6.12.2024
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննադատել է ԵԽԽՎ-ին
prev Նախորդ նորություն

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. 13 տարի առանց տեղաշարժերի

Կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում, ըստ «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության, անցյալ տարի, գրեթե չի փոխվել, և արդեն 13 տարի շարունակ հստակ նվազման միտումներ չի դրսևորում՝ չնայած ստեղծվող տարբեր հակակոռոպցիոն կառույցների և ընդունված համապատասխան ռազմավարության: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 27-ին կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Հոկտանյանը, ով ասուլիսին ներկայացրեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հրապարակած նոր զեկույցը և Հայաստանի տեղ այդ փաստաթղթում ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի, ասաց, որ աշխարհի մոտավորապես 2/3 երկրներում կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ հիմնախնդրի: Այսինքն՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ներքև է:

Կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակը 0-100: Եթե այդ սանդղակում ընդգրկված երկրների համաթիվն ավելի մոտ է 0-ին, ապա այն ավելի կոռումպացված է, և հակառակը: «Ըստ այդ սանդղակի՝ ամենամաքուր երկիրը Դանիան է, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 91 է: Նրան հաջորդում են Նորվեգիան, Նոր Զելանդիան և Նիդեռլանդները», - նշեց Հոկտանյանը:

Զեկույցում վատագույն տեղերն են զբաղեցրել Սոմալին և Հյուսիսային կորեան, որոնց ցուցանիշը 8 է: «Նույն տեղերում են նաև Աղվանստանը, Սուդանը, և Անգոլան: Բոլոր այս երկրներում կան նաև կոնֆլիկտային իրավիճակներ», - հիշեցրեց նա:

Համաձայն հրապարակված հետազոտության, անցյալ տարի կոռուպցայի դեմ պայքարում բարելավել են իրենց դիրքերը Գվատեմալան, Շրի Լանկան և Գանան: Զիջել իրենց դիրքերը Բրազիլիա՝ 5 միավոր նահանջ և Թուրքիան:

Կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 35 է, նախորդ տարվա 37-ի դիմաց: Ըստ Հոկտանյանի, Հայաստանի համաթիվը, կարելի է ասել, չի փոխվել, քանի որ երկու միավորը տեղավորվում է վիճակագրական թույլատրելի սխալի սահմաններում: «Հայաստանի մասով հաշվարկը 6 աղբյուրների տվյալների հիման վրա էր կատարվում: Սակայն այս տարի 5 աղբյուր է օգտագործվել: Այս տարի դուրս է եկել Համաշխարհային բանկը, որի տվյալները միշտ եղել են բարեհաճ Հայաստանի համար», - պարզաբանեց բանախոսը:

Նա 35 ցուցանիշը չի համարում հետընթաց, քանի որ սովորաբար համարվում է առաջընթաց կամ հետընթաց, եթե 3 կամ ավելի կետով է փոխվում ընկալման համաթիվը: «Կարելի է եզրակացնել, որ սկսած 2003 թվականից մեզ մոտ որևէ փոփոխություն` ոչ առաջընթաց, ոչ հետընթաց չի տեղի ունենում», - ասաց նա:

Դիտարկելով Հայաստանի տվյալները տարածաշրջանային և հետխորհրդային երկրների համատեքստում՝ Հոկտանյանը նկատեց, Հարավային Կովկասում առաջատար դիրքեր է զբաղեցնում Վրաստանը 52 համաթվով: «Սակայն Վրաստանն արդեն 2-3 տարի դոփում է նույն տեղում: Ադրբեջանի համաթիվը 29 է, Իրանի ցուցանիշը 27: Նախկին կոմունիստական երկրների թվում առաջատար դիրքեր է զբաղեցնում Էստոնիան, այնուհետև Լատվիան և Լիտվան», - ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ հետխորհրդային երկների թվում Հայաստանը զիջում է միայն Բալթյան պետություններին և Վրաստանին: «Հայաստանին զիջում են նաև Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը և Բելառուսը», - ասաց նա:

Հայաստանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության վարկանշային սանդղակում 95-98-րդ տեղերը կիսում է Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ: «Հայաստանը, իհարկե, այս սանդղակում զիջում է Եվրամիության երկրներին, սակայն առավելություններ ունի Եվրասիական տնտեսական միության պետությունների շրջանում», - նշեց Վարուժան Հոկտանյանը:

Ըստ նրա, Հայաստանի ցուցանիշը խոսում է այն մասին, որ այն կոռուպցիան խանգարում է քաղաքական և տնտեսական համակարգերի բնականոն և արդյունավետ աշխատաքին: «Ակադեմիական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որտեղ համաթիվը 50-ից ցածր է, լուրջ հիմնախնդիրներ ունի: Այնտեղ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական և քաղաքական համակարգի աշխատանքին», - հայտարարեց նա:

Հայաստանում կոռուպցիայի նվազեցման համար, կարծում է Հոկտանյանը, անհրաժեշտ է երկու գործոն՝ քաղաքական կամք և հասարակական ճնշում: Միանշանակ չի կարելի պնդել, որ կոռոպցիայի դեմ պայքարը պետք է սկսել ներքևից:

«Մենք ունենք Ուկրաինայի օրինակը, որտեղ փոփոխություններ են եղել, սակայն կոռուպցիայի ընկալման համաթիվը 27 է կազմում: Այն բավականին զիջում է Հայաստանին: Սակայն որոշ երկրներում իշխանափոխությունը բերել է կոռուպցիայի նվազեցման, հենց նույն Վրաստանում: Պետք է լինի ճնշում ներքևից և քաղաքական կամք վերևից», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ կառավարման ոչ ֆորմալ ինստիտուտների գերիշխման պարագայում, որն առկա է Հայաստանում, որքան էլ ստեղծվեն հակակոռուպցիոն կառույցներ, դժվար է խոսել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին:

«Հայաստանի քաղաքական և տնտեսական կայանքում անհրաժեշտ է իրականացնել դեմենեպոլիզացիա: Տնտեսական մենաշնորհը բերում է նաև քաղաքական մենաշնորհի: Մյուս խնդիրը քաղաքական և գործարար վերնախավերի սերտաճումն է: Խնդիր է նաև դատական համակարգի ոչ անկախ լինելը», - նշեց Հոկտանյանը:

Նրա խոսքով, շարքային քաղաքացիների ընկալումները բավականին տխուր արդյունք են տալիս Հայաստանի համար:

«Հասարակության մեջ կա շատ խոր անտարբերություն: Հայաստանը վերջին տեղերն է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ներգրավվածության ցուցանիշով: Գվատեմալան Հայաստանից առավել կոռումպացված է, բայց այդ երկրներում հասարակությունը փորձում է որոշակի քայլեր կատարել: 2013 թվականի տվյալներով այն հարցին, թե կուզեք ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, Հայաստանի հասարակության կեսից ավելին ասել է՝ ոչ: Հարցված 108 երկրների մեջ միակ երկիրն է: Այսինքն՝ կա քաղաքական կամքի պակաս և ներքևում՝ հիասթափություն», - եզրափակեց նա: