ թղթի վրա պաշտոնական առարկություն է գրում ու ստորագրում, որ Երեւանի մասին օրենքով՝ միայն մեկ անձ կարող է փոխարինել քաղաքապետին, առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է պատասխանին, նշեմ ընդամենը մեկ հանգամանք՝ այսքանից հետո իրավաբանական վարչության պետը չի կանչվել բացատրություն տալու»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ գրեթե բոլոր բնագավառների հետ կապված ներկայացվել են ռազմավարական զարգացման ծրագրեր, առողջապահության նախարարությունը որոշել է հետ չմնալ: Միայն թե ԱՆ ներկայացրած փաստաթուղթը կոչվում է ոչ թե ռազմավարական ծրագիր, այլ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման» տեսլական: Հանուն արդարության պետք է նշել, որ ԱՆ ներկայացրած տեսլականը ամենակարճն է, և դա այս փաստաթղթի ամենադրական կողմերից մեկն է: «Բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունները պետք է լինեն արդյունավետ, անվտանգ և մարդակենտրոն, ինչպես նաև ժամանակին, անաչառ, ամբողջական և ծախսարդյունավետ», ահա այսպիսի հանճարեղ մտքեր են գրված այս փաստաթղթում»:
«Իրատես» թերթը գրում է. «Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաեւ բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում: Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն: Պետության համար ձեռնտու չէ քիչ ծնունդներ ունեցող հիվանդանոցներ պահելը՝ պարզաբանում են նախարարությունից: Մինչեւ 2050 թվականը 5 մլն բնակչություն ունենալու մասին հայտարարողներն այժմ խոստովանում են՝ ծնունդները քիչ են: Նախարարության որոշման դեմ առաջինը մարա-լիկցիներն են հանդգնել դուրս գալ: Ծննդատունը, որ նախորդ տարի 126 ծնունդ է ունեցել, չպետք է փակվի՝ պնդում են տեղաբնակները: Ոչ միայն Մարալիկը, այլ նաեւ տարածաշրջանի գյուղերը սպասարկող բուժհաստատության փակվելու որոշման դեմ դուրս եկածները հայտարարել են՝ եթե հարցը չլուծվի, ճանապարհ կփակեն ու հրաժարականներ կպահանջեն:
Բժիշկներն ահազանգում են՝ դեպքեր են լինում, երբ ծննդկանին մինչեւ մարզկենտրոն Գյումրի չեն կարող հասցնել, հետաքրքիր է՝ ո՞ր մի խելացի մասնագետը կարող է կողմ լինել, որ հղի կինը ծննդատուն հասնելու համար երբեմն նաեւ մոտ 50 կմ ճանապարհ անցնի: Մարալիկի ծննդատան ճակատագրին են արժանանալու նաեւ Բերդի, Աչաջրի եւ այլ համայնքների բուժհաստատություններ: Աչաջուրցիները նույնպես վճռական են տրամադրված, արդեն ավագանու արտահերթ նիստ են հրավիրել ու դիմելու են թե՛ վարչապետ Փաշինյանին, թե՛ առողջապահության նախարար Թորոսյանին: Բայց թե դիմում-բողոքները, հորդոր-կոչերը որքանով էական դեր կխաղան հարցի լուծման խնդրում, դժվար է ասել: Ավելի շուտ, դժվար չէ կռահել՝ մի քանի բողոքի ակցիա, փակվող ճանապարհներ, վարչապետի մեկ «լայվ», ու «ժողովրդի սրտի» կառավարությունը կվարվի այնպես, ինչպես որոշել էր նախապես: Այդպես եղավ նաեւ Մշակույթի նախարարության օպտիմալացման պարագայում. մշակույթի գործիչների բողոքի ակցիաները միայն տեսաժապավենների վրա մնացին, հետեւանքը մի քանի տառերից բաղկացած հապավումն էր՝ ԿԳՄՍ սուպերնախարարության տեսքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասվող ապրիլյան ընտրություններին առաջադրումները կսկսվեն փետրվարից։ Արդեն մի քանի օր է՝ ակտիվացել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բոլոր մարզերում գրասենյակներ են բացում։ Մասիս Մայիլյանն է մարզերում պատասխանատուների փնտրտուքի մեջ, ակտիվ հավաքներ է կազմակերպում։ Շուրջօրյա ռեժիմով է աշխատում Հայկազովի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ով իր «Վստահություն» կուսակցությամբ խորհրդարան մտնելու հայտ է ներկայացրել։ Որքան էլ տարօրինակ է՝ առանձնապես ակտիվ չէ Վիտալի Բալասանյանը, իսկ Սամվել Բաբայանի կողմնակիցները, մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն Ստեփանակերտում են ակտիվ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհում հիմա տեղի են ունենում կոնսոլիդացիայի գործընթացներ, որպեսզի հրահանգված պահին դիմեն ակտիվ գործողությունների: Այս գործընթացի քաղաքական հովանավորը հակահեղափոխական տարրերն են՝ ՀՀԿ վերնախավի գլխավորությամբ, իսկ գործընթացը ֆինանսավորում և համակարգում են օլիգարխիայի ներկայացուցիչները: Զրկված լինելով հանրային աջակցությունից՝ հակահեղափոխական տարրերի վերջին հույսը մնացել է իրենց իշխանության մշտական դաշնակից կրիմինալը»: