Ապրիլից «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից թռիչքներ կիրականացնի
«Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից թռիչքներ կիրականացնի ապրիլից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
Այսպիսով, սա հերթական բյուջետային ավիաընկերությունն է, որ հայաստանյան շուկա է մուտք գործում 2020 թվականից: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, Ryanair ավիաընկերությունը 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան: 2020 թվականի ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:
Ապրիլից շաբաթական երկու անգամ թռիչքներ կիրականացվեն դեպի Վիեննա, Վիլնյուս, իսկ գները բավականին մատչելի.
«Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած, արդեն հնարավոր է ամրագրումներ անել: Տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց, տուրիստական գործակալությունից քաղաքացին չի կարողանա տոմս գնել: Ուղևորը վճարելու է այն ծառայությունների համար, որոնցից ցանկանում է օգտվել՝ սնունդ, ուղեբեռ և այլն», - ասել է Անդրաս Ռադոն:
«Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավարը նշեց, որ շահագործումն իրականացվում է ցածր ծախսերով, բայց ընկերությունն ունի բավական թարմ, ժամանակակից օդանավեր, ինչը շատ կարևոր է ավիաընկերության գործունեության համար: Հեռանկարում ավիաընկերությունը մտադիր է տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնել Հայաստանից: