24.09.2026
Լուսանկարը` news.am
prev Նախորդ նորություն

Ինչքան ծիրան եղել է, այդքան արտահանել ենք. Հայաստանի էկոնոմիկայի նախարար

Լուսանկարը` brokers.am
Լուսանկարը` brokers.am

Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների ֆոնին սեպտեմբերի 24-ի կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց շուրջ 4,6 միլիարդ դրամի պետական աջակցություն հատկացնել գյուղմթերք արտահանողներին։


Չնայած արտահանման ընդհանուր ծավալների աննշան՝ 5 տոկոսանոց նվազմանը, Հայաստանը վերաուղղորդում է իր գյուղատնտեսական արտադրանքը դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Ասիա՝ փորձելով նվազեցնել կախվածությունը ավանդական դարձած շուկաներից և խթանելով տեղական մթերումների աճը։


Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացրած տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից արտահանվել է 943 միլիոն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 990 միլիոնի դիմաց։ Հաշվի առնելով հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ճանապարհին առկա սահմանափակումները՝ նախարարն այս ցուցանիշը դրական է գնահատում։


Նա ընդգծել է, որ արտահանման անկում գրանցվել է բացառապես մեկ ուղղությամբ. «Միակ ուղղությունը, որտեղ ունենք հայկական ծագման արտադրանքի էական անկում, Եվրասիական տնտեսական միության շուկան է (պայմնավաորված հիմնականում Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի կիրառած առևտրային սահմանափակումներով): Մնացած մասով դիվերսիֆիկացիան բավականին ակտիվ ընթանում է»։


Մասնավորապես, դեպի ԱՄԷ արտահանումն աճել է մոտ 45 տոկոսով, դեպի Եվրամիություն՝ 70 տոկոսով, իսկ հնդկական շուկայում արձանագրվել է կրկնակի աճ։ Պետական սուբսիդավորման շնորհիվ արտաքին շուկաներ են հասել հազարավոր տոննա լոլիկ, պղպեղ, դեղձ, ինչպես նաև միլիոնավոր լիտր գինի և կոնյակ։


Որպեսզի արտաքին շուկաներում հայկական արտադրանքի հեղինակությունը բարձր մնա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանին իրականացնում է որակի գերխիստ վերահսկողություն:


Արձագանքելով զեկույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ծավալների տատանումները հաճախ կապված են ոչ միայն շուկայական սահմանափակումների, այլև կլիմայական պայմանների և բերքատվության հետ։


Ըստ այդմ նախարար Պապոյանը բերեց ծիրանի օրինակը, որի արտահանումը նախորդ տարվա 40 հազար տոննայից այս տարի հասել է 13 հազար տոննայի։ «Ինչքան ծիրան եղել է, այդքան արտահանել ենք: Եթե լիներ, օրինակ, 30 հազար տոննա ծիրան, իմ կարծիքով 30-ն էլ ամենայն հավանականությամբ կարտահանվեր»,- փաստեց նա։


Փոխվարչապետը միաժամանակ հորդորեց կառավարության գործընկերներին ռազմավարական վերլուծության ենթարկել ոլորտը՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն ծավալային, այլև գնային սիմետրիային: Ըստ նրա՝ պետական աջակցությունը չպետք է լինի մեխանիկական սուբսիդիա, որը խթանում է ոչ մրցունակ ապրանքների արտահանումը, այլ պետք է ինստիտուցիոնալ հենք ստեղծի տեղական մթերման համար:


Նպատակն է ստանալ այնպիսի բարձրորակ ապրանք, որի նկատմամբ արհեստական սահմանափակումները միջազգային շուկաներում ուղղակի սպառողական դժգոհություն կառաջացնեն։ Կառավարության անդամները վստահեցրին, որ գյուղատնտեսական մթերումների պրոցեսը, մասնավորապես դեղձի և մեկնարկող խաղողի սեզոնի մասով, ընթանում է անխափան և ապահովում է հայկական ագրոարդյունաբերության կայուն մրցունակությունը։


 

ՊՆ–ն հաստատեց. պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` armeniatoday.am
24.09.2026
Երևանը հրաժարվում է էժան գազի դիմաց «քաղաքական գին» վճարել. Ալեն Սիմոնյան