Հայաստանն իր նորմերը համապատասխանեցնում է ISO միջազգային պահանջներին. Պապոյան
Լուսանկարը` hetq.am
Սեպտեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագրին, որի գլխավոր նպատակն է ազգային նորմերը լիովին համապատասխանեցնել ISO միջազգային պահանջներին:
Այս որոշումը կընդգրկի կենսական նշանակություն ունեցող ոլորտներ՝ սննդի անվտանգությունից մինչև բնապահպանություն՝ նոր հեռանկարներ բացելով տեղական արտադրանքի ու ծառայությունների համար:
Հարցի զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ստանդարտների արդիականացումը բխում է կառավարության ընդհանուր դոկտրինից և կարևոր է ոչ միայն տնտեսության, այլև բոլոր մնացած ոլորտների կայուն զարգացման համար: Գործընթացն իրականացվում է պետական տարբեր մարմինների կողմից ներկայացված հստակ պահանջների և հավաքագրված կարիքների հիման վրա:
«Միջազգային պահանջներին համապատասխանող ստանդարտներ ունենալը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ապրանքներն ու ծառայությունները, կամ որոշակի գործընթացներ, հետագայում որևէ պրոբլեմի առաջ չկանգնեն: Դրանք արդեն իսկ կներդաշնակեն աշխարհում ընդունված լավագույն կանոնների հետ», - իր ելույթում ընդգծել է նախարարը:
Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել և ներդնել կառավարման ISO ստանդարտներ սննդամթերքի անվտանգության աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմինների համար: Փոփոխությունները կվերաբերեն նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտին, որտեղ կներդրվի ջրում որոշակի նյութերի հայտնաբերման մեթոդը սահմանող ազգային ստանդարտ: Բացի այդ, կարդիականացվեն երկրատարածական տվյալների և աշխարհագրական տեղեկատվության կոդավորման մեթոդաբանությունները:
Անդրադառնալով նախագծի իրականացման ժամկետներին և պատասխանելով մշակման տևողության մասին հարցին՝ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ աշխատանքները ժամանակացույցից չեն շեղվի։ Նա հավելել է, որ հաշվի առնելով աշխատանքների ծավալը՝ նախատեսվում է բոլոր ստանդարտների ամբողջական մշակումն ու հանձնումն ավարտել հենց այս տարվա ընթացքում՝ տարեկան ծրագրին համահունչ: