24.11.2024
Ապրիլից «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից թռիչքներ կիրականացնի
prev Նախորդ նորություն

ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկն արձագանքել է մամուլում այն հրապարակմանը, թե Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն: Ըստ կառույցի՝ այդ պնդումը մասնագիտական հիմնավորում չունի:


«ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է: Ինչպես նախկինում նշել էինք՝ սխալ է պահուստների վերաբերյալ դատողություն անել մեկ ամսվա փոփոխության տեղեկատվության հիման վրա և պահուստների փոփոխությունը պետք է դիտարկել դինամիկայի կամ տրենդի ներքո՝ ավելի երկար ժամանակահատվածի համար:

Օրինակ, 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ պահուստները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 257 մլն ԱՄՆ դոլարով:

Հոդվածի հեղինակը համեմատություն է անց կացնում 2013 թվականի պահուստների համեմատ, սակայն հայտնի է, որ 2013 թվականի սեպտեմբերին պահուստների 2,430 մլն մակարդակը պայմանավորված էր եվրոբոնդի թողարկմամբ և ռուսական վարկի ներգրավմամբ: Այդ մակարդակը պահպանվել է մի քանի օր, իսկ նույն 2013 թվականի նոյեմբեր ամսին պահուստների թիվը կազմում էին արդեն 2,022 մլն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերվում է նոյեմբեր ամսվա ընթացքում փոփոխությանը նախորդ ամսվա նկատմամբ, ապա նշենք, որ շատ առևտրային կազմակերպություններ տարեվերջին կա՛մ իրենց պարտավորություններն են կատարում, կա՛մ նոր առևտրային հարաբերություններ են ստեղծում, ինչը կարող է ենթադրել փոխանցումների ծավալի աճ: Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստների նվազման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված պետական պարտքի սպասարկումը:

Կարող ենք նաև ավելացնել, որ նման սեզոնային տատանում պատմականորեն տեղի է ունենում նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ արդեն աճի ուղղությամբ:

Ամփոփելով, կարող ենք պնդել, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է: Որպես հիմնավորում դիտարկենք պահուստների չափը վերջին 10 տարվա համար միջին ամսական ցուցանիշով՝ զերծ մնալով ամիս ամսվա վրա կարճաժամկետ տատանումները որպես պահուստի փոփոխություն գնահատական տալուց. բացի այդ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ միջազգային պահուստների մակարդակը նույնպես պատմականորեն բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի՝ նոյեմբերի, համեմատ»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։