Իշխանությունը, որի լեգիտիմությունը հանգուցված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել, անկախ պատգամավորական մանդատների քանակից: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը: Վարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլեւս չունի: Տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը չի ապահովում այդ քաղաքականության շահառու սոցիալական խմբերի աջակցությունը»,- նշել է նա:
Քոչարյանի խոսքով՝ ակնառու է երկու տրամագծորեն հակառակ ուղղվածության արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երեւակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը.
«Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը եւ թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով: Ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Դա կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից եւ վճռականությունից»:
Երկրորդ նախագահը նշել է, որ 2018-ի ապրիլին տեղի ունեցած եւ իշխանափոխության բերած մասսայական ցույցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, եւ հասարակությանը ժամանակ էր պետք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Եվ ահա, կարծում է Քոչարյանը, էյֆորիան եւ դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, եւ հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձեւավորում է ընթանում:
«Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ եւ ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի եւ գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ: Առավել ակտիվները եւ աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ: Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը: