Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է հունվարին, երբ օրենսդիրները կվերսկսեն աշխատանքը, հայտ ուղարկել խորհրդարան՝ Թուրքիայի զինված ուժերը Լիբիա ուղարկելու համար:
Նեոօսմանական գաղափարախոսությամբ և ռազմավարությամբ շարժվող Էրդողանը ցանկանում է վերականգնել Անկարայի ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում և թուրքական զորքերն Էրդողանի նեոօսմանական ռազմավարության կյանքի կոչող դեսանտն են:
Լիբիան մի քանի դար մաս է կազմել Օսմանյան կայսրության և այժմ Անկարան ցանկանում է վերադառնալ Լիբիա՝ օգտվելով տարիներ շարունակ այնտեղ շարունակվող քաղաքացիական պատերազմից:
Թուրքիան Միջերկրական ծովում ավելացնում է իր ներկայությունն ու թուրքական առանցք է ձևավորում Միջերկրական ծովի տարբեր անկյուններում, ինչպես նաև սեփական սահմանների երկայնքով: Այս երկիրը ռազմաբազաներ ունի Հյուսիսային Կիպրոսում, Սիրիայի հյուսիսում, Իրաքի հյուսիսում, շուտով նաև Լիբիայում:
Անկարան փաստացի մտնում է proxy war-ի մեջ աշխարհի գերտերությունների հետ, որոնք ունեն սեփական շահերը տվյալ տարածաշրջանում. ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Իրանն, արաբական աշխարհն ունեն իրենց ռազմա-քաղաքական շահերը Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում և այլուր:
Թուրքիան «վերադառնում» է նախկին Օսմանյան կայսրության սահմաններ՝ կիրառելով տարբեր պատրվակներ. Սիրիայում քրդերի դեմ պայքար և տեղի թուրքմենների պաշտպանություն, Իրաքում՝ Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ պայքար, Հյուսիսային Կիպրոսում՝ տեղի թուրքական բնակչության պաշտպանություն, իսկ Լիբիայում տեղի իշխանությունների հրավերն ու թուրքական տնտեսական, գեոպոլիտիկ շահերի պաշտպանությունն ու Միջերկրական ծովի այդ կարևոր հատվածում դիրքերն ամրապնդելու տրամաբանությունը:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ի շահերին, չնայած Երևանը հեռու է Միջերկրական ծովից, սակայն Հայաստանը, գտնվելով թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ, պետք է փորձի դաշնակիցներ գտնի Թուրքիայի դեմ և սահմանափակի Անկարայի պանթուրքական և նեոօսմանական ձգտումները:
Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի հետ և Հայաստանը պետք է շեշտը դնի այդ երկրների հետ ռազմա-քաղաքական կապերի ամրապնդման վրա՝ ձևավորելով հակաթուրքական կոալիցիա ու դրանով որոշակի առումով բալանսավորելով թուրքական հակահայկական էքսպանսիան ու ռազմավարությունը Հարավային Կովկասում: