Դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով: Այդ մասին հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
«Կոչ ենք անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝ պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»,-ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Փաստորեն ԱԱԾ կոշտ քննադատության է ենթարկում արևմտյան գրանտակեր կազմակերպություններից մեկի ղեկավարին՝ այդ կերպ պաշտպանելով նաև ԱԱԾ կարևոր ինստիտուտի թե՛ սպաների պատիվը, թե՛ ինստիտուտը, որպես այդպիսին: ԱԱԾ-ն այս անգամ սահմանափակվում է, այսպես ասած, վերջին նախազգուշացումով՝ ապագայում տեղ թողնելով գրանտակեր, սորոսական ցանցի մաս կազմող այլ կազմակերպությունների մասով ավելի խորը տեղեկատվության հրապարակմամբ:
Տարիներ շարունակ սորոսական, արևմտյան, գրանտակեր կազմակերպությունները զբաղվում են թե՛ հայ-ռուսական հարաբերություններին հարվածելով՝ դրանով վտանգելով ՀՀ-ի, Արցախի անվտանգությունը, թե՛ տարբեր ՀԿ-ների անվան տակ տեղեկատվություն հավաքելով երկրի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և այլ իրադարձությունների մասին:
ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը և հարվածել հայ-ռուսական հարաբերություններին նշանակում է ուղիղ հարվածել հայկական պետականությանն ու անվտանգությանը: Տարիներ շարունակ տարբեր արևմտյան գրանտակեր ՀԿ-ներ հարվածի տակ են պահում ՌԴ-ՀՀ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն ու այդ կերպ որոշակի իմաստով կատարում 5-րդ շարասյան գործառույթներ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ գտնվող երկրում հարվածել հայ-ռուսական ռազմական դաշինքին նշանակում է հարվածել ՀՀ անվտանգության հիմքին:
Ինչպես գիտենք, աշխարհի տարբեր հատուկ ծառայություններ, այդ թվում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ЦРУ) օգտագործում են ՀԿ-ները, հիմնադրամները գործակալական ցանց ստեղծելու և երկրի ներքին իրադարձության մասին տեղեկատվություն հավաքագրելու համար:
ԱԱԾ-ն չպետք է սահմանափակվի միայն մեկ կազմակերպության մասին կոշտ հայտարարարությամբ, այլ պետք է իրականացնի սորոսական ամբողջական ցանցի, ինչպես նաև ՀՀ-ում գործող տասնյակների հասնող այլ ՀԿ-ների լյուստրացիա և եթե առկա է Հայաստանի ազզային անվտանգության համար սպառնալիք այդ կազմակերպությունների կողմից՝ օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկի դրանց անդամներին ու բացահայտի նրանց իրական նպատակները:
ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ Սորոսի հիմնադրամը սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի համար:
ՀԿ-ների լյուստրացիան իհարկե չպետք է վերածվի, այսպես կոչված, վհուկների որսի կամ PR ակցիայի, այլ պետք է ունենա հստակ նպատակներ ու իրականացվի ՀՀ օրենսդրության համաձայն:
Եթե ՀԿ-ները զբաղվում են քաղաքացիական հասարակության գործառույթների մեջ մտնող գործունեությամբ, ապա նրանք պետք է շարունակեն նպաստել դեմոկրատացման գործընթացներին, իսկ եթե նրանք ունեն օտարերկրյա գործակալական ցանցի գործառույթ, ապա դրա մասին պետք է իմանա հանրությունն ու միջոցներ ձեռնարկվեն պետական անվտանգության ապահովման ուղղությամբ: