VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրան սեփականության իրավունքով պատկանող ընկերությունների գործունեության հետ կապված հարուցված են տասից ավելի քրեական գործեր: Սակայն այդ գործերին ընթացք չի տրվում, և դրանք չեն հրապարակայնացվում: Հնարավոր է, որ դա արվում է Ծառուկյանին իշխանությունից կախված վիճակում պահելու համար: Ինչը, ի դեպ, բավական տեսանելի է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները: Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ հայտարարելով, թե հոգնել է Փաշինյանի հետ աշխատելուց: Բայց իրականում Նիկոլ Փաշինյանն է դժգոհ եղել Կարապետյանից նաև այն բանի համար, որ հեղափոխությունից հետո իր կատարած ահռելի աշխատանքը չի կարողանում այնպես մատուցել հանրությանը, որ այդ տարբերությունը նկատեն: Ավելին՝ Փաշինյանն իր շրջապատում մի քանի անգամ ասել է, որ ֆեյսբուքյան իր գրառումներով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանն իր ողջ լրատվական ռեսուրսներով: Բացի այդ, ըստ «օդում կախված լուրերի»՝ Վլադիմիր Կարապետյանը նաև «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր և կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որոնք իրականում գոյություն չունեն: Իսկ ում հետ հակադրվել կամ չի ընդունել, անմիջապես պիտակավորել է որպես «քոչարյանական»՝ նրա նկատմամբ թշնամանք քարոզելով»:
«Իրատես» թերթը գրում է. «Թեև վարչապետն իր հայտարարություններում որևէ ակնարկ չի արել, որ դժգոհ է ֆինանսաբյուջետային բլոկից, խոսակցություններ կան, որ այնուհանդերձ, դժգոհ է և պատրաստվում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին փոխելու մեկ այլ կադրով։ Իսկ թե ումով, դեռևս չի ասվում։ Այս խոսակցությունները ֆինանսների նախարարությունում անհիմն են համարում և նշում, որ դրանք միտումնավոր են տարածվում։ Ամեն դեպքում, հարցը փորձեցինք պաշտոնապես ճշտել. «Նման տեղեկություն չունենք»,- նշեցին կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բայց որ կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է, փաստ է։ Եվ դա պատահական չէ։ Երկու ամիս հետո լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը։ Վերընտրվելու հնարավորություն նա այլևս չունի` օրենքը թույլ չի տա։ Ո՞վ կլինի ԿԲ-ի նոր նախագահը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կստանձնի ԿԲ-ի նախագահի պաշտոնը։ Եթե նկատենք, որ փոխվարչապետը նախկինում բանկիր էր, ապա նշված խոսակցությունը շատ տրամաբանական կարող է լինել։ Եվ քանի որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», շրջանառվող լուրերի համաձայն, փոխվարչապետի պաշտոնը կստանձնի կա՛մ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ էլ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Եթե նկատենք, որ այս երկու պաշտոնյաներն էլ կառավարման մեծ փորձ ունեն, ապա պետք է ենթադրել, որ կադրերի արհեստավարժությունը կրկին սկսում է գնահատվել»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել է Իջեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին՝ նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը: Նա Փաշինյանի ընկերն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է՝ փաշինյանական թեւը ջանք չի խնայում ներկայիս ԺՊ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են: Նրան իջեւանցիները որպես քաղաքապետ չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի՝ իմքայլականներն ամեն բան անելու են, որ վերջում որպես թեկնածու մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը վիրտուալ հարթակում հանդես է գալիս իշխանությունների քննադատությամբ, նրա փեսան՝ Ռուբեն Միքայելյանը (աղջկա ամուսինը) արձանագրում է հերթական կադրային առաջընթացը։ Թեև Ռուբեն Միքայելյանը ժամանակին աշխատել է հարկային տարբեր պաշտոններում, աներոջ «անկումից» հետո նա ևս հեռացել էր պետական համակարգից։ Սակայն արի ու տես, որ հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի թեթև ձեռքով նա կրկին հայտնվել է համակարգում, ավելին՝ ավելի բարձր պաշտոնում, որպես Արաբկիրի հարկայինի պետ։ Գևորգ Դանիելյանի դուստրն էլ՝ Էլմիրա Դանիելյանը, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարն է»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի միջոցով, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը` ԵՊՀ-ում: Իսրայելյանը մի քանի անգամ զանգել է Ափոյանին, կանչել` ինչ-որ կրակոցների տեսանյութեր «նայելու», «հարցնելու»` ում է ճանաչում կրակողներից, որից հետո ԵՊՀ պահակային ծառայության պետ Լյովա Առուստամյանը ցուցմունք է տվել, որ Դավիթ Ափոյանը ճանաչում է այդ տղաներին, ոստիկանները խիստ ցուցադրաբար եկել-բերման են ենթարկել Ափոյանին: Այդ ծառայությունների դիմաց Առուստամյանին առաջիկայում պաշտոնի բարձրացում է սպասում, տոներից հետո նրան կնշանակեն ուսանողական հանրակացարանի տնօրեն, որպես ցուցանք, թե ինչ է կատարվում հավատարիմների և ինչ` «անհավատների» հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Սակայն դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել: Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի փետրվարի 14-ին դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին: Եվ Մելքումյանը, չհաշտվելով իրականության հետ, իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ու դեկտեմբերի 24-ին ՍԴ-ն բավարարեց բողոքն ու հակասահմանադրական ճանաչեց ԲԴԽ որոշումը: Ասել է թե՝ ԲԴԽ-ն պետք է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի և դատավորին վերականգնի իր նախկին պաշտոնում: Կվերականգնվի նախկին պաշտոնում, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն Արայիկ Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն ԱՄՆ-ում պարզապես սովորում ու աշխատում է, և հայտարարեց, թե դատավորի պաշտոնում վերականգնվելուց հետո վերադառնալու է Հայաստան: Եվ անդրադառնալով իր՝ սնանկ լինելու և պարտքեր ունենալու վերաբերյալ տեղեկությանը՝ հայտնեց. «Ինձ սնանկ ճանաչելու պատասխանատուն նախկին ԲԴԽ-ն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և 226-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրմամբ: Ըստ նոր տարբերակի, որն ուղարկվել է խորհրդարան. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Գործող Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն էր նախատեսում միայն ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել: Մեր տեղեկություններով՝ ավտոսիրողների տարբեր խմբեր քննարկում են Հանրապետության հրապարակ ավտոերթ անցկացնելու հնարավորության հարցը: Ավտոերթի մասնակիցները դրանով իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալային համակարգի՝ առաջարկելով, որ կառավարությունը հրաժարվի այդ փոփոխությունների իրագործման գաղափարից: Չնայած կառավարության հիմնավորումներին, որ այդ փոփոխությունների նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցումն է, ըստ փորձագետների՝ պատահարների քանակի նման աննախադեպ աճը պայմանավորված է մեքենաների թվի ավելացմամբ և նոր պահանջներին Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների անհամապատասխանելիությամբ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը դեռ հորով-մորով չարած, որով հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանություն, հիմա էլ կառավարությունն է հե¬ռախոսով մի նոր «գործ տալու» մեթոդ մոգոնել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գործադիրի նիստում հայտարարեց, թե կառավարությունը շարունակում է ահազանգեր ստանալ, որ տնտեսավարողները շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: «Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույն կերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- իր գաղափարից գոհ՝ ասաց Փաշինյանը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հուշեց, որ այդքան հեշտ չի լինի ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: Սակայն Ն. Փաշինյանը մնաց իր տեսակետին. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ ու տուգանել: Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին, որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ, ըստ էության, չունի: Ասենք տեսա, որ մեկն իր մեքենայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ կանչեն քննության, հետո հարցաքննության եւ այլն, հետո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»: Քննարկմանը խառնվեց նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ շեշտելով, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, եւ իրենք դա կանեն»: