Արմեն Սարգսյանը սփյուռքին կոչ արեց ներդրումներ անել ոչ միայն Հայաստանում, այլև ՌԴ-ում
Հայաստանը ցանկանում է արտերկրից հայ ներդրողներին ներգրավել Ռուսաստանի տնտեսության մեջ, և շահագրգռված է արհեստական ինտելեկտի բնագավառում ներգրավել ռուսական ներդրումներ: Այս մասին Դոհա ֆորումի շրջանակներում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսական ներդրումների առկայությունը Հայաստանում բավականին նշանակալից է՝ մենք ունենք ռուսական բանկեր, «Գազպրոմ», անհատ ձեռներեցներ, բայց Հայաստանի ապագան պետք է լինի շատ ավելի ուժեղ, քան այսօր: Ռուսաստանի փորձը, մեր կապերը եվրասիական համագործակցության ընդհանուր հարթակում պետք է ոչ միայն Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսք ապահովելու հնարավորություն ստեղծեն, այլև հայկական ներդրումների հոսք դեպի Ռուսաստան: Ես նկատի ունեմ ՝ Հայաստանից, հայկական սփյուռքից Ռուսաստան՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ապրող հայերից: Իմ դերերից մեկն է ոգեշնչել ներդնել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով, իր հերթին Հայաստանը շահագրգռված է ռուսական ներդրումներով արհեստական ինտելեկտի, նոր տեխնոլոգիաների և մաթեմատիկական մոդելների բնագավառներում: