ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում ներկայացվեցին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առաջին ինը ամիսների արդյունքները, որոնք ջրերես հանեցին պետական էլեկտրոնային շտեմարանների և ռեզիդենտության ճանաչման լրջագույն բացերը:
Միլիոնավոր քաղաքացիների սպասարկող համակարգը բախվել է երկքաղաքացիների նույնականացման խնդրին, որը գործադիրը նախատեսում է վերջնականապես լուծել սահմանային կետերում բիոմետրիկ համակարգերի և էլեկտրոնային գեյթերի ներդրմամբ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Խարազյանի խոսքով՝ այս պահի դրությամբ համակարգում ընդգրկված է 1 միլիոն 815 հազար շահառու, որոնց մոտ կեսը՝ 850 հազար քաղաքացի, արդեն իսկ ստացել է բժշկական ծառայություններ կամ դեղորայք։ Տարեսկզբից բժշկական հաստատություններին փոխհատուցված գումարը գերազանցել է 150 միլիարդ դրամը, իսկ տարեվերջին, աշնանային սեզոնայնությամբ և խրոնիկ հիվանդությունների սրմամբ պայմանավորված, ակնկալվում է հասնել 200 միլիարդի։
Փոխնախարարն ընդգծեց, որ համակարգի ծանրաբեռնվածությունը կառավարելի է. «Տարեսկզբին առանձին բժիշկների մոտ հերթագրումները հասնում էին մինչև երկու-երեք ամսվա, բայց ներկայումս այդ ժամկետները կրճատվել են և կազմում են առավելագույնը մեկ-երկու շաբաթ»։
Սակայն աննախադեպ ծավալի սպասարկումը բացահայտել է համակարգային խնդիրներ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրաձայնեց երկքաղաքացիների ռեզիդենտության հարցը, երբ անձը ՀՀ սահմանը հատում է տարբեր անձնագրերով, ինչի պատճառով ռեզիդենտները կարող են սխալմամբ զրկվել շահառուի կարգավիճակից, իսկ ոչ ռեզիդենտները՝ օգտվել պետական միջոցներից։
«Մենք պիտի վերջնականապես այդ էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի այլևս ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատ, և մեր քաղաքացին՝ ծառայություն ստացողը, նույնիսկ դա չզգա»,- հայտարարեց փոխվարչապետը՝ հավելելով, որ խնդրի արմատները գալիս են դեռևս 2014 թվականից, երբ ցամաքային սահմանով ելումուտը ոչ միշտ է ամբողջությամբ արտացոլվել բազաներում։
Այս տեխնիկական բացի պատճառով տուժում են նաև այլ խոցելի խմբեր: Ինչպես նկատեց պատգամավոր Արսեն Թորոսյանը, կենսաթոշակառուները և նպաստառուները ստիպված են լինում տարին մեկ անգամ ֆիզիկապես ներկայանալ բանկ՝ երկրում գտնվելու փաստը հաստատելու համար, ինչը պետք է փոխարինվի թվային ավտոմատացված լուծումներով:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին հաստատեց, որ ԱԱԾ-ի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում բազաների արդիականացման ուղղությամբ։ «Մեր տարբեր ուղղություններով բարեփոխումներում ռեզիդենտության բաղադրիչը գնալով ավելի հիմնարար նշանակություն է ունենում, և այստեղ ուղղակի այլընտրանք չկա։ Խոսքը ոչ միայն առողջապահության, այլև առաջիկա ընտրական գործընթացների և քաղաքացիության շնորհման մասին է»,- նշեց նախարարը։
Վերջնական տեխնոլոգիական լուծումը կլինի սահմանային կետերի կահավորումը էլեկտրոնային անցակետերով, որոնք մատնահետքի և անձնագրի չիպի համադրմամբ կնույնականացնեն հենց անձին։
Ամփոփելով քննարկումը՝ Մհեր Գրիգորյանն Առողջապահության նախարարությանը հանձնարարեց տարեվերջին հանրությանը ներկայացնել համակարգի կանխարգելիչ էֆեկտի վերաբերյալ համապարփակ զեկույց: Ըստ նրա՝ փաստը, որ շուրջ 800 հազար քաղաքացի անցել է բժշկական ստուգում և հնարավորություն ստացել կանխելու հիվանդությունների խորացումը, արդեն իսկ այս կարևորագույն բարեփոխման գլխավոր հաջողությունն է: