24.11.2024
Ինդոնեզիան ակնկալում է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում
prev Նախորդ նորություն

Թվով 9 մարզային ծննդատուն կփակվի 2020 թվականին. փոխնախարար

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը պարզաբանում է ներկայացրել մի շարք մարզային կազմակերպությունների ծննդօգնության բաժանմունքների պետական պատվերի տեղադրման մերժման հետ կապված, ինչի հետևանքով առաջիկայում մի շարք համայնքային ծննդատներ կփակվեն:


Հայտարարությունից հասկանալի է դառնում, որ դրանց ընդհանուր թիվտը 9-ն է.


«Բժշկական ծառայությունների, այդ թվում ծննդօգնության ծառայության կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս առողջապահության նախարարությունը բացառապես առաջնորդվում է իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմամբ` տվյալ դեպքում մոր և մանկան առողջության պահպանմամբ և հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազմամբ:

Հենց այս նպատակների իրագործման համատեքստում թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից (որի նախագահը հանդիսանում եմ ես) կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով, որը զեկուցվել է նախարարին և հանձնաժողովի որոշումների հիմքով արձակվել են նախարարի համապատասխան հրամանները:

Այսպես, 2018 թվականին, Հայաստանում նորածնային (0-27 օրական երեխաներ) մահերը 182-ն են, մեռելածինները` 623: Ցավով պետք է նշեմ, որ 2019-ին արձանագրվել է 13 մայրական մահ:

Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը:

Պատճառները բազմաթիվ են և դրանց թվին է դասվում նախածննդյան շրջանում բարդությունների, պաթոլոգիաների ուշացած հայտնաբերումը, ոչ ճիշտ ժամանակին ուղղորդումը դեպի նեղ մասնագիտացված կենտրոններ: Չստորադասելով և չնվազեցնելով յուրաքանչյուր բժիշկի մասնագիտական ներուժն ու որակները՝ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ընդունած ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Աչաջրի առողջության կենտրոնում 2018-ին ընդունվել է թվով 88 ծնունդ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսների ընթացքում 75 ծնունդ։ Այստեղից պարզ է դառնում, որ 4-5 օրը մեկ ընդունվում է 1 ծնունդ: Ավելին` կենտրոնում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն, չկա անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ:

Սա ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում թե ծննդկանի, թե նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ Տվյալ կենտրոնի օրինակով ծառայությունը չպետք է գործեր դեռևս 2019-ին, սակայն կազմակերպությանը տրվել է 1,5 տարի ժամանակ՝ բարձրացնելու ծնունդների թիվը և ծննդօգնության կազմակերպման համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող պայմաններ ապահովել:

Առանձնահատուկ նշեմ, որ պետությունը ի դեմս առողջապահության նախարարարության որևէ ֆինանսական տնտեսում չի իրականացնում տվյալ որոշումների պարագայում, քանի որ ցանկացած ծննդօգնության դեպք փոխհատուցվում է և շարունակվելու է փոխհատուցվել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Այսինքն, նույն Աչաջրի բնակիչը երբ ծննդօգնություն է ստանում հանրապետության որևէ կենտրոնում, այսպես թե այնպես պետությունը փոխհատուցում է տվյալ կենտրոնին համապատասխան գումարը:

Ավելին` միայն առողջապահական բաղադրիչի ապահովման մասով դեմոգրաֆիկ ցուցանիշները խթանելու, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որի շնորհիվ իրականացվելու են մի շարք առողջապահական համալիր միջոցառումներ՝ ծնելիության բարձրացմանն ուղղված:

Ինչ վերաբերում է տվյալ 9 կենտրոնների ծննդօգնության ծառայություններին, պետք է արձանագրել, որ դրանք ֆինանսական առումով ավելի քան ծախսարդյունավետ չեն, այսինքն՝ պետությունից ստացված ծննդօգնության փոխհատուցման գումարները նման փոքր ծավալների դեպքում չեն բավարարի նույնիսկ պատշաճ կադրային և տեխնիկական ապահովածություն ունենալու համար:

Նման կենտրոններին առաջարկում եմ զարգացնել շտապ բժշկական օգնության ծառայությունը` հենց նույն ծննդկաններին առավել մասնագիտացված ծննդօգնության ծառայություն ունեցող կենտրոններ հասցնելու նպատակով, որի դիմաց բոլոր կենտրոնները ստանում են և կստանան անհրաժեշտ պետական ֆինանսավորում:

Ամփոփելով վերոգրյալը, խնդրում եմ հանրության և հասարակության բոլոր ներկայացուցիչներին չշահարկել, չքաղաքականացել և չխեղաթյուրել իրականությունը, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` մայրերի և երեխաների կյանքի և առողջության մասին է: Ինչ վերավերում է համապատասխան բժշկական անձնակազմին, ապա առողջապահության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ փորձելու օգնել այլ բժշկական կենտրոններում և/կամ/ միջին բուժանձնակազմի մասով նույն կենտրոնի այլ ծառայությունում աշխատանք գտնելու հարցում»,- գրել է փոխնախարարը Facebook-ի իր էջում:


Նշենք, որ տոներից հետո հայտնի դարձավ, որ Մարալիկի, ապա նաև Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ծննդատները փակվում են: Մարալիկում սա հասունացրեց բողոքի ակցիա, մարալիկցիները փակեցին Երևա-Գյումրի մայրուղին՝ պահանջելով չեղարկել այդ որոշումը: