23.11.2024
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

«Կենտրոն» ՀԸ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


««Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- գրել է Գոռ Աբրահամյանը:


Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13-ի սահմաններում, որպես լրագրող, գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետև իրեն և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել են իրենց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:


Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: