ԲՀԿ-ն կառաջարկի ավելացնել դատարաններում դատավորների թիվը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական մի քանի նախաձեռնություններով, որով առաջարկելու ենք ավելացնել դատարաններում դատավորների թիվը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:
Նա նաև ավելացրեց, որ վստահ է՝ այդ առաջարկը մերժվելու է բյուջեում գումար չկա հիմնավորմամբ:
«Բյուջեում փող չկա դատավոր պահելու համար, բայց չաշխատող դատավորներին անհոգ կյանքի լիազորագիր տալու համար 630 մլն դրամի փող կա՞»,- հարցադրում արեց պատգամավորը:
Պետրոսյանը կանխատեսեց, որ Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանից ևս ասելու են՝ մեզ էլ տվեք այդ արտոնությունը, իսկ եթե չեք տալիս, ուրեմն դա խտրականություն է. «Դրա պատասխանն ո՞վ է տալու»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Հաջորդ նախաձեռնությունը վերաբերելու է գործուղման մեջ գտնվող պատգամավորներին հեռակա կարգով քվեարկելն արգելելուն: Պետրոսյանը նշեց, որ դա անընդունելի մոտեցում է: Ինքը, իհարկե, չի առարկում այն, որ պատգամավորները հարգելի պատճառով են բացակայում նիստերից, սակայն խնդիր է այն, որ այդ պատգամավորները, չմասնակցելով հանձնաժողովներում քննարկումներին, ըստ էության՝ չծանոթանալով հարցերի բովանդակությանը հնարավորոթյուն են ստանում մասնակցել դրանց քվեարկությանը՝ նախքան մեկնելը գրություն թողնելով: