VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հարսնաքար»-ում հանրապետականների «կորպորատիվն» անցել է աննախադեպ ուրախ։ Հրավիրված են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝ սեւերի դաշտից, մոտ 700-800 մարդ։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, նախկին նախարար Աղվան Վարդանյանը, այլք։ Բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը՝ ապաքաղաքական ցանկություններով ու հորդորներով։ Նրա սեղանակիցներն են եղել Արա Բաբլոյանն ու որդին, իր փաստաբան Ամրամ Մակինյանը, այլք։ Պատմեցին, որ ՀՀԿ նախագահը բարձր տրամադրություն է ունեցել, պարել է, կատակել։ Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը։ Երեկույթի անակնկալը եղել է Աշոտյան-Շարմազանով-Արման Սահակյան տրիոյի ընկերության մասին երգը, երգել են Սպիտակցի Հայկոն, Շուշան Պետրոսյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ՍԴ-ի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի համաձայն՝ այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը և դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։ Իշխանությունները համոզված են, որ կալանավորելով և փաստացի մեկուսացնելով Թովմասյանին՝ կկարողանան ճնշումներ բանեցնել ՍԴ մյուս դատավորների վրա՝ ստիպելով նրանց ներկայացնել հրաժարականի դիմումներ։ Սակայն կա մտավախություն, որ դատավորների մեծ մասը կմերժի Թովմասյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմքում դնելով անձեռնմխելիության դրույթի խախտումը կամ հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին հանձնարարել է համապատասխան միջնորդությունն այնպես մուտք անել գործերի բաշխման համակարգ, որ այն մակագրվի առավել վստահելի դատավորներից մեկին։ Նրանք 4-ն են՝ Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Մարինե Մելքոնյան, Վահագն Մելիքյան։ Չի բացառվում նաև, որ Թովմասյանի կալանքի միջնորդությունը քննի անձամբ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության և ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի միջև անջրպետը խորանում է։ «Իմ քայլը» չօգտվեց Գրիգորյանի առաջարկից՝ ՍԴ «ճգնաժամի» հաղթահարման լուծումների վերաբերյալ, արդյունքում Գրիգորյանը չի մասնակցում «ոչ լեգիտիմ ՍԴ-ի» աշխատանքներին ու քննադատվում է ոչինչ չանելու դիմաց 793 հազար դրամ աշխատավարձ, ծառայողական մեքենա ստանալու համար։ Սակայն ՍԴ-ն փոխելու իշխանական սցենարն էլ չի աշխատում։ Մեզ ասացին, որ չի բացառվում՝ Վահե Գրիգորյանը վայր դնի դատավորի լիազորությունները և կրկին վերադառնա մասնավոր աշխատանքի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանի գլխին նոր մութ ամպեր են կուտակվում: Վերջերս հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախագահներ Գագիկ Խաչատրյանի, Հովհաննես Հովսեփյանի և Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին վերաբերող 120 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային, դրամաշնորհային միջոցների մսխման հետ կապված բացահայտումները ծածկադմփոց են արվել: Այս բացահայտումները կատարվել են ԱԱԾ-ի կողմից Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ «Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար առաջացավ, որ խորհրդարանի և խմբակցությունների դերի բարձրացման շրջանակներում առաջարկով հանդես գանք, որի վրա հիմա աշխատում է Էդմոն Մարուքյանը, և նախատեսենք, որ խմբակցություններն ունենան մամլո խոսնակների լրացուցիչ հաստիքներ։ Կհաստատվի, թե ոչ՝ դեռ չգիտենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»: Վճարովի՞։ «Այո»: Մեծ շռայլություն չէ՞։ «Խմբակցություններն ունեն չափազանց փոքր աշխատակազմ… Կարծում եմ` մեծ շռայլություն չէ, և հուսանք, որ մեր առաջարկը համաձայնության կարժանանա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքապետերի դեմ արշավը կրկին թափ է հավաքել: Եթե նախկինում իշխանությունը համայնքներում մի խումբ «բողոքավորների» էր հանում անցանկալի համայնքապետերի դեմ և ակցիաներով հասնում նրանց հրաժարականին, ապա վերջերս այլ մեթոդներով են աշխատում, հիմնականում՝ քրեաիրավական: Խոշոր քաղաքների քաղաքապետերի հետ տարածքային կառավարման նախարար Պապիկյանն է «բանակցում»՝ սկզբում «լավով» հասկացնում է, որ նպատակահարմար չեն գտնում իր հետ աշխատել՝ լավ կլինի հեռանա։ Փոքր համայնքների ղեկավարների հետ «աշխատում» են մարզպետները: Նրանք, ովքեր դիմադրում են, հայտնվում են քրեական պատմությունների մեջ: Օրեր առաջ քրեական գործ հարուցվեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դեմ՝ պաշտոնը չարաշահելու, 75 միլիոն դրամի վնաս հասցնելու փաստով: Իջևանի նախկին քաղաքապետը նույնկերպ հեռացավ: Ըստ լուրերի՝ հաջորդը Ջերմուկի քաղաքապետն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում: Այս փոփոխության հիմնական իմաստը լինելու է այն, որ պաշտպանության կարիքների համար կատարվող գնումները կատարելու է ոչ թե պաշտպանության նախարարությունը, այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը փոփոխություն կատարեց կառավարության կառուցվածքում, և ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեն լուծարվեց, որի լիազորությունները փոխանցվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Օրենքի նման փոփոխությունը ՊՆ-ի նկատմամբ անվստահության դրսևորում է, բայց այնտեղ չեն կարող հակադարձել՝ ռուսական ORSIS ARMS ընկերության հետ կապված սկանդալի պատճառով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և հնարավորություն տալ, որպեսզի 16 տարին լրանալուց հետո արական սեռի քաղաքացիները կարողանան ստանալ 10 տարվա վավերականություն ունեցող անձնագրեր: Գործող օրենսդրությամբ՝ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր էր տրամադրվում մինչև զորակոչային տարիքը՝ դրանով արգելափակելով նրանց Հայաստանից դուրս գալը և զորակոչից խուսափելու հնարավորությունը: Կառավարությունը այս փոփոխությամբ ցանկանում է հնարավորություն տալ, որ 18 տարին լրանալուց հետո էլ քաղաքացիների այդ խումբը լիարժեք իրականացնի իր իրավունքները: Իսկ երկրից դուրս գալու իրավունքը կիրականացվի զինվորական գրքույկի միջոցով»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեր տնտեսվարողները ցայսօր մեծ գումարներ են վճարել, որպեսզի ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխել կարողանան: Այսուհետ այդպես չի լինի: Քանզի արդեն Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա: Այս մասին տեղեկացանք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից: Նա հայտնեց, որ այդ բանակցությունները տևել են գրեթե մեկ տարի և հենց Ամանորի նախաշեմին հաջողությամբ պսակվել: Տարանցիկ արտահանման համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և մեր ՍԱՏՄ-ի միջև: Կվերահսկվե՞ն, արդյոք, այդ արտահանման ծավալները, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ, ասենք, մսի պակասի պատճառով թանկացում լինի…»: