ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ վերջին 10-15 տարիներին չեն եղել. Հարությունյան
Բանակցություններ չեն կարող լինել, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը: Որպես այդպիսին, ԼՂ հակամարտության վերաբերյալ բանակցություններ վերջին 10-15 տարիների ընթացքում չեն եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Այսօր էլ բանակցություններ չկան, ընդամենը կոշտացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը. Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը սակարկման թեմա չէ, դրանք չեն կարող լինել բանակցությունների թեմա: Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում այն իշխանությունը, որը շեղվել է այդ կուրսից, ապագա չի ունեցել և այդպես լինելու է հետագայում։ Եթե քննարկման նյութը չի բխում Արցախի ու հայ ժողովրդի շահերից, կա՛մ պետք է կտրականապես հրաժարվել բանակցություններից, կա՛մ արժանանալու են նախորդների ճակատագրին ու ստիպված են լինելու հրաժարվել իշխանությունից։ Իսկ հետագան կախված է նրանից, թե ինչպես մեր նախապայմանները կընդունեն Ադրբեջանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի ու Հայաստանի իշանությունների ներկայացուցիչների հանդիպումներում քննարկված փաստաթղթերի սկզբունքներն անընդունելի են Արցախի ժողովրդի ու հայ ժողովրդի համար։