2019թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ստեղծեցին նախադրյալներ 2020թ.-ին ներքաղաքական ավելի ակտիվ զարգացումների համար:
Նիկոլ Փաշինյանը կարողացավ կայունացնել ներքաղաքական իրավիճակը, ամրապնդել սեփական իշխանությունն ու չնայած արտաքին քաղաքականության ոլորտում առկա գրեթե զրոյական փորձի՝ պահպանել և զարգացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: ՀՀ-ն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է, իսկ ռուսական 102-րդ ռազմակայանը հաջորդ տարի ամրապնդելու է իր ներուժն՝ այդ կերպ ուժեղացնելով նաև ՀՀ ազգային անվտանգության մակարդակը:
Ինչպես կանխատեսում էին հակափաշինյանական ճամբարի շատ ներկայացուցիչներ՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների կոլապս կամ հարաբերությունների խզում չի գրանցվել: Հակառակը՝ Երևանը շարունակեց մեծ քանակությամբ ռուսական զենքեր գնել Մոսկվայից:
Փաշինյանն ու թիմը, չնայած բազմաթիվ թերացումների ու հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, կարողացան ամրապնդել սեփական իշխանությունն ու սկսել ավելի ակտիվ աշխատել հասարակության հետ՝ դա նոր մոտեցում էր ի տարբերություն նախորդ իշխանությունների գործելաոճի:
Ինչ վերաբերվում է Փաշինյանի քաղաքական հակառակորդներին, ապա ստեղծվել են մի քանի բևեռներ, որոնք իրենց մեդիա պլատֆորմների, ԶԼՄ-ների միջոցով խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանություններին ու փորձում ձևավորել միասնական ճակատ ընդդեմ Փաշինյանի՝ օրակարգ բերելու ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը:
2020թ.-ին Փաշինյան-ընդդիմություն պայքարն ավելի է սրվելու և կրելու ավելի ինստիտուցիոնալ բնույթ, քանի որ տարբեր կուսակցություններ, ուժեր, ՀԿ-ներ և շարժումներ միավորվելու են միասնական բևեռ ստեղծելու ընդդեմ Փաշինյանի՝ դրանով բարձրացնելով սեփական ներուժն ու կազմակերպչական հնարավորությունները:
Ղարաբաղյան հարցում 2019թ.-ին տեղի ունեցան Փաշինյան-Ալիև մի շարք հանդիպումներ՝ ստատուս-քվոն ղարաբաղյան ճակատում պահպանվեց, պատերազմական գործողություններ չսկսվեցին: Փաշինյանը, չնայած նախկին իշխանությունների կողմից իրեն ժառանգություն հասած ոչ հայանպաստ մադրիդյան սկզբունքներին, կարողացավ մի շարք կարևոր մեսիջներ հղել Բաքվին, այն է՝ ՀՀ-ն ու Արցախը չեն գնալու միակողմանի զիջումների, խաղաղասիրական կոչերը չպետք է ընկալվեն, որպես հայկական կողմի թուլություն, իսկ բանակում արված մի շարք բարեփոխումները խոսում են այն մասին, որ Փաշինյանը բանակցություններին զուգահեռ ամրապնդում է նաև ռազմական ներուժը ֆորս-մաժորային իրավիճակներին դիմագրավելու և Ադրբեջանին հակահարված տալու համար:
2019թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցան տնտեսական մի շարք բարեփոխումներ՝ ներմուծման ոլորտում առկա մոնոպոլիզացիան վերացնելու և շուկայի ազատականացման, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի առումով:
Չնայած դրան, Փաշինյանի թիմն այդպես էլ չկարողացավ միլիարդավոր ներդրումներ բերել ՀՀ, ինչի մասին խոստացել են և չկարողացան իրականացնել տնտեսական հեղափոխություն: Չեն ստեղծվել նոր աշխատատեղեր, արտագաղթը շարունակվում է, առկա է խորը հիասթափություն հասարակության շրջանում՝ սոցիալական վիճակի կտրուկ բարելավում տեղի չունեցավ, ինչն էլ կրկին խթանեց արտագաղթն ու հազարավոր մարդիկ սկսեցին ՌԴ քաղաքացիության դիմել կամ դիմել գրին քարտի համար:
2020թ.-ին սոցիալ-տնտեսական կտրուկ բարեփոխումներ չիրականացնելու, ներդրումներ չներգրավվելու, նոր աշխատատեղեր չստեղծելու պարագայում Փաշինյանի բարձր վարկանիշից ոչինչ չի մնա:Նրա ընդդիմախոսները շարունակելու են թիրախավորել հենց այդ սեկտորը, քանի որ բնակչության մեծամասնությունը շարունակում է մնալ աղքատ և դա լինելու է այն աքիլեսյան գարշապարը, որը կարող է Փաշինյանի դեմ փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց:
Մարդիկ տեսնելով նոր կառավարության անդամների ծախսերը սեփական հաճույքների վրա՝ գործուղումներ, աշխատավարձերի բարձրացումներ, միլիոնների հասնող պարգևավճարներ, թանկարժեք մեքենաներ և այլն խորը ապատիա են վերապրելու գործող իշխանությունների նկատմամբ և Փաշինյանի լայվերն արդեն չեն կարող օգնել լիցքաթափել իրավիճակը:
2020թ.-ին պետք է կյանքի կոչել մեծ տնտեսական նախագծեր՝ սոցիալական կյանքի բարելավման համար նախադրյալներ ստեղծել, զսպել գնաճն ու տնտեսական հեղափոխություն իրականացնել հատկապես մարզերում, որտեղ մեծ է արտագաղթի պոտենցիալը:
Փաշինյանը կա՛մ ամրապնդելու է սեփական իշխանությունն ու ռեյտինգը տնտեսական բարեփոխումներով, կա՛մ կանգնելու է սոցիալական բունտի և հակափաշինյանական կոալիացիայի հակաքայլերի առջև: