Դատական համակարգը պատրաստ էր սպասարկել օրվա իշխանությանը. Սիմոնյան
Դատական համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, սակայն գործող իշխանությունը հրաժարվել է: Այդ իսկ պատճառով արդարացված չէ ընդդիմադիր մեր գործընկերների այն քննադատությունը, թե իշխանությունը ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմամբ ուզում է ձևավորել իրեն հարմար դատական իշխանություն: Այս մասին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, երկրում առկա է դատական իշխանության խնդիր, որը փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլ հենց նույն ընդդիմությունը: Բայց, նեղսրտեց նա, երբ քայլ է արվում որևէ բան լուծելու, սկսում են շահարկել, թե իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որն իրեն հարմար կլինի.
«Եթե նման քայլի գնալու լինեինք, ապա այդ համակարգն ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար, այն պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները, բայց մենք դրանից հրաժարվել ենք»,- ասաց Սիմոնյանը: Նա նաև ավելացրեց, որ խոսքը չի վերաբերում բոլոր դատավորներին, քանի որ դատական համակարգում էլ կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ:
«Իշխանությունն ուզում է ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ: Այլ կերպ ասած, այս ամենի մեջ որևէ ավել բան չկա ու չի կարող լինել»,- հավելեց նա: