25.11.2024
Արևելյան գործընկերության նպատակը հարևան երկրները Ռուսաստանից կտրելն է. Լավրով
prev Նախորդ նորություն

Մոսկվան չի պատրաստվում զիջել հետխորհրդային տարածքը. Լավրովի մեսիջն Արևմուտքին

Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության նպատակը Ռուսաստանից հարևան երկրներին կտրելն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Արևելյան գործընկերությունը նպատակ ունի կյանքի կոչել ԵՄ-ի և 6 հետխորհրդային երկրների քաղաքական և տնտեսական ինտեգրացիան: Այդ երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:


Լավրովը կոշտ մեսիջ է հղում Արևմուտքին, որը սանիտարական կորդոն կամ բուֆերային գոտի է ստեղծում ՌԴ-ի սահմանների երկայնքով և ցանկանում է սահմանափակել Մոսկվայի քաղաքական, տնտեսական, հումանիտար ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում:


Լավրովն Արևելյան գործընկերությունը դիտարկում է ավելի շատ որպես գեոպոլիտիկ նախագիծ՝ ՌԴ-ն զսպելու ռազմավարություն, քան տնտեսական կամ այլ տիպի ինտեգրացիոն պլատֆորմ:


Եթե դիտարկենք, թե որ երկրներն են անդամակցում Արևելյան գործընկերությանը, ապա պարզ է դառնում, որ դրանց հիմնական մասը ՌԴ-ին սահմանակից երկրներն են կամ Հայաստանի ու Բելառուսի պարագայում Մոսկվայի ռազմավարական դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ:


Մոսկվան այս նախագիծն ընկալում է, որպես Արևմուտքի փորձ դուրս բերել այդ երկրները ՌԴ-ի ազդեցության գոտուց ու դրանք վերածել հակառուսական պլացդարմների: Ուկրաինայում և Վրաստանում ժամանակին տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների հետևանքով այդ երկրները 180 աստիճանով շրջվեցին դեպի ԵՄ, ԱՄՆ, ՆԱՏՕ և այս պահին նրանք ունեն լարված հարաբերություններ Մոսկվայի հետ, իսկ Վրաստանի պարագայում՝ խզված դիվանագիտական հարաբերություններ ՌԴ-ի հետ:


Արևելյան գործընկերությունը կարելի է համարել ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության կամ պլատֆորմի տրամաբանական շարունակություն, որը հակառուսական էներգետիկ-տրանսպորտային նախագծերի կյանքի կոչման լավագույն հարթակն է:


Ինչ վերաբերվում է ՀՀ-ին ու Բելառուսին, ապա այդ երկրները Մոսկվայի ռազմավարական դաշնակիցներ են՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ, իսկ ՀՀ-ում նաև տեղակայված է ռուսական ռազմաբազան և ռուսական զորքերն են ապահովում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունը: Լավրովի մեսիջը պետք է լրջագույնս ընկալվի Երևանում, քանի որ Արևմուտք-ՌԴ սառը պատերազմի պարագայում կրկին անգամ հետխորհրդային տարածքում նոր բաժանարար գծեր են ձևավորվելու ու այդ տարածքում կվերսկսվի proxy war-ը՝ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության համար:


Հետխորհրդային տարածքը այն կարմիր գիծն է, որից այն կողմ Մոսկվան չի զիջելու. դա պետք է հաշվի առնեն թե՛ Արևմուտքում, թե՛ Մոսկվայի ռազմավարական դաշնակիցները՝ Արևելյան գործընկերության մաս կազմող: